Բոնդ, եվրո բոնդ
Այս շաբաթվա ամենակարևոր տնտեսական իրադարձությունը, հարկավ, այն էր, որ կառավարությունը պատրաստվում է եվրոբոնդեր թողարկել: Նման քայլի հնարավորության մասին պաշտոնապես հայտարարվել էր հունվարի 30-ին: Բայց կառավարության վերջին նիստից ակնհայտ դարձավ, որ կառավարությունն արդեն դուրս է եկել վերջնագիծ, և եվրոբոնդերի թողարկմանը շատ սպասել պետք չէ:
Եվրաբոնդերի հնարավոր թողարկման մասին Հայաստանում առաջին անգամ խոսվել է 2011թ. հոկտեմբերին: Այդ պահին ոչ պաշտոնական տեղեկատվություն կար, որ իշխանությունները պատրաստվում են եվրապարտատոմսեր թողարկել: Բայց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի պատասխան լրագրողների հարցին, ասաց. «Մենք ֆինանսական միջոցներ ենք ստանում ավելի արտոնյալ պայմաններով, քան կարող ենք ստանալ եվրոբոնդերի դեպքում»: Նա նույնիսկ նշեց, որ կառավարությունն այդ հարցի քննարկմանը կանդրադառնա հինգ տարի հետո: Բայց նախկին վարչապետի հինգ տարին անցավ երկու տարում: Ոչ լրիվ երկու տարում:
Արդեն 2013թ. մայիսին հայտարարվեց, որ կառավարությունը պատրաստվում է արտարժույթով պարտատոմսեր տեղաբաշխել: Ու հենց նույն ամռանն էլ գործընթացը սկսվեց: Հասարակությանն այդպես էլ տեղյակ չպահեցին, թե ինչու արդեն Հայաստանին «ավելի արտոնյալ պայմաններով» վարկ չեն տալիս: Փոխարենը` բացատրեցին, որ վարկը պետք է ռուսական պարտքը մարելու համար: Չորս տարի առաջ մենք ՌԴ-ից 500 մլն դոլար վարկ էինք վերցրել: Թե ինչու էր անհրաժեշտ այդքան հապշտապ մարել 15 տարով վերցված պարտքը, հասարակությանը չբացատրվեց:
Անկեղծության համար պետք է նշել, որ այս հարցում մեր տնտեսական իշխանությունները վստահության որոշակի ռեսուրս ունեն: Հայաստանն իր պարտքի սպասարկման ընթացքում` 1994թ. սկսած, երբեք որևէ պատմության մեջ չի ընկել: Եվ ահա, 2013թ. հոկտեմբերին Հայաստանը մարեց ՌԴ-ի 500 մլն դոլարանոց պարտքը: Եվրոբոնդերի առաջին տեղաբաշխման ընթացքում հաջողվել էր 700 մլն դոլար ներգրավել: Բացատրություններ չտրվեցին, թե ինչ նպատակներով ծախսվեց լրացուցիչ 200 մլն դոլարը:
Այն պահին, երբ տեղաբաշխվեցին եվրապարտատոմսերը, ՀՀ պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 44 տոկոսը: Արտաքին պարտքի մասնաբաժինը կազմում էր 37 տոկոս: Հետագայում պարզվեց, որ վարկային կազմակերպություններին, անհատ ներդրողներին եվրոբոնդերի թողարկման առիթով ուղերձում նշված էր, որ Հայաստանն այդ տարի միանալու է Մաքսային միությանը: Տեղաբաշխումով զբաղված պետական պաշտոնյաների կարծիքով` այդ տեղեկությունը դրական դեր էր խաղացել: Արտարժույթով արժեթղթերի տեղաբաշխման առաջին փորձը դրական գնահատեցին նաև անկախ փորձագետները:
Նրանց կարծիքով` հարցը քաղաքական ենթատեքստ ունի: Կոնկրետ երկրից վերցրած պարտքը միշտ էլ մեծացնում է քաղաքական կապվածությունն ու կախվածությունն այդ երկրից: Մինչդեռ բաժնետոմսերի շուկայից ներգրավված միջոցները հնարավորություն են տալիս հեռու մնալ նման քաղաքական հետևանքներից: Նրանք նաև ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ 6-7 տոկոսը տանելի ցուցանիշ է պարտքի համար: Մյուս դրական փաստն այն է, որ հիմա Հայաստանը բորսայական գնանշում ունեցող արժեթղթեր ունի համաշխարհային ֆինանսական շուկայում: Հետևաբար` թե՛ պետությունը, թե՛ մեր տնտեսվարողները ֆինանսական միջոցներ ներգրավելու տոկոսանիշ ունեն: Ու հիմա արդեն մեր կառավարությունը խոսում է նոր՝ երկրորդ տեղաբաշխման մասին: Խոսում է, բայց, ի տարբերություն առաջինի` հարկ չի համարում հասարակությանը տեղեկացնել, թե որքան գումարի ակնկալիք ունի:
Նախ՝ հետաքրքիր էր այն պաշտոնական բացատրությունը, որ հրապարակվել է, թե ինչու մենք զգացինք նոր եվրոարժեթղթերի կարիք՝ «Տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով»: Ավելի անհույս նախադասություն դժվար թե որևէ մեկը կարդացած լինի: Հետևաբար` դժվար թե որևէ մեկը մարդկային տրամաբանության սահմաններում կարողանա բացատրել, թե ինչ է նշանակում` «Տնտեսության զարգացումների բացասական ազդեցություն»:
Այսինքն` մեր տնտեսությունը վերջին ժամանակներս զարգանում է, զարգանում է` սովորության համաձայն, բայց այդ զարգացումը բացասական ազդեցություններ է թողնում: (Դրան տնտեսագիտության դասագրքերում առաջ ճգնաժամ էին անվանում, բայց հիմա` պարզվում է, ընդամենը ճաշակի հարց է): Պաշտոնապես հայտարարվում է, որ եվրոբոնդերով ակնկալվող գումարն ուղղվելու է բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) փակելու համար: Բայց այս բացատրությունն արդեն ճաշակի հարց չէ, այն ավելի շուտ հավատքի ոլորտի խնդիր է: Մեր 2015թ. բյուջեի պակասուրդը մոտ 284 մլն դոլար է կազմում: Դժվար է հավատալ, որ մեր կառավարությունը կբավարարվի այդքան գումար հայթայթելով: Առաջին փորձի ժամանակ ասացին, որ 500 մլն դոլար էին ուզում:
Ուզեցին ու ստացան 700 մլն դոլար, որից 500-ով ՌԴ պարտքը փակեցին ու չմանրացան մնացած 200 մլն-ի ծախսման մանրամասների մեջ: Բարդ չէ ենթադրելը, որ երկրորդի պարագան էլ նման մի պատմություն է լինելու: Ի վերջո, պակասուրդ ասածը միայն արտաքին պարտքով չէ, որ փակվում է: Բայց դե, նման մանրուքները հավանաբար մեր տնտեսական իշխանություններին չեն հուզում: Կարևորը` փող լինի, նրանք միշտ էլ գիտեն` ինչ անել փողի հետ: