«ՌԴ-ի համար ստոր սրիկան ավելի արժեքավոր է, քան աշխարհում իր միակ դաշնակից Հայաստանը». Ցինցաձե
168.am–ի զրուցակիցն է Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:
– Պարոն Ցինցաձե, Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը հակառուսական տրամադրությունների ալիք է բարձրացրել երկրում, կան պահանջներ՝ դուրս հանել 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանից: Ըստ Ձեզ` ի՞նչը հանգեցրեց նման ողբերգության և տրամադրությունների:
– Իրականում ներկայումս Հայաստանն այն իրավիճակում չէ, որպեսզի պահանջի ռազմաբազաների դուրսբերում: Իհարկե, ռուսական ռազմաբաները նվեր չեն: Ինչ վերաբերում է ռազմաբազայի կարգավիճակին, դա այլ թեմա է: Խնդիրը և մտահոգությունների առիթը ՌԴ սահմանադրության ու հայ-ռուսական պայմանագրի բախումն է: Հայ ժողովուրդը ռազմաբազայի լինել-չլինելու մասին պետք է մտածեր ՌԴ-ի հետ 1997 թվականի նենգ փաստաթղթի ստորագրությունից առաջ, քանի որ ռուսական ռազմաբազան ոչ մեկի որևէ տեղ չի պաշտպանել, բազան առաջին հերթին պաշտպանել է Ռուսաստանի հետաքրքրությունները: Քանի որ Հայաստանն ազատ երկիր է, հայերը ազատ մարդիկ են, իրենց ինքնիշխանությունն, իրավունքներն աչքի լույսի նման պետք է պահպանեն: Ես ամեն դեպքում հոռետես եմ այն հարցում, որ Ռուսաստանը կփոխանցի այդ հրեշին (Պերմյակովին,-Ա.Մ.) հայկական կողմին: Երևի թե նրան կդատեն, միգուցեև ցմահ դատապարտեն, բայց հնարավոր է, որ ռուսաստանցի բժիշկները նրան հոգեկան խնդիրներ ունեցող համարեն ու հոգեբուժարան ուղարկեն մի քանի տարով, ապա մի քանի տարի անց դուրս կգա ու կապրի հիանալի ու ազատ կյանքով: Ամենայն հավանականությամբ այդպես կավարտվի հայ ժողովրդի համար այս մեծագույն ողբերգությունը:
Առավել ևս՝ զգացմունքներն ավելի լարվում են, քանի որ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, իսկ Գյումրիում տեղի ունեցածը ոչնչով չի տարբերվում Ցեղասպանությունից: Այն, որ այդ բազայի հրամանատարությունը կազմված է ոչ ադեկվատ մարդկանցից՝ միանշանակ է, քանի որ, եթե այդ զինծառայողը հոգեկան խնդիրներ է ունեցել, որտե՞ղ են եղել բժիշկները, եթե չի ունեցել, ապա որտե՞ղ են եղել հրամանատարները, և այլն, և այլն: Ես հասկանում եմ ու կիսում հայ ժողովրդի զայրույթը:
– Տարածաշրջանում Հայաստանը համարվում է ՌԴ-ին ամենանվիրված երկիրը՝ գոնե իշխանությունների հռետորաբանության մակարդակում: Ինչո՞ւ Ռուսաստանն այս հարցում զիջումների չի գնում: Ի վերջո, դրանից ի՞նչ եզրակացություններ պետք է անեն ՀՀ իշխանությունները:
– Եկեք վերհիշենք պատմությունը: Իսկ ե՞րբ է Ռուսաստանը գնացել զիջումների: Այն ժամանակ, երբ իր առջև ուժ է հայտնվել: «Բարոյական արժեքներն ու ուժեղ լինելը Ռուսաստանի համար գրոշի արժեք չունեն:
– Այսինքն` պետք է պատրաստ լինել շարունակական ստորացումների՞:
– Ոչ թե պետք է պատրաստ լինել ստորացումների, այլ Հայաստանն արդեն ստորացված է Ռուսաստանի կողմից նրանով, որ հրաժարվում է մի սրիկայի հանձնել ՀՀ արդարադատությանը: Ռուսաստանի համար այդ սրիկան ավելին արժե, քան իր միակ գործընկեր-դաշնակիցը Կովկասում և ոչ միայն՝ Կովկասում, այլև գլոբալ աշխարհում: Ռուսաստանը գլոբալ մեկուսացման մեջ է ու չունի գործընկերներ: Նույնիսկ Չինաստանը դաշնակից չէ, այլ գործընկեր է: Բելառուսը` ևս: Ռուսաստանի միակ գործընկերը Հայաստանն է, և Ռուսաստանը դրա համար չի ցանկանում «զոհաբերել» այդ սրիկային, նրան պաշտպանելը, փաստորեն, ավելի կարևոր է: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ իմաստուն գտնվեցին մեր նախկին իշխանությունները, երբ Բաթումից և Ախալքալաքից հանեցին ռուսական ռազմաբազաները: Ասեմ ձեզ, որ ցավալին այն է, որ Ախալքալաքում ռուսական ռազմաբազան դուրսբերումից պաշտպանում էին հայերը: Դա մեզ համար ցավալի փաստ էր: