65 միլիոն դրամ՝ հայրենիքը սիրելու համար
«Հունվարի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2014 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ»:
Այսինքն՝ մշակված են «կոմպլեքս» ծրագրեր, որոնք կստիպեն երիտասարդներին և «մատաղ սերնդին» սիրել հայրենիքը: Եվ, փառք Աստծո, կան մշակված ծրագրեր, որոնք կյանքի են կոչվում մեր Պաշտպանության նախարարության և Կրթության ու գիտության նախարարությունների հետ՝ ձեռք ձեռքի: Հակառակ դեպքում՝ այդպես էլ գլխի չէինք ընկնի՝ ինչպես սիրել հայրենիքը:
Ինչո՞ւ այս երկու գերատեսչությունները: Հասկանալի է, հայրենասիրությունը լուրջ և խիստ գործ է:
«Ընդլայնված այս նիստին» նախորդել էր ԵԿՄ և ԿԳՆ «փոխըմբռնման հուշագիրը», որով նախատեսվել էր ռազմահայրենասիրությունը մտցնել դպրոցներ:
Բայց հայրենիքն անհատույց, հենց այնպես սիրելն էլ չափ ունի: Գալիս է ժամանակ, երբ շատ սուր է դրվում հայրենասիրությունը ֆինանսավորելու հարցը: Եվ ահա, որպեսզի կարողանան երիտասարդությանը սովորեցնել հայրենիքը որակյալ սիրել, անհրաժեշտ են ֆինանսական զգալի ներարկումներ՝ պետական բյուջեից: Այսինքն՝ մեր բոլորի գրպանից: Այլ կերպ ասած՝ մեր հաշվին:
Դեռևս 2015-ի բյուջեի քննարկումների ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, թե դպրոցներում հայրենասիրական ակումբներ բացելու համար պետբյուջեից հատկացվել է գ 65 միլիոն դրամ:
Լրատվամիջոցները մեջբերել են նաև նախարարի խոսքը՝ ասված, հիշեցնեմ, 21-րդ դարում, ավելի կոնկրետ՝ 2014 թվականին. «Երեխաները կարող են լինել ժողովրդավար, մոնարխիստ, անարխիստ, բայց նրանք պարտավոր են լինել հայրենասեր»:
Թե հատկապես ինչպե՛ս պետք է 65 միլիոն դրամը ծառայի հայրենասիրական զգացողություններ արթնացնելուն, արդեն գեներալ Մանվել Գրիգորյանի լրատվական ծառայությունից են հստակեցրել. «գՊատանի երկրապահ կառույցները մասնակցում են երկրապահական ուխտագնացություններին, լինում են սահմանամերձ բնակավայրերում, հայրենաճանաչություն, հայրենասիրություն, մարտարվեստ են սովորում (գ): Գումարը հիմնականում այդ ուղղությամբ է ծախսվում. բանակի տոն, հետո՝ մայիսի 8-ը, սպարապետի ծնունդը՝ մարտի 5-ին, և այլն»:
Սակայն բոլոր նրանք, ովքեր այդպես էլ չեն հասկանում, թե Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը դպրոցում նշելու համար ի՞նչ ծախսեր են անհրաժեշտ, ովքեր դեմ են, որ դպրոցներում ստեղծվեն «պատանի երկրապահ» խմբակներ, մայրաքաղաքում տարածքներ տրամադրվեն ԵԿՄ-ին, ուրեմն դեմ են նաև մեր բոլոր հաղթանակներին և թափված արյանը: Ամեն դեպքում, այդպես է արձագանքել Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի տարակուսանքին Արա Կետիկյանը՝ կարճ կապելով. «Ի վերջո, դուք կո՞ղմ եք հաղթանակներին, թե՞ չէ»:
Պետական մարդիկ, այդ ասկետները, ապրում են իրենց հայրենասիրության հաշվին՝ պետությունից աշխատավարձ են ստանում, ծառայողական մեքենա, ճամփորդություններ բիզնես կլասով: Այսինքն՝ իրենց հայրենասիրությունն ամփողջ թափով իրացնելու խնդիր չունեն: Ինչը չես ասի դպրոցականների, երիտասարդների մասին, որոնք հայրենասեր լինել պարտավոր են, սակայն չգիտեն՝ ինչպես: Ու ահա, իր ծառայություններն է առաջարկում «պատանի երկրապահ» խմբակը: Իսկ ուխտագնացությունները, «հայրենաճանաչությունը», ինքնին հասկանալի է, վերջնականորեն արթնացնում են հայրենասիրական զգացումները:
«Հաշվի առնելով մեր երկրի առաջ ծառացած ներքին և արտաքին սպառնալիքները՝ Պաշտպանության նախարարն ընդգծեց Հայաստանի նորագույն պատմության, ինչպես նաև Արցախյան պատերազմի ընթացքում ձեռք բերված արժեքներն աճող սերնդին պատշաճ կերպով փոխանցելու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդ կերպ կարելի է ապահովել մեր երկրի հետագա զարգացումը»:
«Աճող սերնդին» «պատշաճ ձևով», ինչ խոսք, կարելի է տեղ հասցնել մեր ձեռքբերումները, սակայն մինչ բյուջեից 65 միլիոն դրամը նստի միջոցառումների կազմակերպիչների հաշիվներին, դպրոցականները, արի ու տես, հեռուստատեսությամբ, սոցցանցերում տեսնում են ծեծված, այտուցված ու կապտած դեմքերով տղամարդկանց:
Հավանաբար հանցագործնե՞ր են, դիվերսանտնե՞ր: Ո՛չ, պարզվում է, ազատամարտիկներ են, Արցախյան պատերազմի ժամանակ արյուն թափած մարդիկ, որոնց ծեծել են փողոցում: Ծեծել են անպատիժ: Իսկ ովքե՞ր են փողոցային բառապաշարով այս մարդիկ, ովքեր արդարացնում ու հիմնավորում են ազատամարտիկների ծեծը. գուցե նրա՞նք են հանցագործները:
Պարզվում է, մեկը ՀՀ գլխավոր ոստիկանապետն է, մյուսը՝ նրա տեղակալը: Իսկ երբ երեխան նաև իմանում է, որ, դիցուք, Շուշիի հատուկ գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ և ԼՂՀ քաղաքացիություն չեն տրամադրում, ապա, միանշանակ, այդ 65 միլիոն դրամը կարելի է համարել ջուրը գցված կամ, ավելի ճիշտ, լվացված:
Ընդլայնված նիստին «հաշվետու զեկույցով, հանդես է եկել ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետը՝ ընդգծելով, որ «Մարտունակ բանակ ունենալու համար անհրաժեշտ է դաստիարակել ազգային ինքնության և հպարտության զգացումով համակված երիտասարդներ»:
Այս և նման խոսքերի ետևում ոչինչ չկա, դատարկություն է: Մարդուն առհասարա՛կ հատուկ է սիրել հայրենիքը: Եվ դրա համար պետական ծրագրեր, «միջոցառումներ», ուխտագնացություններ, այն էլ՝ բյուջեից ֆինանսավորվող, անհրաժեշտ չեն: Հայրենիքի հանդեպ սերն իռացիոնալ է ու հրաշալի, ինչպես սերն՝ առհասարակ: Երբ բացում ենք մեր աչքերը, մենք արդեն սիրում ենք մեր ծնողներին, մեզ շրջապատող մարդկանց, ոչ թե, որ նրանք բոլորից լավն են, այլ որովհետև նրանք մեզ հարազատ են, մեզ համար անփոխարինելի: Եվ ինչ-որ պահից հասկանում ես, որ սիրում ես նաև հայրենիքդ ու չես պատրաստվում փախչել այստեղից: Ոչ թե նրա համար, որ այստեղ լավ է, այլ որովհետև այստեղ ամեն ինչ քեզ հարազատ է:
Պետությունը պետք է դադարի մեզ հայրենասիրության ինդուլգենցիաներ վաճառել, որոնք տպվում են մեր իսկ գրպանի փողերով, մի ամբողջ 65 միլիոն դրամի: Պետությունը պետք է աշխատի այլ ուղղությամբ՝ երկրում արդարություն հաստատելու, քաղաքացիներին արժանապատիվ ապրելու հնարավորություն տալու, 65 միլիոն դրամը և շատ այլ միլիոններ անհեթեթությունների վրա չմսխելու ուղղությամբ: Իսկ հայրենիքի հանդեպ սերը թողնի մեզ:
Անկեղծ ասած՝ պետությունը մեզ խանգարում է սիրել հայրենիքը: