Բաժիններ՝

Հայկական 21 առևտրային բանկերից 14-ը հարկերը նախորդ տարի նվազեցրել են

Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ ՀՀ բանկային համակարգի գործերն անցած տարի այնքան էլ լավ չեն եղել։ Մասնավորապես, նշել էինք, որ բանկերի շահույթը 2014 թվականին 42%-ով նվազել է 2013-ի համեմատ և կազմել շուրջ 27 միլիարդ դրամ (2013-ին բանկային ոլորտի շահույթը 46.3 միլիարդ դրամ էր)։

Բացի այդ, 5 առևտրային բանկեր 2014 թվականը փակել էին վնասով, իսկ 7-ի շահույթը նվազել էր։

ՀՀ ֆինանսների նախարարության հարկային ծառայությունն արդեն հրապարակել է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը, որտեղից նույնպես երևում է, որ բանկերի գործերը լավ չեն եղել։

Ճիշտ է, Հայաստանում գործող բոլոր 21 բանկերն էլ տեղ են զբաղեցրել 1000 խոշոր հարկատուների ցանկում, սակայն նրանց կողմից բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը նվազել է։ Այսպես, 2014 թվականի տվյալներով՝ ՀՀ 21 առևտային բանկերը բյուջեն համալրել են 37 միլիարդ 169.14 միլիոն դրամով, ինչը 372 միլիոնով կամ 1 տոկոսով ցածր է նախորդ տարվա՝ 2013 թվականի ցուցանիշից։

Ուշագրավ է, որ հարկերի նվազում արձանագրել են բանկերի մեծ մասը։ 21 առևտրային բանկերից 14-ը հարկերը նվազեցրել են։ Տոկոսային առումով հարկերն ամենից շատ նվազեցրել է իրանական Մելլաթ բանկը՝ -34.28%։ Առեկսիմբանկի հարկերը նվազել են 31%-ով, Յունիբանկինը՝ 24.28%-ով։

banker-harker111

Հարկերն ամենից մեծ չափով՝ 40.84%-ով, ավելացրել է Ամերիաբանկը՝ հասցնելով 4.2 միլիարդ դրամի։ Հայէկոնոմբանկը նույնպես 2014-ին 35%-ով ավելի շատ հարկ է մուծել, քան 2013-ին։

Ամենախոշոր հարկատու-բանկը 2014 թվականի տվյալներով Ակբա- Կրեդիտ Ագրիկոլ բանկն է՝ 4 միլիարդ 315 միլիոն դրամ։ Երկրորդ տեղում Ամերիաբանկն է՝ 4 միլիարդ 203.2 միլիոն, երրորդը՝ HSBC Հայաստանը` շուրջ 4 միլիարդ դրամ։

Ավելացնենք նաև, որ բանկային համակարգի վճարած հարկերի մեծությունը կազմում է 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի 5.3%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս