Էդվարդ Սանդոյան. «Հայաստանի համար պետք է կանխատեսել ծանրագույն ֆինանսական տարի»

Հարցազրույց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի հետ

– Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտությունը շարունակվում է, և հաշվի առնելով, որ ՌԴ-ն ժամանակավորապես դադարեցրեց իր մասնակցությունը ԵԽ ԽՎ-ում, լարվածությունը սպառնում է տևական լինել: Քաղաքական բախումների հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը, ըստ Ձեզ, դեռ որքա՞ն կշարունակվի ու որքա՞ն կխորանա:

– Մեծ քաղաքականությունը, իհարկե, կարևոր գործոն է, բայց դրա կանխատեսումներն անշնորհակալ գործ են, որովհետև նախ՝ աննախադեպ գործընթացներ են ընթանում աշխարհում, նման բան չի եղել, համենայն դեպս, նորագույն պատմության ընթացքում, և երկրորդը` դրանք հասկանալի կլինեին, եթե, ենթադրենք, մենք շատ լավ «ինսայդերական» տեղեկատվություն ունենայինք, թե ինչ է կատարվում ԱՄՆ-ում, և իմանայինք, թե ինչ են մտածում այնտեղ որոշում կայացնողները: Պետք է հաշվի առնել, որ ներկայումս ՌԴ-ի տնտեսության դեմ 2 գործոն է աշխատում:

Առաջինը՝ նավթի գներն են, որ այս պահին միտումը շարունակվում է, և համաշխարհային գները կազմում են 44-47 դոլար 1 բարելի դիմաց: ՌԴ պետբյուջեն 2015թ. պլանավորված էր նավթի 1 բարելը` 100 դոլար հաշվարկով, ռուբլու փոխարժեքը` 37 ռուբլի` 1 դոլարի հաշվարկով: Այժմ ռուբլու շուկայական փոխարժեքը 69-ից բարձր է, աննախաադեպ արժեզրկում է տեղի ունեցել: Բնականաբար, սա միակ ճանապարհն է` ռուբլու արժեզրկման միջոցով ապահովել բյուջեում պլանավորված 7 տրլն 400 մլրդ ռուբլի նավթագազային նվազագույն եկամուտները: Սա նշանակում է, որ եթե չհաջողվի գնաճը զսպել, ապա կլինի շատ լուրջ տնտեսական անկում:

Կարդացեք նաև

Այսօր կանխատեսվում է շուրջ 5% անկում, բայց ես կարծում եմ, որ այն ավելի խորը կլինի, իսկ գնաճը կլինի շատ բարձր` նվազագույնը երկնիշ: 2014-ին արդեն 11.5% հայտարարվեց: Երկրորդ գործոնը քաղաքականն է` ՌԴ-ի դեմ կիրառվում են լրջագույն սահմանափակումներ: Բանկային հատվածը, կորպորացիաները, մասնավոր հատվածը հնարավորություն չունեն ներգրավելու էժան վարկային ռեսուրսներ: Եթե այս արգելքներն ավելի չընդլայնվեն, էմբարգոն չտարածվի, թեև նման միտում կա թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի կողմից, նավթի գները շարունակեն տատանվել 40-50 դոլարի սահմաններում, ապա ակնհայտ է, որ ՌԴ-ում 2015թ. կլինի խոր ճգնաժամային:

ՌԴ կառավարության կողմից օրերս հաստատված հակաճգնաժամային պլանը կարող է, իհարկե, փոքր-ինչ մեղմել իրավիճակը, սակայն հիմնախնդիրները չափազանց բարդ են և աննախադեպ։ ՌԴ-ն ՀՀ-ի համար շատ լուրջ և ամենակարևոր գործոնն է` տնտեսական զարգացումների տեսանկյունից: Առաջին հերթին` պետք է հաշվի առնենք, որ ՌԴ-ը, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում, որտեղից մենք ստանում ենք մեր տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեցող մասնավոր դրամական փոխանցումներ, ըստ էության, ազդում է մեր ֆինանսական, մասնավորապես` դրամական շուկայի վրա` թե՛ դրականորեն, թե՛ բացասական ձևով:

Երկրորդը` գաղտնիք չէ, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների զգալի մասը ևս բաժին է ընկնում ռուսահայությանը, ՌԴ-ի հայ բիզնեսմեններին, և նրանց բիզնես ծրագրերի տեսանկյունից մենք նույնպես շատ մեծ կախվածություն ունենք ՌԴ-ից: Երրորդ` ՌԴ-ն մեր արտահանման գլխավոր շուկաներից մեկն է: Այս գործոններից էականորեն կախված են ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական զարգացումները: 2008-09թթ. համաշխարհային ճգնաժամը ցույց տվեց, որ մենք շատ խոցելի ենք, մեր տնտեսվարման մոդելը շատ թերի է, էկզոգեն կախվածությունը` շատ բարձր:

Այսինքն` ցանկացած արտաքին շոկ անմիջապես ազդում է մեր ցուցանիշների վրա, և պաշտպանվելու կամ ադապտացիոն հնարավորությունների տեսանկյունից մենք չափազանց անարդյունավետ տնտեսական համակարգ ունենք: Ելքը միակն է` արդիականացնել մեր տնտեսվարումը: Այլ ելք չկա, մնացած բոլոր ցանկությունները, թվացյալ արդյունավետ գործիքները կարող են կարճաժամկետ խնդիրներ լուծել, բայց միջին ժամկետներում կամ երկարաժամկետ կտրվածքով ակնհայտ է, որ դրանք լուծումներ չեն, և մենք իսկապես այս տարի հայտնվելու ենք շատ խորը ճգնաժամում: Ավելին` ես համարում եմ` 2015թ. ճգնաժամն ավելի ծանր կլինի իր հետևանքներով, քան 2009-ինը:

Չնայած 2009թ., հանդիսանալով, ըստ էության, ՌԴ տնտեսության ածանցյալ, մենք անկման խորության տեսանկյունից ունեցանք երկրորդ ամենամեծ անկումն աշխարհում` Ուկրաինայից հետո` ավելի քան 14%: Ի՞նչ կլինի այս տարի` կտեսնենք:

Բայց ակնհայտ է, որ շուկաներն էականորեն կրճատվելու են, արտահանումը նվազելու է, առաջին հերթին` պարիտետային սկզբունքի ներքո: ՌԴ արժույթի զգալի արժեզրկման պատճառով ՀՀ-ում արտադրված ցանկացած ապրանք գնային տեսանկյունից դառնում է անմրցունակ ՌԴ շուկայում, քանի որ դրամն արժեզրկվել է 18.5%, ռուբլին` ավելի քան 80% (այս պահին` 90%), իսկ գները ռուսաստանյան շուկայում չեն բարձրացել 80%-ով, որ լինեն մեր տեսանկյունից նույն մատչելիության: Գները բարձրացել են պաշտոնապես 11,5%-ով, իսկ որոշ ապրանքային խմբերի գծով՝ 20-25%, հետևաբար` մենք դառնում ենք անմրցունակ, ռուսաստանյան շուկան մեզ համար այս պահին դառնում է անմատչելի:

Որքան սա կտևի` պարզ չէ: Կախված է ՀՀ-ում և ՌԴ-ում գործընթացներից: Նաև պղնձի գներն են աշխարհում էականորեն նվազել` 23-24%-ով, ինչը զգալիորեն կազդի արտահանման ցուցանիշների վրա, և կունենանք նվազում: Ակնհայտ է, որ տարվա վերջին տրանսֆերտները նվազել են ամսական մոտ 50 մլն դոլարով, և պարզ է, որ այդ միտումը կշարունակվի նաև 2015թ. ընթացքում: Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով մենք 2013թ. արդեն ունեինք էական կրճատում` շուրջ 270 մլն դոլար էր կազմում ցուցանիշը: 2014թ. ցուցանիշը դեռ հրապարակված չէ, բայց հավանաբար այստեղ ևս ունեցել ենք նվազում, և այլն: Եվ վերջապես, ՀՀ բանկային համակարգում և արժութային շուկայում տիրող իրավիճակն ու բնակչության և տնտեսության մասնավոր հատվածի բացասական սպասումները։ Այս բոլոր գործոններն աշխատելու են ՀՀ դրամի և մեր բնակչության իրական եկամուտների դեմ: Ցանկացած դիտարկում ցույց է տալիս, որ ՀՀ-ի համար պետք է կանխատեսել ծանրագույն ֆինանսական տարի:

– ԵՏՄ-ն ի՞նչ կերպ կազդի առկա գործընթացների վրա` կմեղմի՞, թե՞ կխորացնի իրավիճակը:

– ԵՏՄ-ն որևէ բացասական ազդեցություն այս գործընթացների նկատմամբ չունի և չի էլ ունենա: Ի՞նչ բացասական սպասում կարող է լինել: Տնտեսական քաղաքականության իմաստով ոչ մի վատ բան չկա, այսինքն` ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը մեզ համար լրացուցիչ խոչընդոտ չի ստեղծում, առավել ևս, որ միջկառավարական բանակցությունների ընթացքում որոշակի լուծումներ գտնվեցին: 2015-ին, եթե որևէ լավ բան չլինի, ապա վատ բան ԵՏՄ-ի անդամակցության գործոնի ներքո չի լինելու:

Այսօրվա ճգնաժամային հատվածում, իհարկե, հեշտանում են առևտրային կապերը, բայց եթե այսօր ռուբլու և դրամի փոխարժեքի տարբերության միտումների տեսակետից դիտարկենք, իհարկե, վատթարացում կլինի՝ կնվազեն դեպի ՌԴ մեր արտահանման ծավալները, ներդրումները ՌԴ-ից, թեև հակառակն էր սպասվում, կնվազեն տրանսֆերտները: Ավելին, ակնհայտ է, որ ռուսական ապրանքների ներմուծումը ՀՀ կընդլայնվի, որովհետև ոչ թե ներմուծման փոխարինման զարգացում կունենանք, այլ հակառակը` այնտեղ ռուբլու այսչափ արժեզրկվելու պարագայում ցանկացած ապրանքի ինքնարժեք դառնում է ավելի մրցունակ, քան ՀՀ-ում արտադրվող ցանկացած ապրանքինը: Ինչո՞ւմ է կայանում մեր ծուղակը. եթե մենք թույլ տանք դրամի պարիտետային արժեզրկում, իսկ այսօր ԿԲ-ն բոլոր միջոցներով փորձում է պաշտպանել դրամը, դա կարող է ձևավորվել 730-740 դրամ՝ 1 դոլարի դիմաց փոխարժեքով:

Եթե հաշվի առնենք, որ ՌԴ-ում գնաճի զսպումը չի հաջողվելու իրականացնել, և գնաճը կարող է հասնել 20%, ապա կարող ենք վերահաշվարկել ու, հաշվի առնելով ռուբլու արժեզրկումն ու այնտեղի գնաճը, կարող ենք ունենալ մոտ 650-680 փոխարժեք, որով կարող ենք մրցունակությունը վերականգնել միայն մոնետար գործոնի տեսանկյունից: Սակայն մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ, որովհետև մենք էներգառեսուրսներ ներմուծող երկիր ենք, ստեղծել ենք այնպիսի տնտեսական համակարգ, որը հիմնվում է ծայրահեղ կենտրոնացման վրա, այսինքն` խոշոր տնտեսվարողները, օլիգարխիկ հարաբերությունները, բարձր կենտրոնացումը շուկաներում ակնհայտորեն բերում են մրցակցության բացակայության, և շատ զավեշտալի բաներ են տեղի ունենում, օրինակ, ամբողջ աշխարհում նավթն էժանանում է, 127 դոլարից իջել է 44-45 դոլարի, շուրջ 3 անգամ, իսկ ՀՀ-ում բենզինի գինը մնացել է անփոփոխ։

Մինչդեռ, օրինակ, Չինաստանում և այլուր, բացի կորստից, մեծ օգուտ են քաղում այս գործընթացներից: Կորցնում ես մի հատվածում, բայց շահում ես էներգառեսուրսների էժանացման հարցում: Համաշխարհային ֆոնին բենզինի գնի անփոփոխությունը մեր տնտեսության հիվանդության ախտորոշումներից մեկն է: Եթե մենք լինեինք բաց տնտեսություն, մրցակցային շուկա ունենայինք, ապա ինչ-որ տեղ կնկատեինք այս պրոցեսների դրական ազդեցությունը, ամեն ինչ չէր թանկանա, ինչպես տեղի է ունենում մեզ մոտ: Ի վերջո, այս մոդելը հանգեցրել է նրան, որ բնակչության մի զգալի մաս անջատված է տնտեսական զարգացումներից, չի մասնակցում իբրև սպառող, որովհետև պաշտոնական մոտ 35% աղքատությունը, եթե վերահաշվարկես ազնվորեն, կստանաս առնվազն 50-55% աղքատություն, եթե ոչ` ավելի: Այսինքն` մեր բնակչության կեսը նույնիսկ սպառող չի հանդիսանում, իսկ միայն սպառումն է ակնհայտ տնտեսական աճի աղբյուրը:

Մարդկանց իրական եկամուտները չեն աճում, և մենք անջատում ենք սեփական ներքին աղբյուրը, որը տնտեսական աճի արագացուցիչն է: Երկրորդը` 23 տարի խոսում ենք, բայց այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ փոքր բիզնեսն ու միկրոձեռներեցությունը մեզանում ոչ միայն չեն զարգանում, այլ նաև դուրս են մղվում շուկայից: Երրորդը` ամենակարևորը մարդկային ռեսուրսն է, որ արդյունավետ չենք կարողանում կիրառել: Տարիներ շարունակ, որքան էլ կառավարություն փոխվի, չի հաջողվում գլխավոր խնդիրը լուծել: Ճիշտ է, ներկայիս կառավարությունն անկեղծորեն փորձեր է անում, ազնիվ մղումներ կան` էական փոփոխություններ մտցնելու տնտեսվարման մոդելում: Թե ինչ կստացվի, կտեսնենք: Բայց պետք է ասեմ, որ նախորդ կառավարությունն արեց այն ամենը, ինչ չէր կարելի անել:

Այնպիսի տպավորություն է, որ 6 տարի փնտրել են վատագույն լուծումները, ակնհայտորեն ինչն ավելի մեծ վնաս կտա, ու այդ որոշումները կայացրել են: Այդ տարիների ընթացքում ոչ միայն դոփել ենք տեղում, այլև անդառնալի սխալներ ենք արել: Օրինակ` 2008-ի մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը մինչ օրս չենք հաղթահարել: Զարգացած երկրներում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 40-100 հազար դոլար է, իսկ մեզ մոտ` մինչև 3500 դոլար` աղքատագույն ցուցանիշ: Այս կառավարությունն արդեն 2 անգամ հայտնվել է հնի ծուղակում` շարունակելով կենսաթոշակային անհաջող բարեփոխումներն ու շրջանառության հարկի գործիքը: Թե ինչու այդպես ստացվեց, դա պարզունակ վրիպա՞կ էր, կանխամտածված սխա՞լ էր, չգիտեմ: Դա նախորդ կառավարությունից է պետք հարցնել:

– ՀՀ-ի համար ֆինանսական ծանրագույն տարի եք կանխատեսում, իսկ տնտեսական ցուցանիշներն ինչպիսի՞ն կլինեն: ՎԶԵԲ-ը 0% է կանխատեսել, ՀԲ-ն և ԱՄՀ-ն դեռ չեն փոփոխել` 3.3-3.5%:

– Սովորաբար ընդունված է, որ եթե տնտեսագետը լիբերալ, աջակողմյան է, պետք է անպայման սիրի ԱՄՀ-ին, ՀԲ-ին: Բայց ճիշտ հակառակը, ես անկեղծ պետք է ասեմ, որ շատ սխալներ են իրականացվել ետխորհրդային տարածքում, այդ թվում` ՀՀ-ում, որի եթե ոչ` մեծամասնությունը, ապա զգալի մասն իրականացվել է ՀԲ և ԱՄՀ կամ մասնագիտական կարողությունների պակասի ներքո, կամ նրանց դեստրուկտիվ համաձայնությամբ, կամ անտարբերությամբ: ԱՄՀ-ն և ՀԲ-ն այս տարիների ընթացքում չեն ապացուցել, որ շահագրգռված են ՀՀ-ի զարգացման հարցում: Ի՞նչ արդյունքի են հասել նրանք: Երկրում ծայրաստիճան կենտրոնացում է, օլիգոպոլիզացիա, ծայրաստիճան անարդյունավետ աշխատանքային շուկա, կոռուպցիա, և այլն: Չեմ էլ հիշում, որ ՀՀ-ի հետ կապված` իրենք ճիշտ կանխատեսում արած լինեն: Երևույթները շատ ավելի խորն են, քան իրենք տեսնում են:

– Ձեր կանխատեսմամբ` ի՞նչ ցուցանիշներ կունենանք:

– Չմոռանանք, որ ցուցանիշները կանխատեսվում են մարդկանց կողմից և շատ հաճախ կարող են չհամապատասխանել իրողությանը: Թե միկրո մակարդակում և ինստիտուցիոնալ դաշտում գործընթացներն ինչպես կարտացոլվեն ցուցանիշների տեսքով, էական չեմ համարում: Կարևորը որակական գնահատականն է: Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ նվազում են ներդրումները, նվազում է տնտեսական ակտիվությունը, գները բարձրանում են: Գնաճն ասում են` 4.5%, կարող ենք հավատալ, բայց սպառողական գների ինդեքսը բարդ ցուցանիշ է, ու բոլոր ապրանքների համար միջինացված հաշվելը ճիշտ չէ:

Վաղուց է անհրաժեշտ 3 տեսակի գնաճի գործակից հաշվարկել` աղքատների, միջին եկամուտ ունեցողների և հարուստների համար: Եթե գնաճի պատճառով տուժում է նվազագույն եկամուտ ունեցող հատվածը, պետք է սոցիալական ծրագրերի, տարբեր նպաստների միջոցով կարողանանք փոխհատուցել կորուստները, որ ոչ միայն օգնենք այդ մարդկանց դուրս գալու այդ խորագույն ճգնաժամից, այլ նաև նպաստենք տնտեսական աճին վերջիններիս սպառողական կարողությունների վերականգնման (ինդեքսավորման, փոխհատուցման) շնորհիվ: Չէ՞ որ, մարդիկ նաև սպառող են, իսկ սպառումը տնտեսական աճի գլխավոր աղբյուրն է: Այս տեսանկյունից բոլոր ցուցանիշների գծով միտումները բացասական են` փոխարժեքը, տրանսֆերտները և այլն:

– Կառավարության կողմից ի՞նչ բարեփոխումներ են իրականացվում, որոնք արդյունք կտան:

– Մեր ամբողջ ռեժիմը, մոդելը պետք է փոխվի: Ես կողմնակից եմ, որ շահութահարկն ընդհանրապես հանվի: Ժամանակակից աշխարհը պահանջում է այլ հայացքներ հարկային քաղաքականության իրականացման առումով: Ամբողջ համակարգը պետք է տեղափոխենք դեպի եկամտահարկ, որը հիմնված պետք է լինի համընդհանուր գույքի և եկամուտների հայտարարագրման սկզբունքի վրա, հանրային մարդկանց համար` նաև ծախսերի հայտարարագրման: Ձեռնարկության շահույթը, եթե այն չի բաշխվում սեփականատերերին, չպետք է հարկվի: Դա նպաստում է տնտեսության կապիտալիզացիային ու ներքին ներդրումների աճին: Սա կհանգեցնի նաև հարկային վարչարարության բարելավմանը` սկզբնական հաշվառման փաստաթղթերի ստուգումների, կոնտակտային շփումների ծավալների շուրջ 80%-ով կրճատման շնորհիվ: Հարկային վարչարարությունը որակապես փոխվում է, և բազմաթիվ խնդիրներ են լուծվում: Միկրոբիզնեսը պետք է ազատվի հարկերից ու ստուգումներից: Սկսնակ բիզնեսների համար ֆինանսավորում պետք է գտնել, և այդ հարցում կառավարությունն անելիք ունի գոնե երաշխիքների մասով: Փոքր բիզնեսի հետ առավելագույնս պարզեցված հարաբերություններ պետք է լինեն: Չէ՞ որ, շրջանառության հարկն ինքնանպատակ չէ:

– Դուք տեսնո՞ւմ եք այդ փոփոխությունները:

– Չեմ տեսնում: Շրջանառության հարկի ինստիտուտն աղավաղվեց, և անհասկանալի է, թե ինչ իմաստ ունի շրջ. հարկը: Բայց եթե մենք խոսում ենք այն մոդելի մասին, որ ես նշեցի, այս ամենը դառնում է երկրորդական: Ֆիզիկական անձանց եկամուտների վերահսկման ամբողջ գործընթացը ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում շատ հեշտ է իրականացնել, և էֆեկտը պետբյուջեի եկամուտների տեսանկյունից անհամեմատ բարձր է լինում, մշակույթ է ձևավորվում, կյանքի որակ է փոխվում: Իսկ մեզանում, ինչպես և հետխորհրդային ողջ տարածքում, այնպիսի համակարգ է գործում, որ կարծես բիզնեսով զբաղվելը թշնամություն է, և մեր ամբողջ նպատակն է` հանկարծ թույլ չտալ, որ մարդիկ հարստանան, լավ ապրեն: Պետք է ասեմ, որ այսօր ունենք արդյունավետ հարկային վարչարարություն:

Հաջողվել է ձևավորել հաշվետվական էլեկտրոնային համակարգեր, հարկային մոնիտորինգի և տեսչական հսկողության արդյունավետ մեխանիզմներ։ Արդյունքում` հասել ենք հարկերի հավաքագրման լավագույն արդյունքի: Բայց հայտնվում ենք անհեթեթ իրավիճակում` որքան լավ է աշխատում հարկային համակարգը, այնքան մակրոտնտեսական իմաստով ավելի վատ է երկրի համար, առավել ևս` ՓՄՁ-ների։ Ի վերջո, մասնավոր հատվածից ի օգուտ պետության անհամաչափ օտարվող միջոցները զգալիորեն սահմանափակում են առանց այն էլ սակավ ռեսուրսների տիրապետող փոքր և միջին բիզնեսի զարգացման հնարավորությունները, հաճախ` ընդհուպ մինչև դրանց բիզնես-ակտիվության դադարեցումը, զգալիորեն զսպվում է տնտեսությունում հավելյալ արդյունքի ստեղծումը, հետևաբար` նաև նոր աշխատատեղերի և բնակչության եկամուտների աճը:

Իհարկե, պետական ծախսումները նույնպես նպաստում են բնակչության գնողունակության բարձրացմանը, բայց մասնավորն անհամեմատ առավել արդյունավետ է: Մեզ անհրաժեշտ է բնակչության ամբողջական զբաղվածությունը խթանող բիզնես-միջավայր ձևավորել հարկաբյուջետային, դրամավարկային, մրցակցության պաշտպանության, մատչելի ֆինանսական ռեսուրսների գոյացման, կոնտրակտային պարտադրանքի և դատաիրավական համակարգերի զարգացման և այլ ինստիտուտների արդիականացման միջոցով: Այլևս չի ստացվելու խոշոր բիզնեսի և կենտրոնացված ռեսուրսների տնօրինման շնորհիվ գոյատևել: Ռիսկերը չափազանց շատ են, երկրի ապագան` վտանգված: Խնդիրը հայեցակարգի ու տնտեսվարման մոդելի ընտրության մեջ է: Տնտեսության պետական կարգավորման համակարգն արմատական արդիականացման կարիք ունի: Ժամանակը մեր դեմ է աշխատում…

Տեսանյութեր

Լրահոս