«Նա, ով գիշեր-ցերեկ մտածում է՝ ոնց պետություն «քշի»՝ մեքենայի փոխարեն, լավ է մտածի, որ պետք է գլխով պատասխան տա»
Այս շաբաթ Ազգային ժողովում քննարկվում էր ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների կողմից հեղինակած՝ «Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը: Ընդդիմությունն իշխանությանն էր մեղադրում կառավարման ճգնաժամի մեջ, իշխանությունն էլ ասում էր՝ ճգնաժամն ընդդիմությունում է: Ի վերջո, այսօր քվեարկության դրվեց նախագիծը, որն այդպես էլ չընդունվեց: Կա՞ իրականում կառավարման ճգնաժամ, և ի՞նչ պետք է անել՝ ճգնաժամից դուրս գալու համար: Այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:
– Տեսնո՞ւմ եք այդ ճգնաժամը, որի մասին խոսվում էր, և ո՞ր հատվածում՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության:
– Բոլորը ճիշտ են և բոլորը միանգամայն սխալ են: Ես կարող եմ հանգիստ փաստել և ապացուցել, որ Հայաստանում պետական կառավարման ճգնաժամը սկսվել է 1991 թվականից և բարեհաջող հասել է 2015 թվական:
– Այսինքն՝ այդ ճգնաժամը կապված չէ՞ վերջին իրադարձությունների հետ:
– Իհարկե՝ ոչ: Այդ իրադարձությունները ցույց են տալիս չիմացողներին, ոչ մասնագետներին, որ մեզ մոտ ճգնաժամ է, իսկ մասնագետները գիտեն, որ մեզ մոտ ճգնաժամը 1991 թվականից է:
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է արվի այդ ճգնաժամից դուրս գալու համար:
– Ասեմ՝ ընդհանրապես ինչպես են լուծում նման խնդիրները. Առաջինը՝ պետք է ունենալ ծրագիր, որը պետք է բաժանված լինի փուլերի, որտեղ, ասենք, եռամսյակային բոլոր ոլորտներում պետք է լինեն գրված միջանկյալ սպասվող արդյունքները, և այդ արդյունքները չհանձնելու դեպքում՝ գլխով պատասխանատուների անուն- ազգանունները: Այսինքն՝ բոլոր ապագա նախարարները պետք է գլխով պատասխան տան, և այդ ազգանունները պետք է հրապարակված լինեն նախապես, որ նա, ով գիշեր-ցերեկ մտածում է՝ ոնց պետություն «քշի»՝ մեքենայի փոխարեն, լավ է մտածի՝ գլխի գալիքը որն է: Այն պահից, երբ Հայաստանում չուզենան պաշտոններ զբաղեցնել, կնշանակի՝ Հայաստանը դզվում է, բայց քանի դեռ ուզում են պաշտոններ զբաղեցնել, ուրեմն՝ սպասեք շարունակությանը: Հաջորդ քայլն այն է, որպեսզի այդ մոտեցման պահանջարկ լինի մեզ մոտ՝ բոլորիս՝ լրագրողների, իմ, մնացածների: Պրոֆեսիոնալի պահանջարկ լինի: Այդ դեպքում կաշխատի պահանջարկ-առաջարկ օրենքը:
Քանի դեռ մենք չունենք նման բան, նման իրականության մեջ չենք կարող հզոր, մրցունակ պետություն ունենալ:
– Նիկոլ Փաշինյանի՝ նախագահին իմպիչմենտի ենթարկելու նախագիծը նույնպես չընդունվեց ԱԺ-ում: Ուշագրավ էր, որ դրան դեմ քվեարկեց նաև ընդդիմադիր ՀԱԿ-ը: Նրանք, որպես հիմնավորում՝ մասնավորապես, նշում էին, թե պատեհ ժամանակ չէ Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու համար: Համաձա՞յն եք այդ հիմնավորումների հետ:
– Այդ ամեն ինչը լավ է՝ սիրուն փաստաթղթեր, ճանաչողություն մարդը կստանա… Ամեն ինչ վատ է, ընդունեցինք, ո՞վ է պատրաստ գլխով պատասխանատու լինել այս կամ այն ոլորտի համար: Ո՞վ՝ անուն-ազգանուն:
Երբ մենք ինքնաթիռ ենք նստում, մենք պատկերացնում ենք, որ այդ ինքնաթիռ քշողներն ինչքան ստուգումներ են անցել, մասնագիտացում են ստացել, և այլն, հիմա իրենք ինքնաթիռ են քշում, որտեղ կարող է 300-400 կյանք իր պրոֆեսիոնալիզմից կախված լինել: Պետությունը միլիոնների կյանքն է:
– Այսինքն՝ եթե չկա նման թեկնածու, ով պատրաստ է գլխով պատասխան տալ…
– Ուրեմն՝ հանգիստ պետք է խորտակվենք ու ոչ մեկից չդժգոհենք: Մենք պետության կառավարմանը շատ թեթև ենք վերաբերվում: Ի՞նչ է նշանակում՝ չստացվեց, պատասխա՛ն տուր, գնա ցմահ բանտարկվի: Քանի ընտանիք քանդվեց, քանի ողբերգություն մենք տեսանք, ո՞վ է պատասխան տալիս: Ընդ որում, այս գործող քաղաքական էլիտայի 95%-ը, անկախ նրանից՝ իշխանությա՞ն մեջ են, թե՞ ընդդիմության, իրենք են պատասխանատու, բայց ի՞նչ է ստացվում՝ հենց դառնում են ընդդիմադիր, ասում են՝ վախ, ինչ վատ է, հետո դառնում են իշխանավոր, ասում են՝ դուք չգիտեք՝ ինչեր է արվում: Հետո՞: Այ, երբ Հայաստանում ազգի կողմից պահանջվելու է գլխով պատասխանատվության ինստիտուտը, այդ ժամանակ լռություն կտիրի Հայաստանում: