Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը

Սիրելի հայրենակիցներ,

Տարելիցի առթիվ հերթական անգամ մեր հարգանքի ու վշտակցության տուրքը մատուցելով 2008թ. մարտի 1-ի զոհերի անմար հիշատակին, ցավոք, հերթական անգամ հարկադրված ենք նաեւ արձանագրելու, որ այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու գործը, հակառակ հասարակության, քաղաքական ընդդիմության եւ միջազգային հանրության անդադրում ջանքերին, այդպես էլ մազաչափ անգամ տեղից չի շարժվել։ Հայաստանի ավազակապետական իշխանությունները, բռնապետություններին հատուկ ցինիզմով, չեն էլ թաքցնում, որ թքած ունեն թե՛ սեփական երկրի քաղաքացիների պահանջների, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի օրենսդրական նախաձեռնությունների, եւ թե՛ նույնիսկ միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եւրոմիության ընդունած բանաձեւերի ու հայտարարությունների վրա։

Նման պահվածքով նրանք, ըստ էության, բացեիբաց հայտարարում են` շատ էլ լավ ենք արել, որ մարտի 1-ին ժողովրդին գնդակոծել ենք. պետք լինի, էլի կանենք։ Թող ձեզ զարմանալի չթվա, բայց վարչախմբից այլ բան չէր էլ կարելի սպասել, որովհետեւ եթե նա բացահայտեր իր իսկ հրամանով գործված ոճրագործություններն ու պատժեր մեղավորներին, ապա դրանից հետո իրավապահ մարմինների աշխատակիցներն այլեւս երբեք չէին ենթարկվի նրա հրամաններին, եւ բռնապետությունը պարզապես կփլուզվեր։ Բոլոր բռնապետություններն էլ բնազդաբար ձգտում են մոռացության մատնել իրենց գործած ոճրագործությունները, եւ Հայաստանի ավազակապետական վարչախմբի վարքագիծն այս իմաստով ամենեւին բացառություն չպետք է համարել, եթե նկատի ունենանք այն ահռելի ջանքերը, որոնք վերջինս գործադրում է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունները կոծկելու, պարտակելու եւ հասարակության հիշողությունից իսպառ ջնջելու ուղղությամբ։

Ուստի հասկանալի է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք ո՛չ հոկտեմբերի 27-ի, ո՛չ էլ մարտի 1-ի ոճրագործությունները չեն բացահայտվելու եւ դրանց բուն կատարողներն ու կազմակերպիչները քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու։ Սակայն այս դառն իրողության հաստատումն ամենեւին չի նշանակում, թե հասարակությունն ու ընդդիմադիր ուժերը պետք է հուսահատվեն ու թեւեթափ լինեն դրանից, այլ, ընդհակառակը, պարտավոր են բազմապատկել իրենց ջանքերը` չդադարող զանգվածային միջոցառումների եւ հետեւողական օրենսդրական նախաձեռնությունների միջոցով լիակատար արդարադատության հասնելու նպատակով։

Քանզի մոռանալ, նշանակում է ներել։ Իսկ մոռացված, հետեւաբար, ներված ոճրագործությունը, որպես կանոն, ծնում է նոր ոճրագործություն։ Եթե հայ ժողովուրդը 100 տարի շարունակ չհիշեր իր ազգային մեծագույն ողբերգությունը, ապա այդ իրադարձությունը վաղուց ջնջված կլիներ պատմությունից, եւ Հիտլերը ճիշտ դուրս կգար, երբ հրեաների ցեղասպանությունը ծրագրելիս իր թիմակիցներին ասում էր` թե ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը։

Պետք է հստակորեն գիտակցել հետեւյալ պարզ իրողությունը. որքան էլ ինքնավստահ, որքան էլ ամբարտավան, որքան էլ դաժան` բռնապետությունն անհանգստանում, զայրանում եւ նույնիսկ սարսափում է, երբ նրան հիշեցնում են իր գործած ոճիրներն ու հանցանքները։

Հետեւաբար, երբ հասարակության ոչ մի պահանջ տեղ չի հասնում, իսկ ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տապալվում են, ապա վերջիններիս ձեռքին մնում է միայն մեկ, բայց չափազանց ազդեցիկ զենք, այն է` չմոռանալ եւ գիշերցերեկ հնչեցնել վարչախմբի գործած ոճիրներն ու հանցանքները։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունը նկատի ունենալով, այժմ ես ուզում եմ ձեր առջեւ հանդես գալ հետեւյալ գործնական առաջարկով, այն է` հանրահավաքի մասնակիցների անունից մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր, ինչպես նաեւ Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին պատվիրել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ` այդ օրը ՀՀ պետական տոների եւ հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու համար։

Այժմ այս առաջարկը դնում եմ քվեարկության։ Ովքե՞ր են համաձայն։ Կո՛ղմ` հաշվելն անհնար է։ Դե՛մ` չկա։ Ձեռնպա՛հ` չկա։ Արձանագրում եմ` որոշումն ընդունված է 2015թ. մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի կողմից։

Իհարկե, կասկած չկա, որ Ազգային Ժողովի Հանրապետական մեծամասնությունը, իր սովորության կամ վերեւից իջեցված հրահանգի համաձայն, կտապալի նաեւ ընդդիմության այս նախաձեռնությունը։ Սակայն դա այլեւս որեւէ նշանակություն չունի, քանի որ ժողովուրդը, հանձինս ձեզ, միաձայն որոշմամբ արդեն հռչակել է հիշատակի եւ բողոքի այդ օրը։ Եւ ընդհանրապես, պետք է նկատի ունենալ, որ ազգային տոները, հիշատակի օրերն ու սովորույթները իրականում ոչ թե պետությունը կամ եկեղեցին են սահմանում, այլ ժողովուրդն ինքը։

Որքան էլ սովետական տոտալիտարիզմը փորձեց իր հպատակների վզին փաթաթել սեփական կուռքերի` Լենինի, Ստալինի, Բուդյոննու, Պավլիկ Մորոզովի պաշտամունքը, հայ ժողովուրդը, նախ լռելյայն, ապա աստիճանաբար բացահայտորեն, նախապատվությունը տվեց իր ընտրած հերոսներին` Անդրանիկին, Նժդեհին եւ այլոց։ Խորհրդային վարչակարգը չկարողացավ նաեւ իր ամենակարեւոր պետական տոները` նոյեմբերի 7-ը եւ մայիսի 1-ը պարտադրել հայ ժողովրդին, որի գլխավոր տոները շարունակվեցին մնալ Ծնունդը (հունվարի 1–6) եւ Զատիկը։

Անգամ Քրիստոնեության նման հզորագույն մի ուսմունք ի վիճակի չեղավ հայ ժողովրդի միջից արմատախիլ անել մի շարք հեթանոսական տոներ ու սովորույթներ (Վարդավառ, Տրընդեզ, մատաղ եւ այլն), եւ Հայոց եկեղեցին ստիպված պաշտոնականացրեց դրանք` որոշ չափով, բնականաբար, հարմարեցնելով քրիստոնեական դավանանքին։

Այս ամենը ձեզ կարող է շատ հեռավոր ու վերացական թվալ, ուստի ես կփորձեմ ձեզ ներկայացնել նաեւ այդ երեւույթի ավելի թարմ ու կոնկրետ օրինակներ։ 1967 թվականին Ուջանի բնակչությունը, գաղտնաբար, մեկ գիշերվա ընթացքում, գյուղի հրապարակում կանգնեցրեց Անդրանիկի արձանը` խորհրդային իրականության համար աներեւակայելի ու խելահեղ մի մտահղացում։

Անակնկալի եկած իշխանությունները թեեւ փորձեցին կազմաքանդել արձանը, բայց հանդիպելով գյուղացիների դիմադրությանը, ճարահատյալ հաշտվեցին կատարված փաստի հետ, ինչից հետո Ուջանը դարձավ Հայաստանի ամենահայտնի ուխտատեղիներից մեկը։

Արձանի տեղադրումից մի քանի օր անց անձամբ ես, իմ դասընկեր Անդրանիկ Ալաջաջյանի հետ, Ուջան եմ այցելել մոտոռոլերով։ Հաջորդ օրինակը. ապրիլի 24-ին դեպի Եղեռնի հուշարձան ավանդական քայլերթն ու պսակադրության արարողությունը նախաձեռնել են ոչ թե իշխանությունները, այլ Երեւանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ուսանողական ակումբը», որի կազմակերպած առաջին երթն ու պսակադրությունը տեղի ունեցավ 1967 թվականին, երբ դեռեւս չէր կատարվել անգամ Եղեռնի հուշարձանի պաշտոնական բացումը, որը կայացավ հաջորդ տարի։

Եւս մեկ օրինակ. Այս հրապարակը, որը նախկինում կոչվում էր Թատերական կամ Օպերայի հրապարակ, Ազատության հրապարակ անվանակոչվեց 1988թ. փետրվարյան ցույցերի ու հանրահավաքների ժամանակ, եւ այսօր, կարծեք-թե, ոչ ոք չի վիճարկում այդ անվանումը։ Ուրեմն, քանի որ հանձինս ձեզ՝ ժողովուրդը, ինչպես նախորդ դեպքերում, կայացրել է իր որոշումը, այսուհետեւ մարտի 1-ը «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օրն» է՝ անկախ նրանից, թե այն ընդգրկվե՞լ է պետական տոների եւ հիշատակի օրերի ցանկում, թե ոչ։

* * *

Հարգելի ներկաներ, ելույթիս հաջորդ թեման, որը ես համարում եմ տվյալ պահի ամենակարեւորներից մեկը, «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» հարուցած մտահոգությունն է։ Այդ խնդրին ես անցած ամիս անդրադարձել եմ երկու անգամ («Չորրորդ իշխանություն». 11.02.2015; iLur.am. 11.02.2015; 17.02.2015) եւ նույնիսկ հրապարակային բանավեճ եմ ունեցել Սերժ Սարգսյանի հետ (president.am. 20.02.2015; iLur.am. 21.02.2015)։ Մանրամասների մեջ չմտնելով, որոնք դուք կարող եք գտնել իմ վերոհիշյալ հրապարակումներում, ես այժմ ուզում եմ կենտրոնանալ միայն հռչակագրի ամենավտանգավոր դրույթի` Հայաստանի արտաքին քաղաքականության հերթական կտրուկ շրջադարձի վրա։

Ինչպես հայտնի է, 1990-ական թվականներին Հայաստանի իշխանությունները, սահմանազատվելով երբեմնի պետականազուրկ ազգի ավանդական գաղափարախոսությունից, որդեգրեցին միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ներդաշնակ եւ բացառապես պետության շահերից բխող իրատեսական քաղաքականություն։ Եւ պատահական չէ, որ նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականության բոլոր նվաճումները համընկնում են հենց այդ ժամանակաշրջանին։ Ընդ որում, սա միայն իմ կարծիքը չէ։ Ժամանակին այս ակնհայտ իրողությունը արձանագրել ու գնահատել են ոչ այլ մարդիկ, քան Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ այլք («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. 19.09.1996)։

1998 թվականից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պարտադրանքը։ Միաժամանակ Քոչարյանական վարչախումբը արտաքին քաղաքականության մեջ թույլ տվեց մի ավելի կոպիտ ձախողում. մինչ այդ հակամարտության լիիրավ կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս մղվեց կարգավորման գործընթացից, եւ արցախահայության ինքնորոշման իրավունքի խնդիրը վերածվեց հայ-ադրբեջանական տարածքային վեճի առարկայի։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրով», արդ, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում արդեն դրվում է պահանջատիրության հարցը` իր բոլոր հայտնի բաղադրիչներով. Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում եւ դատապարտում, Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության

մնացյալ վայրերում 1915 թվականին բնակված հայերի հետնորդներին հասանելիք նյութական եւ բարոյական վնասների հատուցում, անհատական եւ համայնքային (եկեղեցապատկան) սեփականությունների վերականգնում, հայերի զանգվածային վերաբնակեցում` իրենց նախնիների հայրենի օջախներում եւ վերջապես` Հայաստանի տարածքի ընդարձակում Սեւրի դաշնագրի եւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գծած սահմանների շրջանակում։ Ես հենց իրատեսությունից-պահանջատիրություն անցումը նկատի ունեի, երբ 1998թ. փետրվարի 3-ի հրաժրականի իմ ուղերձում նշում էի, որ «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված է պետականության հիմնադրույթների… հետ» (ԼՏՊ, «Ընտրանի», Երեւան, 2006, էջ 661)։

Թե ինչպիսի հետեւանքների կարող է հանգեցնել այս կտրուկ շրջադարձը, կարծում եմ, դժվար չէ կանխատեսել։ Հռչակագիրը, եթե ոչ անպայման աղետաբեր կլինի մեզ համար, ապա առնվազն լուրջ խնդիրներ կառաջացնի արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերություններում` որոշակի խոչընդոտներ հարուցելով մասնավոապես հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացներում։ Մտավախություն կա նաեւ, որ խնդրո առարկա անհաշվենկատ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չի շահի միջազգային հանրության համակրանքը, այլեւ կկորցնի անգամ բարեկամ պետությունների աջակցությունը։

Գիտեմ, որ ինձ պես մտածողները քիչ չեն։ Բայց զարմանում եմ, թե ինչու են լռում։ Ո՞ւր են երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի հետեւորդները։ Ինչո՞ւ չեն խոսում։ Միթե՞ վախենում են, որ իրենց թուրքամետի կամ ազգի դավաճանի պիտակ կփակցնեն։ Ինչո՞ւ 1980–1990-ականներին չէին վախենում, երբ ողջ Ղարաբաղ կոմիտեն, Հայոց Համազգային Շարժումը կրծքով ու հպարտությամբ պաշտպանում էին ազգայնական խավարամտությունից դուրս գալու եւ հարցերին պետականության դիտանկյունից վերաբերվելու տեսակետը` համոզված լինելով, որ առողջ ազգայնականության բարձրակետը անկախ պետականության կայացումն է, եւ ուրիշ ոչինչ։ Երբ սփյուռքահայ մեր համախոհներն են լռում, դա ինձ համար միանգամայն հասկանալի է, որովհետեւ նրանց պարագայում այդպիսի տեսակետ արտահայտելը վտանգավոր է։ Նրանցից ոմանք ինձ իրենց համերաշխությունն են հայտնել խորհրդապահական նամակներով, խնդրելով որեւէ դեպքում դրանք չհրապարակել։ Ես բոլորովին մտադրություն չունեմ կշտամբելու այդ մարդկանց, քանի որ նրանց աչքի առջեւ է Հրանտ Դինքի՝ արժանապատիվ ու խիզախ մի անձի տխուր օրինակը, ով իր սկզբունքներին հավատարիմ լինելու պատճառով դարձել էր թե՛ թուրք, թե՛ հայ ազգայնամոլների ատելության թիրախը, մինչեւ որ չնահատակվեց թուրք ոճրագործի ձեռքով եւ չհերոսացվեց ու ձոների չարժանացավ իր իսկ նախկին հայ քննադատների կողմից։

Ի տարբերություն շատ-շատերի, տասնամյակների ընթացքում իմունիտետ ձեռքբերելով, ես քննադատությունից զգուշանալու կամ լրացուցիչ պիտակավորվելու մտավախություն չունեմ, քանզի «քննադատներիս» կողմից արժանացել եմ բոլոր հնարավոր պիտակներին` է՛լ կոսմոպոլիտ, է՛լ պարտվողական, է՛լ հրեա-մասոն (жидо-масон), է՛լ ազգի դավաճան, է՛լ թուրքամետ, է՛լ թուրքասեր, է՛լ նույնիսկ թուրք եւ այլն։ Եւ այս բոլոր օրհնություններն ստացել եմ հետեւյալ մահացու մեղքերիս համար,

– որ իբր տեղյակ չեմ եղել Շուշիի ազատագրմանը, ինչը տեղի է ունեցել ի հեճուկս ինձ.

– որ չեմ զարգացրել 1993–1994 թթ. պատերազմի հաջողությունները` արգելելով գրավել Բաքուն եւ Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրել.

– որ հայկական կողմի հաղթանակած պահին համաձայնել եմ կնքել 1994թ. մայիսի զինադադարը.

– որ Ղարաբաղի հարցի լուծումը հնարավոր եմ համարել միայն խաղաղ բանակցություններում ձեռքբերված բանական փոխզիջումների միջոցով.

– որ հետեւողականորեն ու շարունակաբար հետապնդել եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը.

– որ պնդել ու հիմա էլ պնդում եմ, որ առանց հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հայաստանը բարդություններով հղի մեր տարածաշրջանում տնտեսական զարգացման եւ անվտանգ գոյության հեռանկար չունի.

– որ այսօր էլ, «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը» քննադատելով, խափանում եմ Ծովից-ծով Հայաստանի կերտման համարյա-թե «կպած» գործը։

– Փառք Աստծու, որ քննադատներիս երեւակայությունն առայժմ չի բավականացրել` ինձ մեղադրելու նաեւ Ավարայրի ճակատամարտը տանուլ տալու համար։ Թեկուզ այս միակ դեպքում ես ալիբի ունեմ, քանի որ 451 թվականին այնքան էլ ծնված չեմ եղել, բայց դա նույնպես կարող է չօգնել, որովհետեւ եթե շատ ցանկանան, հեշտությամբ ծննդականս էլ կկեղծեն, եւ Ազգային Ժողովը հատուկ օրենքով կվավերացնի այդ կեղծիքը։

* * *

Սիրելի բարեկամներ,

Հասկանում եմ, որ օրվա խորհրդից բացի, ձեզ ամենահետաքրքրող հարցերն այսօր կապված են Հայաստանի վերջին շրջանի բուռն քաղաքական իրադարձությունների, Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ գործադրված վայրագ հաշվեհարդարի, ընդդիմության հետագա ծրագրերի եւ, ընդհանրապես, ներքաղաքական դաշտում ակնկալվող վերադասավորումների հետ։

Ձեր բնական սպասումը հասկանալով հանդերձ, առայժմ ես զերծ կմնամ այդ հարցերի լուսաբանումից, որովհետեւ իրադարձությունները դեռ այնքան թարմ են, որ երկար մտորումների եւ հիմնավոր վերլուծության պահանջ են առաջացնում։ Հուսով եմ, դուք էլ, ձեր հերթին, ըմբռնումով կմոտենաք իմ քայլին, քաջ գիտենալով, որ ես հապշտապ դատողություններ անելու եւ ոտքի վրա որոշումներ կայացնելու սովորություն չունեմ։

Նույն նկատառումով՝ ընդդիմության դաշտում կրկին միայնակ մնացած Հայ Ազգային Կոնգրեսին ժամանակ է պետք իր հետագա գործունեության մարտավարությունը ճշգրտելու եւ պայքարի շարունակման քաղաքական ռեսուրսները հաշվարկելու համար։ Ըստ այդմ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ առաջիկա երկու ամիսները հագեցած են լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանազան հանրային ծրագրերով՝ Կոնգրեսի ղեկավարությունը որոշել է միառժամանակ, առնվազն մինչեւ ապրիլի 24-ը, զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից։

Ի դեպ, պետք է ավելացնել, որ նշված նկատառումներից բացի, Կոնգրեսի կայացրած այս որոշմամբ նաեւ վաղուց հասունացած մի կարեւոր հարցի լուծման բացառիկ հնարավորություն է ստեղծվում, ինչի մասին ուզում եմ խոսել մի փոքր ավելի մանրամասնորեն։ Նախեւառաջ ձեզ ազնվաբար տեղեկացնում եմ, եթե, իհարկե, դեռ տեղյակ չեք, որ Հայ Ազգային Կոնգրեսին առայժմ չի հաջողվել հասնել իր գլխավոր նպատակներին՝ իշխանափոխությանը եւ ավազակապետության կազմաքանդմանը։

Շատերը դա բացատրում են այն հանգամանքով, որ մենք «խարդախությամբ» սեփականաշնորհել ենք ընդդիմության դաշտը, դրանով խանգարելով մեզանից շատ ավելի ունակ քաղաքական ուժերին ու կարկառուն գործիչներին՝ կարճ ժամանակում իրականացնել այն, ինչ մենք չենք կարողացել անել ավելի քան յոթ տարվա ընթացքում։ Այդ պատճառով նրանք, գուցեեւ իրավացիորեն, իշխանափոխության փոխարեն առաջ են քաշել հրատապ ընդդիմափոխության խնդիրը։

Մեթոդաբանորեն դա սխալ մոտեցում չէ, որովհետեւ եթե ինչ-որ բան խոչընդոտում է հիմնական խնդրի լուծմանը, ուրեմն նախ պետք է վերացնել այդ խոչընդոտը եւ հետո միայն անցնել բուն գործին՝ մանավանդ որ ընդդիմափոխությունը շատ ավելի հեշտ լուծելի խնդիր է, քան իշխանափոխությունը։

Դրա համար ընդամենն անհրաժեշտ է ամենաազնիվ մղումներով եւ բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով գիշեր-ցերեկ հայհոյել, վարկաբեկել, զրպարտել հիմնական ընդդիմությանը, իսպառ կորցնելով մարդկային կերպարանքը՝ ցնծալ ու հրճվել վերջինիս նկատմամբ վարչախմբի կիրառած բռնություններից, եւ քաղաքական դաշտի թվացյալ ամայացման պահին բարձրանալ այս հարթակ ու ժողովրդին տանել իրենց ետեւից, որից հետո նախկին ընդդիմությունը վայրկենապես կչքանա ասպարեզից եւ իշխանափոխությունը, շախմատային լեզվով ասած, կդառնա տեխնիկայի հարց։

Սա, ուրեմն, այդ ուժերի աստեղային ժամն է, որը նրանց վերջապես հնարավորություն է ընձեռում կատարել հայ ժողովրդի փրկության սուրբ առաքելությունը՝ արժանանալով ժամանակակիցների ու սերունդների անսահման երախտագիտությանն ու հավերժ օրհնանքին։ Հայ Ազգային Կոնգրեսը, բնականաբար, ոչ միայն իրավունք չունի ազգին զրկել փրկության այդ եզակի հնարավորությունից, այլեւ պարտավոր է իր ուժերի ներածին չափով նպաստել դրան։

Այդ պատճառով Կոնգրեսը, զանգվածային միջոցառումները շուրջ երկու ամսով հետաձգելուց բացի, սիրահոժար կերպով այդ ուժերին է տրամադրում մարտի 2-ից մինչեւ մարտի 16-ն արտոնված իր բոլոր տասնհինգ հանրահավաքները։ Վստահ եմ, որ իշխանությունները ոչ միայն խոչընդոտներ չեն հարուցի, այլեւ ամեն ինչ կանեն այդ հանրահավաքների բազմամարդությունն ապահովելու համար։

Եւ վերջում, հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար, ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը. Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին եւ Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բեւեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը, եւ շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը։ Կարծում եմ, հասկացողը հասկացավ, իսկ չհասկացողն այս հաղթական երթը շուտով իր աչքով կտեսնի։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ բաբելոնյան աշտարակի այս նոր շինարարները վերջապես մեկտեղվեն ու լիովին բացահայտվեն ժողովրդի առջեւ, որովհետեւ հետագայում այլեւս երբեք նման առիթ չեն ունենա, եւ Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված։

Իսկ այժմ սկսենք մարտի 1-ի զոհերի հիշատակի մեր ավանդական խաղաղ քայլերթը։

Տեսանյութեր

Լրահոս