«Պարոն Օսկանյան, մի զարմացեք, ինչ ցանել, այն էլ հնձում եք»
Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան հիշում եմ՝ 2006 կամ 2007 թիվն էր: Ես դեռեւս ԱԺ պատգամավոր չէի, իսկ Վարդան Օսկանյանը ԱԳ նախարար էր: Ռումինիայի Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունները անձնական հրավեր էին ուղարկել ինձ մասնակցելու ՆԱՏՕ-ի եւ իրենց համատեղ միջոցառմանը: Այն բացառապես վերաբերում էր Ռումինիա-ՆԱՏՕ հարաբերություններին, գործողությունների ծրագրի իրականացմանը: Թերեւս, Հայաստանից հրավիրվածիս համար այն ավելի շատ ուսուցողական նշանակություն ուներ՝ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որը նոր-նոր էր ստորագրվել Հայաստանի հետ: Մեկ հրավեր էլ ստացել էր Հայաստանի ԱԳՆ-ը: Փաստորեն, Հայաստանից երկու մասնակից պետք է լիներ. ես՝ որպես փորձագետ, եւ մեկը ԱԳՆ-ից:
Երբ գնացի Ռումինիայի դեսպանություն վիզայի համար, երկու ընկերներս (մեկը դեսպանի պաշտոնակատար, մյուսը՝ հյուպատոս) դիմավորեցին ծիծաղը դեմքներին: Մինչ ես բառ կասեի, նրան հարցրեցին. «Ստեփան, ի՞նչ խնդիր կա ձեր եւ ԱԳՆ-ի միջեւ»: Պատասխանեցի՝ «ոչ մի»:
Ապա մի այնպիսի բան հայտնեցին, որիից հետո ականջներիս չէի հավատում. ասացին՝ «Գիտե՞ս, որ ձեր ԱԳՆ-ը քո մասնակցությունը անցանկալի է համարել այդ միջոցառմանը եւ նոտա է հղել մեզ»:
Զարմանքից քար կտրած հարցրեցի. «Եվ դուք ի՞նչ եք պատրաստվում անել»: Դիվանագետ ընկերներս ժպտալով պատասխանեցին. «Պատրաստվում ենք վիզադ արագ ձեւակերպել ու քեզ հանձնել ինքնաթիռթիդ տոմսերը: Ձեր նախարարը տեղը չի բերում, որ սա մեր միջոցառումն է, մեր հրավերն է, Դուք մեր հյուրն եք, եւ մենք ենք որոշում»:
Ռումինիայի դեսպանատնից դուրս եկա տխրած, մեծ ամոթով, որ ինձ պաշտպանել է այլ երկրի արտաքին քաղաքական գերատեսչություն, մինչդեռ իմ սեփական ԱԳՆ-ը փորձել է իմ ճանապարհը փակել…. Ես գնացի Բուխարեստ, ինձ փառահեղ դիմավորեցին, ճանապարհեցին, ու այս ամոթի մասին երբեք չպատմեցի: Եւ այժմ չեմ կարող այն չպատմել, երբ նույն Վարդան Օսկանյանը դարձել է իր իսկ դավանած խաղի կանոնի դաժան զոհը… Տխուր եմ, որ իմ երկրում այս արատավոր պահվածքը այդպես էլ չի փոխվել: Բայց գտնում եմ, որ ամեն մեկը, այդ թվում Վարդան Օսկանյանը պետք է վճարեն իրենց մեղքերի համար: Հետեւաբար, պարոն Օսկանյան, մի զարմացեք, ինչ ցանել, այն էլ հնձում եք: Ի դեպ, հանուն արդարության ասեմ, ներկաները ինձ հետ դեռեւս այդպես չեն վերաբերվել, ինչպես Դուք…. դեռեւս…»:
Հիշեցնենք, որ երեկ Վարան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե ՀՀ դեսպանատներից մեկը առարկել է Վարդան Օսկանյանի մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը: