«Պարոն Ծառուկյանը պետք է պահանջի, որ իր հետ նաև մյուս գործարարները դուրս գան քաղաքականությունից». Պարույր Հայրիկյան

«Ինձ համար արդարացված չէ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքական գործունեությունից դուրս գալու ձևակերպումը, որովհետև ինքը ակտիվ քաղաքական գործունեության մեջ չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից դուրս գալու հայտարարության մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Պ. Հայրիկյանը չգիտի՝ հետագայում ինչ կլինի, բայց հիշեցրեց, որ ինքը բազում անգամներ ասել է, որ ԲՀԿ-ն «գուցե ավելի լավ բան է, քան քաղաքական կազմակերպությունը, կուսակցությունը, բայց կուսակցություն չէ».

«Այնպես որ՝ ես դա Հայաստանի ներքաղաքական կյանքի համար կարևր բան չեմ համարում, բայց քաղաքական դաշտի քաղաքականացման տեսակետից, իհարկե, կարևոր է, բայց թերի քայլ է: Պարոն Ծառուկյանը պետք է պահանջի, որ իր հետ նաև մյուս գործարարները, որոնք իրավունք չունեն լինել քաղաքականության մեջ, նույնպես դուրս գան քաղաքական լծակներից և քաղաքական դիրքերից»:

Հարցին՝ քանի որ արդեն Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ի առաջնորդը չէ, այս նոր ԲՀԿ-ին արդեն որպես քաղաքական կուսակցություն կարո՞ղ եք ընդունել, Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ ինքը կուսակցություն համարում է այն մարդկային հավաքականությունները, որոնք ունեն քաղաքական նպատակադրումներ.

«Ցանկացած մարդկային հավաքականություն կարող է նաև նպատակներ ունենալ, բայց կուսակացությունը նպատակներ ունեցող մարդկային խմբերից նրանով է տարբերվում, որ ունենում է գաղափարախոսություն, ունենում է սկզբունքներ: ԲՀԿ-ն ստեղծված էր Գագիկ Ծառուկյանի փողերով, Գագիկ Ծառուկյանի համար և Գագիկ Ծառուկյանը համարվում էր անփոխարինելի նախագահ բոլորի համար: Հիմա նոր քայլեր պետք է սկսեն անել, ես որևէ բան ասել չեմ կարող, մինչև չկարդամ նրանց նպատակների, ծրագրերի մասին որևէ գրականություն»:

Մեր մյուս հարցին՝ հաշվի առնելով այն, որ հասարակության մեծ մասը տարբեր պատճառներով իրենց հույսը կապում էր ոչ իշխանական եռյակի հետ, հիմա մեծ հիասթափություն է ապրում, ով է պատասխանատու այս իրավիճակի համար՝ իշխանություննե՞րը, թե՞ ոչ իշխանական եռյակի անդամները, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց.

«Հասարակության մոտ առաջացած հիասթափության մասին մի քիչ պատասխանատու է խոսել, բայց, այո՛, ես գիտեմ մարդկանց, որ հույսեր էին կապում, դա իրենց խնդիրն է: Եթե մարդիկ տեսնում են ինչ-որ երկնաքար և ասում են՝ վայ, ինչ լավ է, հիմա արև կլինի, կտաքանան, դա իրենց մեղքն է: Ինչ վերաբերում է խանդավառությանը, ապա մեր կյանքում եղել են այդպիսի խանդավառություններ՝ կար Արկադի Վարդանյան անունով մի արկածախնդիր մարդ, որը ցույցեր էր անում, կար Տիգրան Կարապետյան, որը հեռուստացույցներ էր բաժանում, ու մարդիկ խանդավառված էին: Չի կարելի քաղաքականությունը շփոթել քաղաքական ելույթի հետևանքով առաջ եկած ինչ-որ ակտիվության հետ: Ովքեր Լևոն Տեր-Պետրոսյանից կարող էին ակնկալիքներ ունենալ, ապա նրանք մեղք մարդիկ են, ես նրանց չեմ դատապարտում, ես նրանց խղճում եմ»:

Պ. Հայրիկյանը ոչ իշխանական եռյակի մասին խոսելն ավելորդ է համարում, որովհետև, ըստ նրա՝ նրանք ի սկզբանե դատապարտված էին:

«Եռյակի անդամները իրար հետ որևէ բան չէին ճշտում, գալիս էին հրապարակ ու ամեն մեկը տարբեր բաներ էր խոսում: Մեծ ջանք պետք չէր հասկանալու համար, որ այդ եռյակը ապաքաղաքական «Բարգավաճ Հայաստանով», փախած, դասալիք «առաջին նախագահով» և նրանց հետ մի բան փորձել անող, ճիգեր գործադրող «Ժառանգություն»-ով, որոևէ բանի չեն հասնելու: «Ժառանգությունը» ի սկզբանե երևի ինչ-որ բան զգում էր, դրա համար մեզ հետ փետրվարի 9-ից միաժամանակ պարբեաբար հանդիպումներ էր անցակացնում»,- նշեց ԱԻՄ առաջնորդը:

Տեսանյութեր

Լրահոս