Բաժիններ՝

Լևոն Ջուլֆալակյանն այցելել է Երևանի թիվ 200 հիմնական դպրոց

Երեկ՝ մարտի 3-ին, հունա-հռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի (1986), աշխարհի (1986) և 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն (1988), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի՝ Երևանի N 200 հիմնական դպրոց այցելությամբ մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նոր նախաձեռնությունը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

Ծրագրի իրականացման ընթացքում հայ անվանի մարզիկներն այցելելու են հանրակրթական դպրոցներ՝ հանդիպելու աշակերտների հետ, պատմելու իրենց մարզական կենսագրության, ձեռքբերումների, հաղթանակների մասին: Նրանք կպատասխանեն աշակերտներին հուզող հարցերին, կներկայացնեն մարզաձևերի առանձնահատկությունները:

Երևանի N 200 հիմնական դպրոցի աշակերտները տեսանյութի միջոցով նախ ծանոթացան անվանի մարզիկ Լևոն Ջուլֆալակյանի մարզական ձեռքբերումներին, փայլուն գոտեմարտերին, հաղթական հիշարժան պահերին, այնուհետև հարց-պատասխանի միջոցով հետաքրքիր մանրամասներ իմացան նրա առօրյայից, հետագա ծրագրերից, որպես մարզիչ նրա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկից: Լևոն Ջուլֆալակյանը, շրջայց կատարելով դպրոցում, ծանոթացավ մարզադահլիճի վիճակին, շախմատի կահավորված դասասենյակին:

Ծրագրի մեկնարկի կապակցությամբ Երևանի N 200 հիմնական դպրոց էր այցելել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Նախարարը, ողջունելով ներկաներին ու ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց նրա կարևորությունը, ինչպես առողջ ապրելակերպի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման, այնպես էլ մեր անվանի մարզիկների ճանաչելիության ու նրանց փորձը մատաղ սերունդին փոխանցելու գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս