Բաժիններ՝

Ինչո՞ւ է վագրաձին (զեբրը) գծավոր

Կենդաբաններին, առաջին հարյուրամյակը չէ արդեն, տանջում է հարցը, թե ինչո՞ւ են վագրաձիերն էվոլյուցիայի ընթացքում ձեռք բերել իրենց բնորոշ՝ գծավոր գունավորումը: Նոր հետազոտությունները ստիպեցին վերանայել սև և սպիտակ գծերի մասին եղած տեսակետները:

Թե ինչո՞ւ է վագրածին սև ու սպիտակ, այս հարցին կենսաբանները փորձում են պատասխանել դեռևս Դարվինի ժամանակներից: Էվոլյուցիոն տեսակետից գոյություն ունի այդ երևույթի մի քանի բացատրություն: Օրինակ, այդ գունավորմանը վերագրում են պաշտպանական նշանակություն. գծավոր գունավորումը հարձակվելիս շփոթեցնում է գիշատիչներին: Իհարկե, հնարավոր է, որ վագրաձիերի նախնիներին նման գունավորումը նաև փրկել է գիշատիչներից:

Ըստ մեկ այլ վարկածի, գծավոր գունավորումը միմիկրիայի ձև է. այն կենդանուն ավելի աննկատ է դարձնում շրջակա միջավայրի պայմաններում: Բավական վիճելի վարկած է, եթե հաշվի առնենք, որ նման գունավորումով կենդանին կարող է թաքնվել բացառապես կեչուտում, իսկ աֆրիկյան մայրցամաքում կեչի գտնելը նույնքան հավանական է, որքան վագրաձի հանդիպելը Ասիայի որևէ կեչուտում:

Հաջորդ բացատրությունը ենթադրում է այդպիսի գունավորման սոցիալական դերը: Ամեն վագրաձի ունի իրեն հատուկ գծավորությունը, ինչպես մարդկանց դեպքում մատնահետքերն են: Կենդանիները հիշում և ճանաչում են միմյանց իրենց հատուկ և միմյանցից տարբեր նախշերի միջոցով. օրինակ՝ ձագուկը կարող էր հիշել մոր գծավորությունը:

Կարդացեք նաև

Չորրորդ հիպոթեզը կապված է արյունախում միջատների հետ, որոնք, ինչպես պարզվեց վերջերս, միատարր մակերևույթները գերադասում են գծավորներին:

Եվ, վերջապես, վերջին բացատրությունը կապվում է ջերմակարգավորման հետ: Ըստ այս վարկածի՝ կենդանու մարմնի սև և սպիտակ մասերը տարբեր չափով են տաքանում. սևերը՝ ավելի շատ, սպիտակները՝ քիչ: Ջերմաստիճանային տարբերությունը կենդանու շուրջ առաջացնում է օդի հոսքի միկրոշրջանառություն, ինչը վագրաձիուն օգնում է ապրել սավաննայի այրող արևի տակ:

zebr1

Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի թիմը կատարել է վագրաձիու գունավորման և բնակավայրի տարածքային պայմանների փոխադարձ կապի համակարգչային հետազոտություն: Մի կողմից՝ ընտրվել են 29 տարբեր գործոններ, որ նկարագրում էին շրջակա միջավայրը, մյուս կողմից՝ ծրագրի մեջ ներառված էին տարբեր տարածաշրջանների վագրաձիերի գունավորման ձևերը՝ գծերի գույնը, ինտենսիվությունը, երկարությունը և լայնությունը: Հետագա հաշվարկները ցույց են տվել, թե միջավայրի որ պայմաններն առնչություն ունեն գունավորման բնույթի հետ: Ենթադրենք՝ միևնույն տեսակի խոտերով սնվող վագրաձիերի մեջքային գծերը համեմատաբար ավելի լայն են, քան մեկ այլ խմբի մոտ, որը սնվում է այլ տեսակի խոտով: Այդ դեպքում կարելի է ասել, որ կենդանու գունավորությունը կապված է նրա սննդակարգի հետ:

Մաթեմատիկական անալիզի ենթարկելով այնպիսի տվյալները, ինչպիսիք են ցեցե ճանճի տարածվածության տարածքները, գիշատիչների քանակությունը և մի շարք այլ գործոններ, գիտնականները հանգել են այն եզրակացության, որ դրանցից ոչ մեկը չի առնչվում վագրաձիերի գունավորման հետ այնքան, որքան շրջակա միջավայրի ջերմաստիճանը: Որքան բարձր է օդի միջին ջերմաստիճանը, այնքան վառ և լայն են վագրաձիու գծերը, և հակառակը՝ որքան ցածր է ջերմաստիճանը, այնքան գունավորումն ավելի խամրած է, և անգամ մարմնի ոչ բոլոր մասերն են գծավոր: Այդ դեպքում ինչո՞ւ մենք չենք հանդիպում, օրինակ, նման գունավորմամբ անտիլոպների: Ըստ հետազոտության հեղինակների՝ վագրաձիերի մոտ սնունդն ավելի վատ է ճեղքվում, քան տեղաբնակ այլ սմբակավորների մոտ, և այդ համեմատաբար թերի մարսողական համակարգի պատճառով նրանք ստիպված են ավելի շատ ուտել, հետևաբար՝ նաև ավելի շատ ժամանակ անցկացնել արևի տակ: Ահա թե ինչո՛ւ հենց վագրաձիերն ունեն նման գունավորում. նրանք լրացուցիչ սառեցման կարիք ունեն:

Հնարավոր է՝ գծավորությունն իրոք նպաստում է ավելի լավ ջերմակարգավորման՝ օդի միկրոշրջանառության հաշվին: Վագրաձիերն ավելի երկար ժամանակ են անցկացնում բաց տարածություններում, նրանց համար ջերմափոխանակության գործոնն ավելի կարևոր է, քան մյուսները: Իսկ էվոլյուցիոն տեսանկյունից վագրաձիերի գլխավոր թշնամիներ են հանդիսանում ոչ թե առյուծները կամ ցեցե ճանճը, այլ սավաննայի այրող արևը:

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս