Բելառուսը պատրաստ է հյուրընկալել ԼՂ-ի վերաբերյալ բանակցությունները. Վլադիմիր Մակեյ
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել են Մինսկ:
Երեկ նրանց ընդունել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը: Վերջինս հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բելառուսական կողմը պատրաստ է հյուրընկալել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ բանակցությունները.
«Ես կցանկանայի հաստատել ԼՂ-ի վերաբերյալ խաղաղության բանակցություններն ընդունելու մեր պատրաստակամությունն այն ժամկետում, որը նախատեսված է ԵԱՀԿ-ի համապատասխան որոշումներով: Եթե անհրաժեշտ է, մենք կարող ենք ապահովել նաև բանակցային գործընթացի եզրափակիչ փուլի անցկացման տեղ՝ համապարփակ խաղաղության համաձայնագիր մշակելու համար»:
Բացի այդ, նա ընդգծել է, որ ուրախ է ընդունել Մինսկի խմբի համանախագահներին ու ԼՂ-ի հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Բելառուսի արտգործնախարարը համանախագահների այցը Մինսկ որակել է որպես պատմական.
«Բելառուսը վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ-ի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության ուժեղացմանը, գոյություն ունեցող ու ձգձգվող հակամարտությունների համար խաղաղ որոշումներ գտնելուն՝ ներառյալ Ղարաբաղյան հակամարտությունը:
Մենք պատրաստ ենք նաև ունենալ մեր ներդրումը, ինչպես որ մենք դա արել ենք ուկրաինական ճգնաժամի համատեքստում»: Մակեյը հավելել է, որ բելառուսական կողմը կիսում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների փնտրտուքի հարցում Մինսկի խմբի համանախագահների տեսլականը.
«Բելառուսական կողմն ամբողջովին համաձայն է, որ տվյալ փուլում առաջնահերթ առաջադրանքը (հակամարտող կողմերի) շփման գծի երկայնքով լարվածության նվազեցումն է՝ մարդկային զոհերից խուսափելու համար: Բելառուսը բարձր է գնահատում այն չդադարող ջանքերը, որոնք տվյալ ուղղությամբ գործադրում են ԵԱՀԿ գործող նախագահն ու Մինսկի խմբի համանախագահները:
Այդ ջանքերն առաջնահերթ կարևորություն են ներկայացնում ոչ միայն հակամարտության գոտում անվտանգության վերականգնման տեսանկյունից, այլև բարենպաստ պայմաններ են ստեղծում բարձր մակարդակի շփումների համար համար»:
Բացի այդ, նա հայտարարել է, որ Բելառուսը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև շփումների ինտենսիվացումը. «Բելառուսական կողմը երկու երկրների հետ պահպանում է բարեկամական սերտ հարաբերություններ, ինչն իրենում ներառում է նաև պետության ղեկավարի մակարդակով շփումներ, ինչը կարող է օգտակար լինել խաղաղության գործընթացի առաջխաղացման համար:
Բելառուսի ԱԳՆ-ը հայտնել է, որ հանդիպման ժամանակ համանախագահներն ու անձնական ներկայացուցիչը Մակեյին իրազեկել են հակամարտության գոտում տիրող իրավիճակի ու բանակցային գործընթացի զարգացման մասին: Քննարկվել են հետագա փոխգործակցության հեռանկարները՝ ներառյալ նաև Բելառուսի կողմից կարգավորման գործընթացին հնարավոր աջակցելը: