«Ռուսաստանի տնտեսական ճգնաժամն ընդհանուր է. Հայաստանը չի կարող խուսափել, եթե ՌԴ-ն չտրամադրի սուբսիդիաներ և կրեդիտներ»

Հարցազրույց ՌԴ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ղեկավար,
1992-1993 թթ. ՌԴ Էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչաևի հետ

– Անդրեյ Ալեքսեևիչ, աշխարհում շարունակվում է ՌԴ տնտեսության համար անբարենպաստ գործընթացների խորացումը. նավթի գները շարունակում են անկում ապրել, Ռուսաստանի նկատմամբ գործի են դրված արևմտյան պատժամիջոցները, Ռուսաստանից արագացված կապիտալի արտահոսք կա, ու այս ամենը փոքր-ինչ մեղմացնում են ՌԴ ռեզերվները: Որքա՞ն դրանք կբավականացնեն, և տարին ինչպիսի՞ն է խոստանում լինել ՌԴ տնտեսության համար:

– Իրականում ՌԴ տնտեսության ճգնաժամն արդեն իսկ իրականություն է: Հարցն այն է, թե որքա՞ն երկար այն կշարունակվի և որքա՞ն խորը այն կլինի: Իհարկե, ինչպես նշեցիք, շատ բան կախված է արտաքին գործոններից` նավթի գնանկումից ու պատժամիջոցներից, թեև այսօր պատժամիջոցներից մեծ վնաս չի նկատվում: Գլխավոր ապակայունացնող գործոնը նավթի գներն են: Նույնիսկ պաշտոնական կանխատեսումների համաձայն` եթե մեկ տարվա ընթացքում նավթի գինը կազմի պակաս, քան 60 դոլարն է մեկ բարելի համար, ապա մեզ սպասվում է ՀՆԱ-ի անկում 5 տոկոսով մեկ տարվա ընթացքում:

Մյուս լուրջ խնդիրն այն է, որ ռուբլու մասշտաբային արժեզրկման հետևանքով և հակապատժամիջոցների կիրառման պայմաններում, որոնք կտրուկ կերպով կրճատել են նպարեղենի ներմուծումը արևմտյան երկրներից և այն երկրներից, որտեղից ավանդաբար ներմուծվում էին, մեզ մոտ վերջին տարիների ընթացքում ռեկորդային կերպով բարձր ինֆլյացիա է գրանցվում, որը հարվածում է հասարակ ու կարիքավոր բնակչին: Գրանցվում է ստագֆլյացիա (այսպես են տնտեսագետներն անվանում տնտեսական աճի դանդաղումը, մակրոտնտեսական ցուցանիշների անկումն ու բարձր ինֆլյացիան):

Կարդացեք նաև

Հիմա, բոլոր կանխատեսումների համաձայն, եթե հրաշք չկատարվի, և եթե նավթի գինը չվերադառնա նախկին մակարդակին, ապա մենք ամենաքիչն այս իրավիճակում կմնանք ևս երկու տարի, ինչպես և իր ուղերձում նշեց նախագահը:

– Հետաքրքիր է` այս պայմաններում ի՞նչ միջոցներ կարող է Ռուսաստանը հատկացնել Եվրասիական տնտեսական միության համար, նոր ձևավորվող մի միության, որը բավական ծախսատար է, եթե իրականացվի այն ծավալով, ինչ նպատակադրվել էին ՌԴ իշխանությունները: Սրան գումարվում է նաև այն, որ այս պրոյեկտներում Ռուսաստանը հանդես է գալիս` որպես վճարող, քանի որ հատկապես ներկայում հետաքրքրված է դրանց հաջողությամբ: Ինչպե՞ս կլուծվի այս հարցը` ըստ Ձեզ: Հնարավո՞ր է` այդ պրոյեկտները զոհաբերվեն:

– Ցավոք սրտի, շատ դեպքերում քաղաքական որոշումները չեն հիմնվում տնտեսական իրողությունների և տնտեսական հետևանքների վրա: Որպես օրինակ` նշեմ այն քաղաքականությունը, որը հանգեցրեց արևմտյան պատժամիջոցներին: Ուստի քաղաքական և հեղինակության գաղափարներից ելնելով` կարծում եմ, որ ՌԴ իշխանությունները կշարունակեն զարգացնել այս պրոյեկտները, բայց այդ ինտեգրացիայի մյուս մասնակիցների ֆինանսավորման մասշտաբները կնվազեցվեն, քանի որ ներկայումս Ռուսաստանը կանգնած է ծանր ընտրության առջև: Կանխատեսումների համաձայն` հարկերը բարձրացնել չի կարելի, ֆոնդերը կբավարարեն ամենաշատը մի քանի տարի:

Ուստի բյուջետային ծախսերը պետք է նվազեցնել: Իսկ դա պետական տարբեր մարմինների միջև ծանր պայքարի պատճառ է դարձել, քննարկվում է, թե ո՞ր ոլորտի ծախսերը պետք է կրճատվեն, քանի որ սոցիալական ծախսերը չի կարելի կրճատել` քաղաքականապես ձեռնտու չէ, ռազմական, իրավապահ մարմինների ծախսերի կրճատումը նպատակահարմար չեն համարում լոբբիստները: Այս ամենի հետ մեկտեղ` ՌԴ իշխանությունները պետք է հավելյալ միջոցներ ներդնեն տնտեսություն, որպեսզի ճգնաժամն էլ ավելի չխորանա:

Այսօր այս ամենի շուրջ թեժ քննարկումներ ու պայքարներ են ընթանում: Այսօր այդ պրոյեկտների վրա ծախսերը շատ մեծ չեն, ուստի ՌԴ իշխանությունների համար այս հարցի առաջնահերթությունից ելնելով` ՌԴ բյուջեն այս հարցը կհաղթահարի: Բայց, իմ համոզմամբ, այդ պրոյեկտների լուրջ ֆինանսավորում, միասնական պրոյեկտների իրականացում առաջիկա ժամանակահատվածում պետք չէ սպասել:

– ՌԴ տնտեսական իրավիճակը ցայտուն կերպով արտացոլվում է Հայաստանում: Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, Հայաստանը մեծ աշխատուժ ունի Ռուսաստանում, տրանսֆերտներն են կրճատվում կամ ռուբլու արժեզրկման պայմաններում այստեղ ռուբլին է դառնում անարժեք, դրամն է արժեզրկվում, դա այստեղ հնարավոր չի լինում կարգավորել: Ինչպե՞ս է, ըստ Ձեզ, հնարավոր մեղմել այդ ազդեցությունը:

– Ինչ վերաբերում է արտասահմանյան աշխատուժին, ապա ներկայումս մենք նկատում ենք ակտիվ արտահոսք երկրից: Մի կողմից` դա պայմանավորված է օրենսդրության խստացմամբ, մյուս կողմից` գլխավոր գործոնը ռուբլու մասշտաբային արժեզրկումն է: Այսօր շատերի համար հարմար չէ աշխատել և աշխատավարձ ստանալ ռուբլով, նրանք նախընտրում են այլևս չաշխատել Ռուսաստանում:

Անկեղծ ասած, ես իմ հայ գործընկերներին ոչնչով ուրախացնել չեմ կարող, քանի որ իրավիճակն ընդհանուր է, մասշտաբային կրճատումներ են լինում, և Հայաստանը դրանից խուսափել չի կարող: Ես, անկեղծ ասած, չեմ տեսնում մեխանիզմներ իրավիճակի մեղմման համար, քան Հայաստանին ուղիղ սուբսիդիաների հատկացումն ու կրեդիտների տրամադրումը: Բայց, ինչպես տեսնում ենք, նման հարց չի դրվել:

Տեսանյութեր

Լրահոս