«Պայքարից հետ նահանջ չի դրսևորվել ԲՀԿ-ի կողմից». Արմեն Բադալյան

Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին 168.am-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանի հետ:

– Պարոն Բադալյան, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը և փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելը շատերը համարում են ԲՀԿ առաջնորդի կողմից արված հետքայլ պայքարից: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր Գ.Ծառուկյանի այս քայլի պատճառը:

– Պայքարը միայն հանրահավաքներով չի տեղի ունենում, պայքարը տեղի է ունենում նաև ԱԺ-ում, սոցիալական տարբեր խմբերին աջակցելով, գյուղի, տրանսպորտի խնդիրների, բանակում տիրող իրավիճակի մասին բարձրաձայնելով, կառավարության ծրագիրը քննարկելով և քննադատելով, Հայաստանից դուրս արևմտյան և ռուսական խորհրդարանական հարթակներում սեփական տեսակետն առաջ քաշելով: Այսինքն՝ պայքարը բազմաթիվ ճակատներ ունի, և ես չեմ լսել, որ ԲՀԿ-ն պաշտոնապես հայտնի, որ ինքն այս բոլոր բարձրացրած հարցերն այլևս չի բարձրացնելու և այլևս ակտիվ քաղաքական գործունեություն չի իրականացնելու: Այդ իսկ պատճառով մենք կարող ենք ասել, որ պայքարից հետնահանջ չի դրսևորվել: Ընդամենը՝ մեկ հանրահավաք կոնկրետ մեկ օրվա ընթացքում տեղափոխվել է, և վերջ:

– Եթե դա նահանջ չէ, այդ դեպքում՝ ո՞րն էր հանրահավաքը հետաձգելու պատճառը:

Կարդացեք նաև

– Պատճառն այն էր, որ շատ հնարավոր է՝ այդ հանրահավաքը լիներ անկանխատեսելի և օգտագործվեր իշխանությունների կողմից՝ բռնի գործողություն իրականացնելու համար, որովհետև հանրահավաքն արտոնված չէր քաղաքապետարանի կողմից, ինչն իշխանություններին լեգիտիմ իրավունք է տալիս ուժ կիրառելու այդ հանրահավաքի մասնակիցների և կազմակերպիչների նկատմամբ: Իսկ այն, որ հանրահավաքը կարող էր ոչ ցանկալի շարժում լինել՝ չէր բացառվում, որովհետև հայտնի է, որ հանրահավաքին կարող են մասնակցել ոչ միայն իշխանություններից դժգոհող մարդիկ, այլև իշխանության կողմից ղեկավարվող կառույցների որոշ ներկայացուցիչներ, որոնք կարող են տարբեր տեսակի արկածախնդրական միտումնավոր գործունեություն իրականացնել՝ հրահրելով ոչ ցանկալի բախումներ:

Մինչ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը և փետրվարի 20-ի հանրահավաքի չեղյալ հայտարարելը՝ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Գ. Ծառուկյանը և Ս. Սարգսյանը հանդիպել են և ընդհանուր հայտարարի են եկել: Այս տեղեկությունները հաստատվել են ՀՅԴ անդամների կողմից: ՀՀԿականները հերքել են այդ լուրերը, իսկ ԲՀԿականներն ասում են՝ տեղեկություններ չունեն: Ի՞նչ է կատարվում իրականում, հանդիպումը կայացե՞լ է, թե՞ ոչ: Եթե՝ այո, ինչո՞ւ այդ մասին չեն ուզում խոսել ՀՀԿականները և ԲՀԿականները: Եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ են նման լուրեր տարածում ՀՅԴանդամները:

– Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ այդ ՀՅԴ ներկայացուցիչները ո՞ր պահից սկսած են ձեռնամուխ եղել ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի մամլո խոսնակի դերակատարումն իրականացնելուն, որովհետև, եթե 2 կուսակցությունների առաջնորդները հանդիպեին, այդ մասին պաշտոնապես կհաստատվեր այդ 2 կուսակցությունների համապատասխան գործիչների կողմից, և կներկայացվեր օրակարգը:

Քանի որ այդ երկու կուսակցությունների ներկայացուցիչները պաշտոնական այդ հանդիպման մասին չեն հաստատել, ապա նման հանդիպում պաշտոնապես չի եղել: Իսկ իրականում եղե՞լ է, թե՞ ոչ, դա ոչ ոք չի կարող ասել, դա կարող են ասել միայն այն մարդիկ, որոնք հանդիպել են:

– Հնարավո՞ր է, որ ոչ պաշտոնական հանդիպում է եղել:

– Աշխարհում ամեն ինչ էլ հնարավոր է, որևիցե արգելք չկա, երբ այս կամ այն կուսակցության ղեկավարները հանդիպեն կամ չհանդիպեն: Ինչ վերաբերում է մամուլում լուր տարածելուն, ապա, գիտե՞ք ինչ, ես բավականին լավ ծանոթ եմ «քարոզչական հնարքներ» կոչվող տեխնոլոգիաներին և կարող եմ ասել, որ չի բացառվում, որ սա ընդամենը քարոզչական հնարք է: Քանի դեռ դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չկա կուսակցությունների պաշտոնական ներկայացուցիչների կողմից, այս հանդիպման մեկնաբանությունն ավելորդ է:

– Պարոն Բադալյան, եթե պաշտոնական հանդիպում չի եղել, ու չեն ուզում հրապարակել այդ մասին, ինչո՞ւ են Դաշնակցության անդամներն այդ մասին խոսում, ի՞նչ նպատակ են հետապնդում:

– Հարցրեք իրենց, չեմ կարող ասել՝ ինչ նպատակ են հետապնդում, այդ մասին կարող են խոսել միայն ՀՅԴ ներկայացուցիչները:

– Առաջիկայում ներքաղաքական ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել:

– Այն, ինչ եղել է նախորդ տարի, նախանցյալ տարի և դրանից առաջ: Այսինքն՝ Հանրապետական կուսակցությունն իր քաղաքական և տնտեսական կուրսն առաջ կտանի, ընդդիմությունն էլ, ինչպես միշտ, կքննադատի իշխանությունների կողմից վարվող սոցիալ-տնտեսական, արտաքին և այլ քաղաքականությունները:

– Այսինքն՝ բուռն զարգացումներ չե՞ն լինի՝ հանրահավաքներ, հեղափոխություն…

– Հանրահավաքների մասին արդեն խոսք կա, որովհետև քաղաքապետարանն արդեն արտոնել է ՀԱԿ-ի այս տարվա մարտի 1-ի հանրահավաքը, և այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա: Չի բացառվում, որ լինեն հանրահավաքներ այլ ուժերի կողմից: Որևիցե խնդիր այստեղ չկա, բայց այստեղ հանրահավաքներով չի ամեն ինչ որոշվում, և իշխանափոխությունը հանրահավաքներով տեղի չի ունենում: Ինչպես Ուկրաինայում էր՝ Մայդանում հավաքված մարդիկ չէին, որ իշխանափոխություն արեցին, այլ իշխանափոխություն արեցին Արևմուտքում, որի ծրագիրն իրականացրեցին Մայդանում եղած մարդիկ: Այսինքն՝ հեղափոխությունը ոչ թե հենց այնպես որոշվում է, որ պետք է վաղը հեղափոխություն անենք, այլ դրա համար մի շարք պայմաններ են անհրաժեշտ, առաջին հերթին՝ աշխարհագրական կենտրոնների, այս դեպքում՝ Ռուսաստանի ղեկավարության պետպատվերը, դրանից հետո Հայաստանում կարող է, այսպես ասած, հեղափոխություն լինել: Քանի դեռ այդ պետպատվերը չկա, հեղափոխության մասին խոսելն ուղղակի անիմաստ է:

Հետո էլ պարտադիր չէ, որ իշխանություն փոխվի միայն հեղափոխությամբ, իշխանությունը կարող է փոխվել լրիվ այլ գործողությունների արդյունքում:

– Օրինակ, արտահերթ ընտրությունների միջոցո՞վ:

– Կլինի արտահերթ թե հերթական ընտրություններով, դա էական չէ: Դա կախված է նրանից, թե Հայաստանի քաղաքական ուժերը՝ եռյակը, որքանով ադեկվատ կլինի աշխարհագրական կենտրոնների հետ հարաբերություններում և որքանով ադեկվատ քաղաքականություն կիրականացնի այդ կենտրոնների հետ:

– Այսինքն՝ ամեն ինչ կախված է արտաքին ուժերի՞ց:

– Հիմնականում՝ արտաքին, ինչ-որ չափով էլ՝ ներքին: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը բավական իջել է, և արտաքին քաղաքական կենտրոնների ազդեցությունը Հայաստանում իշխանությունների ձևավորման գործընթացի վրա բավականին մեծացել է:

 

Տեսանյութեր

Լրահոս