«Դեռևս հիմքեր չունենք մտածելու, որ այդ ոճրագործության հետևում ինչ-որ քաղաքական հիմքեր կան»
Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո՝ շատերը բարձրացրեցին ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս հանելու հարցը: Նման հայտարարություններ անեղները նշում էին, թե ռուսական ռազմական բազան, որի զինծառայող Վալերի Պերմյակովը համարվում է Գյումրիի ոճրագործության հիմնական կասկածյալը, անվտանգության երաշխիքներ տալու փոխարեն, մեծ վտանգ է դարձել հայ ժողովրդի համար: Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք նպատակահարմա՞ր է հիմա հանել ռուսական ռազմական բազան Հայաստանից՝ հաշվի առնելով նաև սահմանում առկա լարված իրավիճակը:
Քաղաքագետը պատասխանեց, որ ինքը Գյումրու ռազմաբազայի կարևորությանը երեբեք չի փորձի հակադրել ինչ-որ ուրիշ գործընթացներ. «Մենք շատ կարևոր խնդիր ենք լուծում՝ 328 կիլոմետր երկայնքով սահման ունենք Թուրքիայի հետ, որն այսօր պահպանվում է սովորական սահմանապահ ռեժիմով: Այսինքն՝ մարտական հերթապահություն այնտեղ չի իրականացվում, և իրականացվելու դեպքում՝ մարդկային լուրջ ռեսուրսներ պետք կլինեն՝ Ադրբեջանի հետ ճակատից տեղափոխելու դեպի այս կողմ:
Ռուսական ռազմաբազան, իհարկե, Հայաստանի համար դեռևս լուրջ և կարևոր նշանակություն ունի, և, կարծում եմ, որ նման դեպքերում, ավելի հիմնավոր և ավելի կարևոր պահանջներ կան, որ կարող ենք մենք ներկայացնել Ռուսաստանի կողմին: Դեռևս հիմքեր չունենք մտածելու, որ այդ ոճրագործության հետևում ինչ-որ քաղաքական հիմքեր կան, ուրեմն՝ պետք է քաղաքականը մի կողմ դնել: Ռազմական անվտանգությանը հասցնել այս հարցը, կարծում եմ, խելամիտ չէ»: