Վիճաբանություն ԱԺ-ում. «Ես խնդրում եմ բեսպրեդելի մի վերածեք»
«Շահութահարկի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, համաձայն որի՝ 50 մլրդ դրամ արտահանման դեպքում շահութահարկը 10%-ից նվազեցվում է 2%, այսօր վիճաբանության պատճառ դարձավ Ազգային ժողովում: Կառավարությունն օրինագիծը ներկայացրել է 48-ժամյա ռեժիմով քննարկման համար: Ընդդիմադիր պատգամավորները պնդեցին, որ այս արտոնությունը կնպաստի արտահանման մենաշնորհացմանը:
«Այս 48 ժամն ինչի՞ համար է, այսինքն՝ ունենք այդքան արտահանող, դրա համար ենք շտապո՞ւմ: Եթե մեկ ամիս հետո ընդունվի, ի՞նչ է փոխվում»,- տարակուսեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ բիզնեսը կախվածության մեջ է ընկնելու մեկ կամ երկու գրասենյակներից: Նա պահանջեց հետ վերցնել, 48 ժամը հանել և լսումներ կազմակերպել. «Սա երկրի տնտեսական անվտանգության հետ է կապված: Կա լուրջ մտավախություն»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սա դիտարկում են որպես մենաշնորհացմանը, այս անգամ՝ արտաքին առևտրի մենաշնորհացմանն ուղղված քայլ, որ ապահովելու է գերշահույթներ ոմանց ամար:
«Արտահանման մոնոպոլիացիա առաջին անգամ եմ լսում»,- զարմացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ նման կարգի որոշումները ոչ թե առավելություն են տալիս մեկին, այլ սահմանափակում են մյուսներին. «Դեմ չենք արտոնությանը, բայց ինչո՞ւ դա չանել բոլորի նկատմամբ, կամ խելամիտ շեմ որոշելով: Ստացվում է, որ մյուսների պոտենցիալ շահույթը վերցնում են իրենց»:
ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ այս փոփոխությունը դրական է, եթե արտաքին շուկաներով զբաղվող միջնորդ կազմակերպություններ ձևավորվեն:
ՀԱԿ խմբակցության քատուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ նման նախագիծն այս արագությամբ չի կարելի ընդունել. «Դահլիճն ընդամենն ասում է թըփ-շըփ մի արեք»:
«Որևէ թըփ-շըփի հարց չկա: Մեր հաջորդ լիագումար նիստը լինելու է մարտի վերջին: Մինչև նախագահն էլ ստորագրի, ուժի մեջ մտնի, մայիս-հունիս է ընկնում, իսկ գյուղատնտեսական արտահանումները արդեն սկսված են լինելու: Մեր խնդիրը գյուղատնտեսական արտահանումներին նպաստելն է»,- հայտարարեց ԱԺ փոխփոսնակ Հերմինե Նաղդալյանն ու պնդեց, թե ոչ մի կարևորություն չկա, թե ով է արտահանող անձը:
«ԵՏՄ մտնելով ասում էիք լավ կլինի: Ես Ձեզ շատ եմ հարգում, տիկին Նաղդալյան, բայց Ձեր ասածը հակասում է տնտեսագիտությանը: Փոխեք կամ Ձեզ, կամ տնտեսագիտությունը»,- հակադարձեց Հ. Բագրատյանը:
«Ես խնդրում եմ բեսպրեդելի մի վերածեք»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նաև բարկանալով Նաղդալյանի վրա, որն առանց իր թույլտվության արձագանքեց Բագրատյանի ասածին:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ օրինագիծն այս տեսքով շուկայական հարաբերությունների հետ որևէ աղերս չունի, բայց փոփոխություններ անելով կարող է դառնալ լավ օրենք և նպաստել արտահանմանը: Նա կոչ արեց կառավարությանն ու քաղաքական մեծամասնությանը՝ ընդունել իրենց առաջարկները, որ տեղական արտադրողին աջակցեն:
Ի վերջո Գ.Սահակյանը հայտարարեց, որ անգամ խախտելով օրենքը, այլևս ոչ մեկին վարման կարգով ձայն չի տա ու քվեարկություն անցկացրեց 48-ժամյա ռեժիմով օրինագիծն օրակարգ ընդունելու համար:
Դրանից հետո Սահակյանը փորձեց քվեարկության դնել Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին օրինագիծը, սակայն Լևոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց: