Սրսուռ ու համարժեք

Մեր տնտեսական անդորրը ոչինչ չի խաթարում: Ոչ հունվարի 2-ից Եվրասիական միությանն անդամակցելը: Ոչ հունվարյան հայտնի կեսամսյա արձակուրդներից հետո աշխատանքի գալը: Ոչ ներքին քաղաքական բուռն ու կայծակնային արագությամբ հանգուցալուծված իրադարձությունները: Ոչ հանրահայտ շրջանառության ու շահութահարկերի խորհրդարանական քննարկումներն ու առաջին ընթերցմամբ` մեկի կամ միանգամից երկուսի ընդունումը:

Նույնիսկ ակտիվացած քրեական կյանքն ու գողական ճակատամարտերը ոչ մի ազդակ չեն փոխանցում տնտեսությանը: Տնտեսական կյանքը չի արձագանքում նույնիսկ բազմավաստակ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներին: Մինչդեռ սպասումներն այլ էին: Անցած տարեվերջին ֆինանսական շուկան ցնցվում էր: Նույնիսկ պաշտոնապես հայտարարված տվյալներով` նախատոնական առևտուրը չափազանց համեստ էր: Եվ հենց դա դարձավ անդորրի նախակարապետը: Փորձագետները ենթադրում էին, որ տնտեսական նոր միությանն անդամակցելուց հետո որոշակի ժամանակ կպահանջվի երկկողմ տնտեսական հարաբերությունների հստակեցման համար: Բայց ոչ ոք չէր ենթադրում, որ անգործության ժամանակն այսքան երկար կձգվի: Նոր միությանն անդամակցելու ջատագովները խոստանում էին նոր ու ահռելի՝ 170 մլն բնակչություն ունեցող շուկա: Բոլորին էին խոստանում՝ արտադրողից մինչև վաճառական: Ճիշտ է, այդ պահին կային փորձագիտական կարծիքներ, որ մեր տնտեսությունը չափազանց ամուր է կապակցված ռուսաստանյան տնտեսության հետ, ուստի տարադրամի նկատմամբ մեր ազգային դրամի նվազ արժեզրկումը (նվազ՝ քան ռուսական ռուբլին) հետագայում բացասական հետևանքների կհանգեցնի:

Բայց այդ պահին ո՞վ էր նրանց լսողը: Դրամի անկման կանխումն այդ պահին միանշանակ դրական բնութագրվեց ու ընկալվեց: Միայն հիմա պարզ դարձավ, որ տնտեսական կյանքում միանշանակ դրական կամ բացասական երևույթներ համարյա չկան: Դրամի պակաս արժեզրկումը հայկական արտադրության ապրանքներն ավելի թանկացրեց ու դարձրեց պակաս մրցունակ ռուսական շուկայում: Առաջինն այս մասին խոսեցին գինեգործները` նշելով, որ մեր գինու և կոնյակի վաճառքի ծավալները ՌԴ-ում նվազում են հենց թանկ լինելու պատճառով:

Նրանց ապագայում հավանաբար մյուս արտադրողները կմիանան՝ մինչև գնահատենք իրավիճակն ու ելքեր գտնենք: Բայց նույնիսկ ամենահոռետես փորձագետները չէին կարող ենթադրել, որ տնտեսական նոր միությանն անդամակցելուց հետո մենք բարդագույն խնդիրների առջև կհայտնվենք ամենամեծ ծավալով արտահանվող ապրանքի՝ աշխատուժի հարցում: Տնտեսական նոր միության կազմում հայտնվելուց հետո նոր միայն հասկացանք, որ Ռուսաստանն ավելի խիստ է փակում իր աշխատանքային շուկան մեր արտագնա աշխատուժի դիմաց, քան նախկինում: Նույնիսկ համապատասխան ծառայության ոլորտի ղեկավարի գործուղումը Մոսկվա իրավիճակը չշտկեց: Պաշտոնապես հայտարարվեց, որ այս տարի ՌԴ-ում ավելի քիչ մարդ աշխատանքի հնարավորություն կստանա, քան նախորդ տարիներին: Սա, իհարկե, կարելի է բացատրել ռուսական տնտեսության խորը ճգնաժամով: Բայց այդ ճգնաժամի մասին ամեն ինչ հայտնի էր մինչև ԵՏՄ-ին անդամակցելու մասին քաղաքական որոշում ընդունելը:

Մյուս կողմից` ԵՏՄ անդամակցությունը մեզանում շատերն են համարում այլընտրանքից զուրկ քայլ: Բայց նույնիսկ իրական այլընտրանքից զուրկ Բելառուսն է հաջողացնում տնտեսական դիվիդենտներ ստանալ ստեղծված իրավիճակից: Իսկ մեր տնտեսական պաշտոնական լրատվությունը մի կողմից` արտաքին ապրանքաշրջանառության կրճատում է արձանագրում նույն ԵՏՄ անդամ երկրների հետ:

Մյուս կողմից` հրապարակում տեղեկատվություն, որ այս կամ այն ոլորտի ձեռնարկությունների արտադրանքի արտահանումը Ռուսաստան արգելվել է: Օրինակ` ձկնարդյունաբերության ոլորտի արտահանող մոտ 30 ընկերություններից մոտ մեկ երրորդի արտադրանքի ներմուծումը ՌԴ արգելվել է:

Սովորաբար նման տեղեկատվության հրապարակումից հետո մեր տնտեսական իշխանությունները սիրում են նշել, որ այդ արգելքները ժամանակավոր են, ու թեթև տեխնիկական խնդիրների լուծումից հետո այդ ընկերությունների արտադրանքի արտահանումը կշարունակվի: Եվ սա տրամաբանական է:

Բա հո չէի՞ն ասելու, որ ՌԴ սննդի որակը ստուգող մարմիններն ավելի պրոֆեսիոնալ են, քան մերոնք: Ու, որ նրանք արգելում են ներմուծել ձկնեղեն, որն անարգել վաճառվում է ՀՀ ներքին շուկայում: Սրան զուգահեռ, իհարկե, մեր իշխանություններն անընդմեջ հայտարարում են, որ ԵՏՄ-ին անդամակցելու համար մենք արտոնյալ պայմաններ ունենք: Ունենք առնվազն հինգ տարի: Իբր այդ արտոնյալ ժամանակահատվածում բազում ոլորտներում մաքսային կանոններ չեն փոփոխվելու, ինչը նպաստելու է մեր տնտեսության զարգացմանը:

Բայց դրանք առայժմ միայն խոսքեր են: Խոսքեր, որ հնչում են տնտեսական խորը նինջի պայմաններում: Ու այս ամենը կատարվում է մի իրավիճակում, երբ հիշատակման արժանի միակ տնտեսական լուրը մեր գյուղնախարարի հայտարարությունն էր կարտոֆիլի մասին: Ափսոս, որ հասարակությունն այդպես էլ չպարզեց՝ մեր քաջազարդ գյուղնախարարի արտահայտած մի՞տքն էր ավելի սրսուռ, թե՞ հայ գյուղացու արտադրած կարտոֆիլը: Թե՞ դրանք համարժեք էին իրար:

Տեսանյութեր

Լրահոս