Իշխանության ուղերձները՝ ըստ Ավետիք Իշխանյանի
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ոստիկանությունը պետք է իմանա` ինչպես են շնչում քրեական խմբավորումները, ոչ թե կուսակցությունները:
Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ ըստ Ձեզ՝ ոստիկանապետը չի՞ տիրապետում իրավիճակին, թե՞ համակարգի մաս է կազմում՝ դրա համար չի պայքարում դրանց դեմ, Ավետիք Իշխանյանը հորդորեց այդ հարցով դիմել ոստիկանապետին.
«Ես ուղղակի ասացի փաստ, որ Ոստիկանությունը ոչ թե պետք է զբաղվի քաղաքական կուսակցությունների աշխատանքով, այլ քրեական: Կա՛մ նա չի տիրապետում այդ վիճակին, կա՛մ չի ուզում տիրապետել, ավելին չեմ կարող խորանալ»:
Նա նկատեց, որ Հայաստանում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում. «Անցյալ տարի տեղի ունեցան շատ հետաքրքիր դեպքեր: Այն, ինչի մասին մենք խոսում ենք, ասվեց իշխանական բավականին ազդեցիկ գործչի մակարդակով: Հիշենք քաղաքական գործիչների ծեծերը, երբ իշխանության մակարդակով ասում էին՝ ծեծելը դա Հանրապետական կուսակցության ոճը չէ: Եվ հանկարծ գեներալ Սեյրան Սարոյանն ասաց՝ «բա ես քրֆեի, Շմայսը քրֆեր, հասկացանք, դու ես քրֆել, մենք պետք է այստեղ չափալախեինք»: Այսինքն՝ ասել ես, պետք է դրա փոխարեն մի բան ստանաս: Դա ասվեց բավականին պարզ ձևով՝ իշխանության կողմից:
Հաջորդը, երբ եղավ փետրվարի 12-ին Գագիկ Ծառուկյանի՝ այդ Տրոցկու դատավարությունը, ուշագրավ էր գեներալ Մանվելի վերջին խոսքը Սերժ Սարգսյանին, ասաց՝ ամեն ինչ քո ձեռքին է, ինչ ուզում ես՝ արա՝ չաքուջն էլ, մեխն էլ, նալն էլ: Նա ասաց՝ Ոստիկանությունն էլ է քո ձեռքը, Դատախազությունն էլ է քո ձեռքը, դատարանն էլ, ինչ ուզում ես՝ արա: Եվ, իհարկե, շատ կարևոր էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ասածը, երբ նա ասաց, որ շատ-շատ լուրեր կան, ու ինքը կառավարությանը հանձնարարում է՝ հարկային պարտավորությունները ստուգեն, որովհետև պարզվում է՝ շատ հարկեր չեն վճարվել: Այսինքն՝ նա ասաց այն, ինչ Մուսոլինին միշտ ասել է՝ մեր ընկերներին՝ ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են: Այսինքն՝ քանի դու իմ կողմն ես, կարող ես հարկեր չվճարել, հանցագործություններ անել, և որպես օրինակ՝ կարող ենք ասել իր շրջապատի բազմաթիվ մարդկանց: Այսինքն՝ սա նույնպես շատ կարևոր ուղերձ էր»:
Ըստ իրավապաշտպանի՝ նույնը Ոստիկանության դեպքում է, երբ Հիմնադիր խորհրդարանի անդամներին Գյումրի չթողեցին մտնել, և Ոստիկանությունն ասաց, որ չի պահպանում անվտանգությունը քրեական տարրերից. «Դա նշանակում է՝ կա՛մ Ոստիկանությունը կեղծում է, և այդ քրեական տարրերին իրենք են ուղարկել, կա՛մ եթե իսկապես չի կարող, ուրեմն՝ մենք Ոստիկանություն չունենք, մենք անպաշտպան ենք»: