Իսլանդիան պաշտոնապես հրաժարվել է ԵՄ-ին անդամակցելուց
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Իսլանդիայի իշխանությունները պաշտոնապես հետ են վերցրել ԵՄ-ին երկրի անդամակցելու հայտը, որը ներկայացվել էր 2009 թվականի հուլիսին: Այս մասին երեկ հայտնել է Իսլանդիայի ԱԳՆ-ը: Դրանով իսկ Իսլանդիան դադարել է ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր հանդիսանալուց:
Իսլանդիայի այդ որոշումը չեղյալ է հայտարարում ԵՄ-ի առջև նախկին կառավարության ստանձնած պարտավորությունները: Իսլանդիան դրա հետ մեկտեղ ցանկանում է ամրապնդել ԵՄ-ի հետ համագործակցությունը:
Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել այն ժամանակ, երբ երկիրը գտնվել է տնտեսապես ծանր վիճակում: Այն ժամանակ երկրում կարծել են, թե ԵՄ-ին անդամակցելը երկրի տնտեսության համար կապահովի ավելի մեծ կայունություն ու կկանխի 2008 թվականի նման ճգնաժամերը:
ԵՄ-ին Իսլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թվականին, սակայն 2013 թվականին Իսլանդիայի նոր կառավարությունը կասեցրել է այդ բանակցությունները և որոշել է ԵՄ-ին անդամակցելու հարցը դնել հանրաքվեի: 2014 թվականի փետրվարին Իսլանդիայի խորհրդարանն աջակցություն հայտնեց ԵՄ-ին միանալուց վերջնականապես հրաժարվելու մասին ԱԳՆ-ի նախաձեռնությանը: