ԿԲ որոշումը շոկային էր. Աշոտ Խուրշուդյան
ԿԲ որոշումը՝ բարձրացնել կապիտալի նվազագույն սահմանաչափը (5 մլրդ դրամից հասցնելով 30 մլրդի), և ստիպել բանկերին միաձուլվել, շոկային էր: Նման տեսակետ այսօր Մեդիա կենտրոնում քննարկման ժամանակ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
«Դա ռազմավարական շատ մեծ ռիսկեր է պարունակում: 2008թ. ԱՄՆ-ում ճգնաժամի ժամանակ հիմնականում խոշոր բանկերը հայտնվեցին սնանկ վիճակում, մինչդեռ փոքր բանկերը հաղթահարեցին: Այսինքն՝ բանկի չափից չեն ռիսկերը կախված»,- ասաց Ա.Խուրշուդյանը՝ նկատելով, որ ապագա հնարավոր ճգնաժամի դեպքում ԿԲ-ն մեծ ռիսկի տակ է դնում ամբողջ ֆինանսական համակարգը:
Ըստ նրա՝ բանկերի կապիտալն արդեն բարձր է, այսինքն՝ ռիսկը մեծ չի, և հասկանալի չէ, թե ինչու է պետք նորից խոշորացնել: Խուրշուդյանի կարծիքով՝ առաջնային խնդիրը տնտեսության զարգացման մեջ է, երկորդ խնդիրը, որի պատճառով եղավ ճգնաժամ, այն է, որ չունենք արդյունավետ ֆինանսական համակարգ, կան բանկեր, մենաշնորհային ոլորտներ, չկան ֆինանսական զարգացած գործիքներ, որ շուկան արձագանքի ցանկացած փոփոխության, չկա ածանցյալների շուկա, ունենք արտարժույթի շուկա, բայց չկա սփոթ-շուկա և այլն: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում եղել է ստվերային սսփոթ-շուկա, որը վերացրեց ԿԲ-ն. «Իսկ երբ չկա շուկա, չի կարելի մեղադրել մարդկանց, որ նրանք խուճապի են մատնվում»:
Բանկերի խոշորացումը, փորձագետի կարծիքով, կբերի վարչական ծախսերի նվազման, բայց մրցակցությունը չի ավելանա, սակայն ԿԲ-ն կկարողանա ավելի հեշտ ու լավ կառավարել համակարգը: Նա նշեց, որ մինչև տոկոսադրույքը 10%-ից չիջնի, բանկերը չեն սկսի արդյունավետ մրցակցել, իսկ այսօր բանկերն այնքան շատ փող ունեն, որ անիմաստ շենքեր են կառուցում: Ա.Խուրշուդյանի խոսքով՝ Հայաստանում սպառման մակարդակը պետք է բարձրացվի, մինչդեռ հակառակը տեղի ունեցավ և դրան նպաստեց երկու գործոն՝ կենսաթոշակային բարեփոխումը։ Իսկ վերջին դեպքերից հետո վստահությունը բանկային համակարգի հանդեպ իջել, է ու մարդիկ անորոշության պայմաններում երկարաժամկետ խնայողություն չեն անի: