Դավութօղլուն Լիսաբոնում այցելել է ASALA-ի վրիժառուների զոհը դարձած թուրք դիվանագետի հիշատակին նվիրված հուշարձան
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Պորտուգալիա այցելած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այցելել է 1982 թվականին ASALA-ի (Լիսաբոնյան հնգյակ՝ Lisbon 5) կողմից Լիսաբոնում սպանված թուրք դիվանագետի հուշարձան, որը կառուցվել է 2013 թվականին:
Դավութօղլուն ծաղկեպսակ է դրել հուշարձանին, աղոթել է նրանց համար, և հայտարարել է, որ ASALA-ի հարձակումների արդյունքում սպանվել են մի շարք դիվանագետներ: Դավութօղլուն հիշեցրել է, որ երբ դեռ Թուրքիայի արտգործնախարար էր, ջանքեր է գործադրել, որպեսզի արտերկրում բացվեն ASALA-ի վրիժառուների զոհը դարձած թուրք դիվանագետների հուշարձաններ:
Նա մանրամասնել է, որ իրենց այդ նախաձեռնության շնորհիվ այդպիսի հուշարձան բացվել է Կանադայում, իսկ ավելի ուշ՝ 2013 թվականի հունիսի 7-ին, այն բացվել է Լիսաբոնում: Դավութօղլուն հայտարարել է, որ այս տարի պլանավորում են պայքարել Հայոց ցեղասպանության մասին պնդումների դեմ, ինչպես նաև պլանավորում են ուշադրություն հրավիրել տասնամյակներ առաջ ASALA-ի ծավալած գործունեության վրա:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին՝ Էրդողանի ցավակցական ուղերձից հետո, Դավութօղլուն հայտարարել էր, որ իրենք չենք ակնկալում, որ հայերը կցավակցեն՝ կապված ASALA-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, Armenian Secret Army for the Liberation of Armenia) կողմից թուրք դիվանագետների սպանության հետ:
Ի դեպ, 2011 թվականի մարտի վերջին թուրքական Taraf թերթը գրել էր, որ 1996 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցած «Սուսուրլուքի վթարի» գործով կասկածյալ Այհան Չարքընը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ.
«Ես կոչ եմ անում բացել «ԱՍԱԼԱ»-ի գործի արխիվները: Եթե դուք դա անեք, ապա կտեսնեք, որ մեր դեսպանների մի մասին սպանել է ոչ թե «ԱՍԱԼԱ»-ն, այլ` Թուրքիայի «խորքային պետությունը»»: