Ինչո՞ւ է Օբամայի վարչակարգը կրճատում Հայաստանին տրվող օգնության ծավալը

Օբամա-Բայդեն վարչակարգը Կոնգրեսին է ներկայացրել 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որով կոչ է արվում կրճատել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին ԱՄՆ-ի ցուցաբերած տնտեսական օգնության ծավալը: Միևնույն ժամանակ պահպանվում է երկու երկրների համար նախատեսված ռազմական օգնության ծավալը: Մասնավորապես, եթե Կոնգրեսը հավանության արժանացնի 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, ապա Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության ծավալը կկազմի 18 մլն 360.000 դոլար:

Դա օգնության ռեկորդային ցածր ցուցանիշ է՝ սկսած Հայաստանի՝ անկախության ձեռքբերումից: Սպիտակ տան առաջարկն ավելի քան 2 միլիոն դոլարով պակաս է՝ համեմատած 2014 ֆինանսական տարվա ցուցանիշի հետ, և կրկնակի պակաս է այն 40 միլիոն դոլար գումարից, որը պահանջում էին հայամետ կոնգրեսականներն ու ԱՄՆ Հայ դատի հանձնախումը՝ ANCA-ն: 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագծի հաստատման դեպքում Հայաստանը Տնտեսական աջակցության հիմնադրամի կողմից կստանա 18 մլն 360.000 դոլար, Ադրբեջանը՝ 7 մլն 978.000 դոլար, իսկ Վրաստանը՝ 50 մլն 552.000 դոլար: Հայաստանին և Ադրբեջանին հատկացվելիք Օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը կազմելու է 1.7-ական միլիոն դոլար:

Միջազգային ռազմական կրթության ու դասընթացների համար Հայաստանն ու Ադրբեջանը կստանան ևս 600.000-ական դոլար, իսկ Վրաստանը՝ 2.2 միլիոն դոլար: Թմրանյութերի նկատմամբ միջազգային վերահսկողության և իրավակարգի աջակցման համար Հայաստանը ստանալու է 1.7 միլիոն դոլար, Ադրբեջանը՝ 800.000 դոլար, իսկ Վրաստանը՝ 3.5 միլիոն դոլար: ԱՄՆ բյուջեի նախագծում որևէ բան նշված չէ Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության մասին, թեև վերջին մի քանի տարիներին USAID-ն այդ նպատակով տարեկան հատկացրել է 2 միլիոն դոլար:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը «168 Ժամի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց Օբամայի վարչակազմի այն ցանկության առնչությամբ, համաձայն որի՝ ռազմական օգնություն է նախատեսվում նաև Ադրբեջանի զինված ուժերին՝ չնայած Ադրբեջանի կողմից սահմանային ագրեսիայի հերթական ալիքին: Թեև, ըստ նրա, ԱՄՆ-ը փորձել է պահպանել հավասարակշռությունը հակամարտող երկրների միջև: Առաջիկա ամիսների ընթացքում ANCA-ն աշխատելու է մեծացնել աջակցության համար նախանշված գումարը: Արամ Համբարյանը հերքեց այն տեղեկությունները, թե Օբամայի վարչակազմը կրճատել է Հայաստանին ուղղված ֆինանսավորումը և վերացրել ԼՂ-ին տրվող ֆինանսավորումը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պատճառով: Նրա համոզմամբ` սա ընդհանուր միտում է:

«Օբամայի վարչակազմը կրճատում է ֆինանսավորումն աշխարհի այդ կեսի` հետսովետական երկրների համար: Հայաստանը պարզապես հետևում է այս միտումին: Սա է պատճառը»,- ասաց Համբարյանը` շարունակելով, որ Հայաստան-ԱՄՆ առևտրային հարաբերությունները պետք է խորանան, ամրագրվեն համաձայնագրերով: «Մենք պայքարելու ենք դրա համար: Ամեն ինչի համար պետք է կռվենք ու պայքարենք: Մենք գիտենք՝ նաև ապագայում շատ ավելի կարևոր է լինելու առևտուրը Հայաստանի համար»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ է ԱՄՆ-ի կողմից պահպանվում Վրաստանին հատկացվելիք ֆինանսավորման ծավալը, Համբարյանը պատասխանեց, որ Վրաստանին տրվում է շատ ավելի մեծ աջակցություն՝ իր աշխարհաքաղաքական ուղղվածության համար: Հայաստանի համար իրական արժեքը, նրա խոսքով, այդ մի քանի միլիոն դոլարը չէ: «Հիշո՞ւմ եք դեսպան Միլզի ելույթը ԱՄՆ Սենատում:

Նա խոսեց Սենատի առջև` ընդգծելով Հայաստան-ԱՄՆ առևտրային հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին: TIFA համաձայնագրի մասին խոսեց, այս համաձայնագիրը, մեր կարծիքով, պետք է 20, 10 տարի առաջ վավերացվեր, բայց այսօր ևս ուշ չէ: «Որոտանի» գործարքը ևս ամբողջացված է, մենք կցանկանանք այլ ներդրումներ ևս տեսնել Հայաստան-ԱՄՆ ապագա հարաբերություններում: Մենք հասկանում ենք, որ այդ գործարքն ավարտին հասցնելու համար կա որոշակի ընթացակարգ, բայց սա կլինի շատ ավելի մեծ ներդրումների սկիզբը, և Հայաստանը պետք է լինի երկիր, որտեղ շատ երկրներ ներդրումներ կանեն»,- հույս հայտնեց Արամ Համբարյանը:

Տեսանյութեր

Լրահոս