Զավեն Տիգրանյան. «Տնտեսական առաջադիմության բանալին նաև բարոյական արժեքներն են»
Տնտեսագետ Զավեն Տիգրանյանը վարչագետի (վարչական իրավունքի մասնագետ) մասնագիտացում է ստացել «Սեն-Ժոզեֆ» միջազգային համալսարանում (Բեյրութ): Նա Լիբանանում այժմ աշխատում է հաշվապահական խորհրդատվության բնագավառում, ինչպես նաև՝ մամուլում հանդես է գալիս տնտեսագիտական վերլուծություններով: Շաբաթը մեկ անգամ Լիբանանի «Ռադիո Սևանով» վարում է տնտեսագիտական հաղորդում: Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին «168 Ժամը» հարցազրույց ունեցավ Զավեն Տիգրանյանի հետ:
– Պարոն Տիգրանյան, անցյալ տարեվերջը Հայաստանում հատկանշվեց հայկական դրամի արժեզրկմամբ, և տարին սկսեց դրա հետ կապված հարցով՝ ինչպիսի՞ն կլինեն դրամի արժեզրկման հետևանքները՝ մեր հետագա կյանքի վրա: Արդեն երևո՞ւմ են այդ վնասները, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:
– Պետք է խոստովանել և ընդունել, որ դոլարի հանդեպ հայկական դրամի վերջին արժեզրկումից առաջ արդեն իսկ Հայաստանի՝ իբրև նոր անկախացած համարվող երկրի և աշխարհագրական վտանգավոր գոտում գտնվող պետության (որ կանգնած է ադրբեջանական և թուրքական մարտահրավերների դեմ հանդիման) տնտեսությունը շատ փայլուն վիճակում չէր: Այդ դյուրաբեկ տնտեսական իրավիճակն ավելի ծանրացավ վերջին դրամական տագնապի ազդեցությունից և ավելի է ծանրանալու, եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն: Հայկական դրամի՝ ամիսներ առաջ սկսած տագնապը հետևանք է տնտեսական խնդիրների, և, բնականաբար, տագնապի ազդեցությունը բացասական է լինելու:
Առաջին հերթին՝ պետական ոլորտում աճելու է պետական ծախսերի գումարը, և որպեսզի բյուջեն հավասարակշռվի, անհրաժեշտ է լինելու նոր եկամուտների ապահովում, ինչին կառավարությունը հասնելու է հավելյալ գանձումների և քաղաքացու վրա ճնշում գործադրելու միջոցով: Հավասարակշռությունը չապահովելու դեպքում՝ պետության պարտքը սկսելու է ավելանալ, և իշխանությունները նորանոր դժվարությունների դեմ են կանգնելու: Պետության համար բյուջեի հավասարակռությունը պահելու մի այլ տարբերակ կարող է լինել ծախսերի կրճատումը, բայց այս դեպքում պետք է նախատեսել սոցիալական ծառայությունների և օժանդակությունների սահմանափակումներ, ներդրումների անբավարարություն և ժողովրդի կողմից դժգոհության ալիքի բարձրացում:
Ինչ վերաբերում է մարդկանց ապրուստի վրա ազդեցությանը, արդեն զգալի է սղաճի մագլցումը, ապրանքների գների բարձրացումը և մարդկանց գնողունակության նվազումը: Ինչքի և ապրուստի վարձերի գնահատումները հիմնվում են դոլարի արժեքը չվնասելու համար, սակայն ստեղծվում է եկամտի անբավարարություն, որոշ ծախսերից հրաժարվելու պարտադրանք և ստիպողականություն, ինչի հետևանքով թուլանում է տնտեսական գործունեությունը, որոշ հաստատություններ նախընտրելու են դադարեցնել իրենց աշխատանքը՝ բավարար շահ չունենալու պատճառով, ինչին հաջորդելու է գործազրկության սաստկացումը: Արդեն իսկ տեղեկանում ենք, որ Երևանի գլխավոր շուկաներում որոշ նշանավոր հաստատություններ որոշել են փակել իրենց դռները՝ կանխատեսելով, թե չեն կարողանալու վճարել ավելացված վարձերը:
– Ոմանք հուսադրական կողմեր սկսեցին նախանշել դրամի արժեզրկման լույսի ներքո. Դո՞ւք ինչ կասեք:
– Այս բոլոր ժխտական երևույթների կողքին՝ միակ հուսադրական կողմը դրամի արժեզրկման մեջ կարող էր թվալ արտահանումների զարգացումը, բայց այս ոլորտում ևս խոցելի կետեր կան, երբ պարզ է դառնում, որ Հայաստանի արտադրանքն արտաքին շուկաներում մրցակցության չափանիշեր չի ապահովում, և, որ երկիրն անհրաժեշտ կարիք ունի ներմուծելու մանավանդ հիմնական նյութերը: Օրինակ՝ վառելանյութ: Ներմուծումները գերազանցում են արտահանումները, և դրամի արժեզրկումն այս դեպքում նույնպես համեմատաբար նպաստավոր չի լինելու:
– Տարբեր կանխատեսումներով՝ այս տագնապը մի քանի պատճառներ ունի. Դուք որտե՞ղ եք տեսնում տագնապի սկիզբը:
– Տագնապը սկիզբ առավ, երբ Ռուսաստանի՝ ուկրաինական խնդրի հանդեպ վարած քաղաքականության և ռազմական գործողությունների համար ԱՄՆ-ը և եվրոպական երկրները տնտեսական պատժամիջոցներ հաստատեցին նրա դեմ: Այս քայլին անմիջապես հաջորդեց նավթի սակագնի կտրուկ անկումը: Հայտնի է, որ Ռուսաստանը կարևոր եկամուտ էր ապահովում նավթի արտահանումից և հեշտորեն դոլար և եվրո էր ձեռք բերում: Նավթի սակագնի նվազումը կասեցրեց արտարժույթի առատ հոսքը՝ Ռուսաստան: Ռուսաստանը սկսեց իր տարածքից դուրս դոլար հավաքելու շուկաներ որոնել: Իսկ Հայաստանը, որ քաղաքական և տնտեսական ոլորտներում սերտ գործակցություն ունի Ռուսաստանի հետ, հետևաբար՝ նույն ճակատագրին ենթարկվեց: Սերտ կապ գոյություն ունի դրամի և ռուբլու միջև: Երբ ռուբլին արժեզրկվում է, զարմանալի չէ, որ դրամը ևս արժեզրկվում է:
Դժվար չէ տեսնել մեկ այլ երևույթ, ինչը նույնպես պատճառ դարձավ, որ Հայաստանում դոլարը պակասի, և ծնունդ առնի այս տագնապը: Ռուսաստանում աշխատող մեծ թվով հայաստանցիներ, ովքեր մինչ այդ իրենց խնայողություններն էին ուղարկում Հայաստանում բնակվող հարազատներին, ՌԴ-ում ռուբլու արժեզրկումից հետո դեպի Հայաստան իրենց առաքումները խիստ նվազեցրին, նույնիսկ՝ դադարեցրին: Թվերը խոսում են այն մասին, որ արտաքին աշխարհից Հայաստան հասնող փոխանցումների 80%-ն ուղարկվում էր Ռուսաստանից: Անկասկած, ռուբլու անկման և փոխանցումների խիստ նվազեցման կամ դադարեցման լուրերի ազդեցության տակ, քաղաքացիները, հատկապես դրամական սակարաններով հետաքրքրվողները, խուճապի մատնվեցին և իբրև ապահով դրամանիշ դոլարի մեծ պահանջ ստեղծեցին, ինչը պատճառ դարձավ 1 դոլարի դիմաց շուրջ 665 դրամի փոխանակման:
Հարկ է նշել նաև, որ դոլարի պահանջը անակնկալ երևույթ չէր. վերջին ամիսներին, Հայաստանում գործող ռուսական ընկերություններ և բանկեր, Ռուսաստանում ռուբլու անկման և շուկայում դոլարի քանակի հետզհետե նվազման լույսի տակ, Երևանում դոլար էին հավաքում և տեղափոխում Մոսկվա: Այս ճնշող մթնոլորտում, Հայաստանի տարածքում գործող մյուս բոլոր բանկերը որոնց պահուստային գումարները հիմնականում ռուբլու վրա էին հիմնված, ստեղծված իրավիճակից ելնելով, ստիպված իրենց գումարները դոլարի վերածեցին՝ վնասից խուսափելու համար:
Չմոռանանք նաև սպեկուլյացիայի դերը: Տնտեսական հանցագործություն համարվող այդ երևույթը, իր հերթին, խախտեց սակարանների և դրամական շուկայի բնականոն ընթացքը: Իրավիճակն առիթ դարձավ, որ շահագործող կողմերը հետևելով զարգացումներին՝ պատրաստ էին և հարմար պահին օգտվեցին խուճապից և ավելացրին իրենց սեփական շահերը, բայց դա տեղի ունեցավ՝ ի վնաս երկրի դրամի արժեքի անկման:
– Իսկ առաջիկայում ի՞նչ է սպասվում այս ոլորտում, ի՞նչ կանխատեսումներ ունեք:
– Այն շարժառիթները, որ ծնել են այս տագնապը, դեռևս կան, շարժուն են. Ուկրաինայում վիճակը լարված է, նավթի գինը շարունակում է անկում արձանագրել, Եվրոպան անհաշտ աչքով է դիտում Ռուսաստանի վարած քաղաքականությունը: Այս երևույթները շարունակելու են ճնշել ռուբլու և հայկական դրամի վրա, հետևաբար՝ այնքան ժամանակ, քանի դեռ մտահոգիչ պայմաններ կան, հայկական դրամը թանկ է վճարելու դոլարի դիմաց, իսկ տատանումներն ու ելևէջներն էլ կախված են շուկայում դոլարի մատչելիությունից:
– Այսինքն, ըստ Ձեր ներկայացրած տվյալների, 2015-ը տնտեսական հուսադրող տարի չի լինելու:
– Տնտեսական առումով՝ ենթադրում եմ, որ 2015-ը Եվրոպայի, Միջին Արևելքի, Կովկասի և ասիական տարածաշրջանի համար լինելու է դիմանալու և դիմադրելու տարի. առկա են տնտեսական ուժեղ ճնշումներ: Միջազգային ներկա տնտեսական քաղաքականությունը, մանավանդ՝ նավթային ոլորտում, շարունակվում է: Տվյալների վերլուծումը ցույց է տալիս, որ նավթի գնի անկումը ծրագրված է գլխավորապես Ռուսաստանի և Իրանի դեմ, որոնք արտաքին աշխարհում ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքական և տնտեսական շահերին հակառակ միջոցառումներ են իրականացնում: Այս երկու երկրներն իրենց սահմաններից դուրս ազդեցիկ տեղ ունեն և դեռևս ուզում են շարունակել իրենց ձեռք բերած արտաքին նվաճումները՝ շնորհիվ նավթի եկամուտների, ինչի միջոցով հեշտորեն ապահովում էին օտար դրամանիշեր: Կարծես թե ԱՄՆ-ը և իր դաշնակիցներն այս երկու երկրների արտաքին ազդեցությունը կասեցնելու ամենահարմար տնտեսական միջոցը դեռևս համարում են նավթի և գազի գներն անկված վիճակում պահելը, որպեսզի երկու երկրներում դոլարի և եվրոյի մուտքերը նվազեն, և բյուջեների հավասարակշռությունները խախտվեն՝ նվազեցնելով եկամուտները, ինչի պատճառով Ռուսաստանն ու Իրանը ստիպված պիտի լինեն արտաքին աշխարհում կասեցնել իրենց ծախսերը, ինչն իր հերթին՝ նվազեցնելու է նրանց ազդեցությունը:
Նավթի գների նվազումը սկիզբ է առել մոտավորապես 2014թ. կեսին, և վեց ամսվա ընթացքում ավելի քան 50%-ով գնի նվազում է արձանագրվել՝ մեկ տակառի արժեքը 118-ից հասնելով ներկայիս 49 դոլարին: Մյուս կողմից՝ նախատեսվում է, թե եվրոն նույնպես պիտի շարունակի դոլարի դիմաց փոխանակման արժեքը ցածր պահել, և նույնիսկ խոսվում է 1 դոլարի դիմաց 1 եվրոյի փոխանակման մասին, որպեսզի Եվրոպայի արտահանումները հզորանան, և արտադրությունն աշխուժանա:
Ես նախատեսում եմ, որ 2015թ. տնտեսական ճանապարհն ընթանալու է այս մթնոլորտում, ինչը շատ նպաստավոր չի թվում Հայաստանի համար. նավթի գնի ցածր մակարդակը մնայուն ճնշում է առաջացնելու երկրում, և դոլարի պահանջը շարունակվելու է, ինչն իր հերթին՝ կարող է սառեցնել տնտեսական ծրագրերը:
– 2015-ի հունվարի 2-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ: Ինչպե՞ս եք գնահատում այդ անդամակցությունը:
– Համաշխարհայնացումի արդի սկզբունքներին համաձայն՝ անհրաժեշտ է դառնում, որ որևէ երկիր անդամակցի տնտեսական ինչ-որ համախմբման, որպեսզի ավելի ընդարձակի տնտեսական զանազան ոլորտների գործունեությունները, սպառման ավելի լայն շուկաներ գտնի և հեշտորեն կարողանա հավասարակշռել իր գերակայությունները՝ պակասների հետ: Այս առումով տրամաբանական է, որ Հայաստանը մաս կազմի ԵՏՄ-ին՝ նկատի ունենալով երկար տարիների ընթացքում իր նախկին համագործակցությունն ու սերտ պատմական կապերն այդ համախմբման անդամ մյուս երկրների հետ :
Այժմ Հայաստանը կարող է ինքն իրեն համարել տնտեսական ավելի ընդարձակ սահմանների ներքո գտնվող երկիր. երկրի արտադրանքը, նախատեսվում է, որ կհասնի ավելի մեծ թվով սպառողների, հետևաբար՝ նախ այդ արտադրանքի քանակը պիտի ավելանա, և հետո նաև ջանք պիտի տարվի մրցակցության հնարավորությունները զարգացնելու՝ որակավորելով ներկայացված արտադրանքը, որպեսզի այն պահանջարկ առաջացնի, և նախընտրությունը տրվի հենց հայկականին:
Գլխավոր օգուտը Հայաստանը քաղելու է մաքսատուրքերի արտոնություններից, հատկապես նավթի ներմուծման տուրքերից՝ նկատի ունենալով, որ միության մյուս երեք անդամները հարուստ են նավթով: Ուրեմն՝ այս անդամակցությունը կարող է մեղմացնել գների բարձրացումը, եթե, իհարկե, շահագործությանն ընթացք չտրվի: Տարբեր օգուտներ ևս սպասվում են, հատկապես՝ գյուղատնտեսական բերքի հեշտ սպառման, ինչպես նաև՝ միության անդամ երկրների ներսում հայ աշխատավորների անարգել տեղաշարժման և գործ գտնելու մեծ հավանականության առումով:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Չինաստանն ու Հնդկաստանը խիստ հետաքրքրված են և պատրաստակամություն են հայտնել ԵՏՄ-ի հետ համագործակցելու: Իբրև աշխարհի ամենաշատ բնակչության թվեր ունեցող երկրներ, նրանց գործակցությունը ԵՏՄ-ի հետ սպառման լայն շուկա է բացելու անդամ երկրների առջև: Սակայն պետք է ընդունել նաև, որ ԵՏՄ-ն միայն բարիք բերող միություն չէ, և Հայաստանի անդամակցությունը հեշտ աչքով չի դիտվելու ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից: Նրանք բազմիցս են հորդորել Ռուսաստանի հետ սերտ գործակցող երկրներին՝ անջատվելու այդ գործակցությունից և միանալու արևմտյան քաղաքականություն վարող համախմբումների: Սա նշանակում է, որ ԵՏՄ-ի անդամակցության ճանապարհը խոչընդոտներ էլ ունի, բայց առայժմ անդամակցության առավելությունները գերազանցում են բացասական կողմերին:
– Հայաստանի տնտեսական կյանքի Ձեր գնահատականը տալուց հետո, ինչպիսի՞ քայլեր եք առաջարկում այդ վիճակից դուրս գալու, ամուր տնտեսություն ունենալու համար:
– Հայաստանի տնտեսական վիճակը ես նմանեցնում եմ փոքր երեխայի մեծանալուն, որը բնականոն աճից դուրս ենթարկվում է անսովոր ու ծանր դժվարությունների, ինչպիսին է սահմանային վիճակը կամ, ինչպես նշեցի, ազգային դրամը կայուն պահելու տագնապը: Ինչպես երեխայի դեպքում, այս դեպքում էլ նման պայմաններին դիմագրավելու համար բարձր հոգատարություն և աննախադեպ խնամք է անհրաժեշտ՝ տնտեսությունը կանգուն պահելու համար: Այդ խնամքը կառավարության պարտականությունն է, որ, ըստ բոլոր երևացող տվյալների, անբավարար մոտեցում է ցուցաբերում տնտեսական հարցերի հանդեպ:
Սակայն, իմ կարծիքով, պետք չէ նաև չափազանց անհաջող նկատել կառավարության տնտեսական քաղաքականությունը: Նկատի ունենանք, որ երկրի որոշ ոլորտներ գործում են ներքին, տարածաշրջանային և միջազգային քաղաքական «ականահարված» գոտիներում, մյուս կողմից էլ՝ Հայաստանը մի երկիր է, որը զուրկ է բնական հարստություններից, չունի ծովային ճանապարհ, որ արտաքին աշխարհի հետ կապվելու ամենախնայողական ու մատչելի հաղորդակցության միջոցն է, իսկ ցամաքային սահմանների մեծամասնությունն էլ զինվորական տարածքների կարգավիճակ ունի: Բայց դա չի նշանակում, որ երկրում պիտի թուլանա վարչակարգը՝ կառավարման համակարգը: Անհրաժեշտ է, որ վարչական առումով ավելի լայնածավալ որոշումներ գործի դրվեն՝ տնտեսական գործունեությանն արագ ընթացք տալու, սոցիալական հարցերի նկատմամբ հոգատարության մակարդակը բարձրացնելու, եկամուտ ստացողների խավն ընդհանրացնելու, նաև մսխումների և չարաշահումների առաջն առնելու և ապրուստի միջոցներ հոգալու պայմանները հեշտացնելու համար:
Ավելին, չափազանց մտահոգիչ hարցեր կան, որոնք շատ արագ լուծման կարիք ունեն, հակառակ դեպքում՝ «վերքը» ծանրանալու է, և «բուժումը» դատապարտվելու է անհնարինության: Օրինակ, անընդունելի է, որ երկրի բնակչության 1/3-ն աղքատության մեջ ապրի, ժողովրդի միայն 10%-ը բավարար համարի իր վիճակը, իսկ բնակչության կեսն արտահայտվի, թե հազիվ է իր ապրուստը հոգում: Այս ամենն ասելու համար ես դեռևս, այսպես ասած, դրական համարվող տեղեկագրերի վրա եմ հենվում, որովհետև բացասական թվերը չափազանց ահռելի, անցանկալի և մտահոգիչ են: Ըստ, «բացասական» տեղեկագրերի՝ այս ընթացքով գնալու դեպքում, 50 տարի հետո, Հայաստանի ևս 500-600 հազար քաղաքացի գաղթած է լինելու հայրենիքից. մինչդեռ, ավելորդ է նույնիսկ ասել, որ տնտեսական բարգավաճման համար հզոր ուժ է հանդիսանում երկրի ամեն մի քաղաքացին: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ երկրում գործազրկությունը գերազանցում է 30 տոկոսը:
Այս աղետալի վիճակից դուրս գալու համար, առաջին հերթին՝ պետք է ապահովել նվազագույնը 10% տարեկան աճ՝ տնտեսական գործունեությունն աշխուժացնելու, քաղաքացիների մտահոգությունները փարատելու և արմատական բարեկարգման ծրագրեր իրագործելու համար: Բայց այս համեմատությունն իրականացնելը հեշտ չէ՝ առանց խիստ միջոցառումների և «զոհողությունների»:
Իսկ ինչ վերաբերում է առաջարկություններին, ապա, որքան էլ զգացական թվա, այս պահին արդեն երկրի տնտեսական զագացման հանդեպ հայրենասիրական մոտեցումն է, որ փրկելու է երկիրը: Ճիշտ է, որևէ երկիր տնտեսապես հզոր դարձնելու համար ամենօրյա համառ աշխատանք պետք է տարվի բոլոր ոլորտներում առանձին-առանձին, որպեսզի ամեն մի ոլորտի զարգացումը հավասարաչափ և ընդհանուր լինի, բայց նշված խնդիրների լուծման դեպքում հայրենասիրական զգացումի դերը և նկատելի առկայությունը չպետք է բացառել: Տնտեսական խնդիրների հանդեպ հայրենասիրական մոտեցումը, հաստատուն կամքն ու անձնազոհությունն են, որ այս պահին փրկելու են իրավիճակը: Այս հատկությունները հենց ակնառու և շեշտված լինեն, ամբողջ աշխարհի հայերը համագործակցելու են միմյանց հետ, իրար օգնելու են և ուղղվելու են դեպի հաջողություն: Ոմանք հեգնում են տնտեսության զարգացման մեջ զգացական մոտեցումը, բայց ես հավատում եմ, որ բարոյական բարձր արժեքներն առաջադիմության բանալին են: Իսկ հայրենասիրությունն այդ արժեքներից գլխավորն է, և նաև բարոյական արժեքներն են տնտեսական զարգացման բանալին: Օրինակ, որևէ երկրի դրամի հզորություն ցույց է տալիս տվյալ երկրի տնտեսության ամրությունը, բայց Հայաստանի դեպքում հզոր դրամը, սոսկ նյութական արժեդրույթ լինելուց բացի, նաև ազգային արժեք է:
Տնտեսական միջոցառումները քննարկելուց առաջ՝ պետք է նաև նշել, որ, առանց սոցիալական ապահովությունների, իզուր են բոլոր բարեկարգումները, դրանք սխալ ճանապարհով են տանելու երկիրը: Օրինակ, չարաշահության և կաշառակերության մթնոլորտում որևէ տնտեսություն չի կարող բարգավաճել: Պետք է սկսել նման վնասակար սովորույթներն արմատախիլ անելուց:
Կառավարության պարտականությունն է՝ պաշտպանել երկրի ազգային արժեքները՝ սկսած դրամից: Այս առումով պետք է արգելվի դոլարի կասկածելի պահանջը, բացի, իհարկե, առևտրական և տնտեսական նպատակների համար պահանջվող չափից: Այս քայլն արգելելու է սպեկուլյացիան: Պետք է նաև հայկական դրամի վրա տոկոսի նոր համեմատություններ ճշտել ու սահմանել, որը մի կողմից՝ քաջալերելու է խնայողությունները, մյուս կողմից՝ տնտեսական ներդրումների ծառայող վարկերի ստացումը:
Հզոր տնտեսությունը հատկանշվում է միջին խավի առկայությամբ, հետևաբար՝ պետք է խանդավառել փոքր ներդրումները՝ դրանք ուղղելով դեպի երկրի՝ զարգացման կարիք ունեցող ոլորտները: Իսկ իբրև գլխավոր նպատակ պետք է դրվի Հայաստանում առևտրի և ծառայությունների ոլորտների ամրապնդումը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի մեծ դրամագլուխներ հավաքել: Այս առումով Երևանը Կովկասում կարող է դառնալ բանկային, սակարանային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես Դուբայն է Միջին Արևելքում, բայց սրա համար անհրաժեշտ են ենթակառույցներ և մարդկային ուժեր: Այդպիսի կենտրոն դառնալը հնարավոր է, բայց հեշտ աշխատանք չէ, ոչ էլ մոտ ապագայում իրագործելի է, բայց հեռանկարային ծրագիր դարձնելով և ամենօրյա աշխատանքով հնարավոր է այդ ձևով տնտեսական ամուր ապագա և երկրի բարգավաճման մնայուն համակարգ հաստատել:
Այսօր հայությունը նշում է Ցեղասպանության 100-ամյակը. այն, ոգեկոչումից բացի, պետք է դառնա նաև Հայաստան-Սփյուռք նոր համագործակցության սկիզբ, միասնականություն և համերաշխություն հաստատի բոլոր հայերի միջև, ինչը տնտեսական բարգավաճման գրավականն է: Աշխարհով մեկ ցրված հայերը կարող են Հայաստանին տալ այն, ինչ որ տվել են օտար երկրներին և ապացուցել, որ ստեղծագործ լինելն այն մենաշնորհն է, որով հայն առանձնանում է: