ՀԱԿ պատգամավորը՝ Լ. Տեր-Պետրոսյանի «կոդավորված» ելույթի մասին. «Ես կուզեի` դա չհնչեր…»
Այսօր դաշտը վերադասավորման կարիք ունի, ձևավորվում են նոր խմբավորումներ, ամեն մեկը փորձում է հաստատել իր կայուն տեղն ընդդիմադիր դաշտում: Այս կարծիքին է ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Այսօրվա ասուլիսում նա հայտարարեց, թե պետք է մի կողմ դնել ամբիցիաները, որոնք, իրոք, կան ընդդիմադիր դաշտում, և համախմբվել կոնկերտ նպատակների շուրջ:
Լրագրողներից մեկի հարցին, թե մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո, երբ նա «կոդավորված» մակդիրներով ծաղրեց ու քննադատեց Արամ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Ժիրայր Սէֆիլյանին, Պարույր Հայրիկյանին, ի՞նչ միավորման մասին կարող է լինել խոսքը, նա արդյոք դրանով չայրե՞ց համագործակցության բոլոր կամուրջները դաշտում առկա ընդդիմադիր ուժերի հետ, Լ. Սարգսյանն այսպես պատասխանեց.
«Դուք անուններ եք տալիս, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանը չի հնչեցրել: Լավ, համարենք, որ Դուք ճիշտ եք: Իհարկե, ես վերապահումներով որոշ մարդկանց նկատմամբ, պետք է ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրավունք ուներ որոշակի պրիտենզիաներ ներկայացնելու ընդդիմադիր որոշ քաղաքկաան գործիչների և միավորումների, որոնք շուրջ 3 տարի զբաղված են հիմնականում Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով, փնովելով, աշխատելով նրա դերակատարությունը նսեմացնել, թուլացնել՝ չհասկանալով, որ ընդդիմադիր դաշտը փոշիացնում են: Ես, իհարկե, ինքս անձամբ կուզեի, որ դա չհնչեր, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի հաշվարկները միշտ չէ, որ ես կարող եմ լիարժեք հաշվարկել, գուցե նա դա նպատակային է արել»:
Լ. Սարգսյանը կարծում է՝ այսօր ոչ ոք չի կարող կամուրջներն այրել. «Որովհետև եթե մենք համարենք, որ մենք այլևս եզրեր չունենք համագործակցության, ուրեմն՝ մենք անելիք չունենք քաղաքական դաշտում»:
Նա նաև նշեց, թե Լոն Տեր-Պետրոսյանը պետք է «մի անգամ» պատասխան տար իր նկատմամբ հնչած անբարյացակամ կարծիքներին և հարվածներին, որը նա տարիներ շարունակ լուռ ընդունել է.
«Ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում, ամեն մեկը թող իրեն հաշիվ տա՝ որքանո՞վ է ինքն ազնիվ և ի՞նչ չափով իրավունք ունի վարկաբեկելու այս կամ այն քաղաքական գործչին:
Բոլոր այն քաղաքական գործիչները, որոնց անունները դուք նշեցիք, ըստ էության մեր նորագույն պատմության մեջ չեն հիշատակվելու: Նորագույն պատմության մեջ հիշատակվելու է մի քանի տող, որ Հայաստանը իր անկախությունը ձեռք բերեց Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, և Ղարաբաղյան հաղթանակի մեջ իր մեծագույն դերակատարությունն է ունեցել առաջին հիմնադիր նախագահը: Եթե ուզում են նույն այդ պատմության մեջ իրենք ևս հիշատակվեն, կարծում եմ՝ գոնե այդ ավանդի կեսի չափով պետք է կարողանան ավանդ ունենալ»: