Գյումրիի ողբերգությունը բացահայտեց ՌԴ-ի ոչ դաշնակցային վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ. եվրոպացի փորձագետ

168.am-ի զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) ավագ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը:

 – Պարոն Զաշտովտ, օրերս Գյումրիում տեղի ունեցած հրեշավոր հանցագործության վիշտը (որում մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը) դուրս է եկել հանրապետության սահմաններից, և պահանջներ են հնչում՝ դուրս բերել 102-րդ ռազմաբազան Հայաստանից: Այս պահանջները վկայակոչելով՝ ռուսական որոշ շրջանակներ, ռուսաստանցի գործիչներ տեղի ունեցածը պատահականություն չեն որակում, այլ՝ կազմակերպված ահաբեկչություն Արևմուտքի կողմից: Ի՞նչ եք մտածում Գյումրիի շուրջ ստեղծված իրավիճակի, հնչող պահանջների և այս մեղադրանքների մասին:

– Դավադրության տեսության մասին Ձեզնից առաջինն եմ լսում: Արևմուտքի համար այսօր, անկեղծ ասեմ, ռազմավարական կարևորություն չի ներկայացնում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան հանելը, այդ հարցը, իմ համոզմամբ, գերնպատակ չէ նաև Թուրքիայի համար, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Պարզապես սա ավելի շատ կովկասյան խնդիր է: Գյումրիում  տեղակայված ռուսական ռազմաբազան, իմ դիտարկումներով, կարևոր է Հայաստանի համար, հաշվի առնելով ԼՂ հակամարտության առկայությունը: Ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները դիտարկում են այս բազայի ներկայությունը՝ որպես ՀՀ անվտանգության երաշխիք, կամ երաշխիք, որ Ադրբեջանն ինտերվենցիաների չի դիմի:  Այնպես որ, այստեղ Արևմուտքն առանձնապես անելիք և նպատակ չունի:

Բայց ես հասկանում եմ տեղի ունեցածից հետո  հայաստանյան հասարակության դժգոհությունների պատճառը: Իրականում, իմ համոզմամբ, այս տրամադրությունների գլխավոր պատճառը ոչ այնքան այդ հրեշավոր սպանությունն էր, որքան  այն, թե ինչպես  իրեն դրսևորեց ռուսական կողմն այդ դեպքից հետո:  Այդպիսին չպետք է լինեն դաշնակիցների հարաբերություններն այն դեպքում, երբ գոնե հռետորական մակարդակում ՌԴ-ն ՀՀ-ին համարում է  իր ռազմավարական գործընկերը: Ես կարծում եմ, որ հարցը վստահության մեջ է: Ռուսաստանը կորցրեց իր վստահությունը Հայաստանում: ՀՀ ներկայիս իշխանությունները կշարունակեն համագործակցել  Ռուսաստանի հետ` շարունակելով եվրասիական ինտեգրացիան, սակայն  այդ ինտեգրացիան թատրոն է, որտեղ ՌԴ գործընկեր երկրները ցանկանում են ցույց տալ, որ իրենք  այդ ինտեգրացիայի ջատագովներն են, այն դեպքում, երբ  ոչինչ չեն նախաձեռնում, ու այսպես էլ կշարունակվի իրերի դրությունը ԵՏՄ-ում:

– Եթե ամեն դեպքում դիտարկենք, որ այդ պահանջների հետևանքով Գյումրիից կարող է դուրս բերվել ռուսական ռազմական բազան, որի միայն ներկայությունը, որոշ փորձագետների պնդմամբ, զսպաշապիկ է Ադրբեջանի համար, Արևմուտքը պատրա՞ստ է ստանձնել այդ դերակատարությունը:

– Ասեմ, որ նման բան չի լինի, քանի որ դա որոշում է ոչ թե Երևանը, այլ Մոսկվան: Այնպես որ, չարժե այդ սցենարը դիտարկել նույնիսկ: Մոսկվան չի հրաժարվի այդ բազայից:

– Հայաստանն այլևս ԵՏՄ անդամ երկիր է, ինչը Ռուսաստանի հետ ավելի բարձր մակարդակի ինտեգրացիա է ենթադրում բոլոր, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, թեև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և այդպիսով իբրև թե ունի անվտանգության երաշխիքներ Ռուսաստանից, ՀՀ իշխանությունները Կրեմլին նվիրվածություն են ցուցաբերում, ինչպես պնդում են մի շարք միջազգայնագետներ:  Հնարավո՞ր է արդյոք, որ սա գնահատվի Կրեմլի կողմից և, ի վերջո, Ռուսաստանը սկսի կատարել անվտանգության ոլորտում իր պարտավորությունները:

– Դժվար է ասել, քանի որ Ռուսաստանը փորձում է խաղալ ԼՂ հակամարտության վրա, իսկ այդ խաղը շատ վտանգավոր է:  Այնպես որ, դժվար է հստակ ասել, թե ինչպես կզարգանա իրավիճակը, բայց ես  կարծում եմ, որ ներկայում Ռուսաստանն ավելի շատ զբաղված է  Հարավարևելյան Ուկրաինայում պատերազմով, այնպես որ,  Ռուսաստանն այսօր նույնիսկ հնարավորություններ չունի  Հարավային Կովկասում ակտիվ քաղաքականություն վարելու, առավել ևս՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար, թեև դա Ռուսաստանը պետք է  ապահովեր Հայաստանի այդ նվիրվածության համար:

 – Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում չափազանց լարված է:  Հեղինակավոր արևմտյան հետազոտական կազմակերպություններից մեկի համաձայն, չի բացառվում, որ Ադրբեջանը ցանկանա օգտվել Ռուսաստանի զբաղվածությունից Ուկրաինայում՝ տարածաշրջանի ստատուս-քվոն փոխելու նպատակով: Ձեր կարծիքով` ինչի՞ հետևանք է այս լարվածությունը, և դա ինչի՞ կհանգեցնի:

– Ես կարծում եմ, որ իրավիճակը չափազանց վտանգավոր է: Դա տեսանելի էր նախորդ տարի և այս տարի ևս շարունակվելու է: Իմ կարծիքով`  շատ կարևոր է այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի մարտ ամսին. Ռուսաստանն իրեն միացրեց մեկ այլ երկրի տարածքը: Առաջին անգամ հետսովետական տարածքում  մեկ երկիրն իրեն միացրեց մեկ այլ երկրի տարածքն աննախադեպ կերպով: Ուստի այս քայլը կարող է դառնալ օրինակ՝ այլ հետսովետական երկրների համար: Հետևաբար, ես ամենևին էլ չեմ բացառում, որ Ադրբեջանը սկսի գործել` հաշվի առնելով Ռուսաստանի քայլերն Ուկրաինայում և Ղրիմում: Ղրիմը դարձել է նախադեպ, և դա այլ երկրների համար ուղենիշային է դառնալու:

 – Կան նաև տեսակետներ, թե չի բացառվում` Ռուսաստանը ցանկանա միացնել Ղարաբաղը` դրանով իսկ Ղարաբաղը դարձնելով երկրորդ Ղրիմ:

– Ես կարծում եմ, որ այս սցենարը չափազանց իրատեսական է, քանի որ Լեռնային Ղարաբաղում սկսվում են լուրջ ռազմական բախումներ: Չի բացառվում, որ Ռուսաստանը խաղաղապահների անվան տակ օկուպացնի Ղարաբաղը, ինչպես պատահեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեպքում:

– Դուք ևս ընդունում եք, որ հակամարտության բռնկման լուրջ սպառնալիք կա: Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը կանխատեսելի է, իսկ ինչի՞ է պատրաստ Արևմուտքը` իր աչքի առջև ունենալով ուկրաինական դասը:

– Խնդիրն այն է, որ Արևմուտքը Հարավային Կովկասում ազդեցության լծակներ չունի: Այդ լծակները նույնիսկ պակասել են ուկրաինական պատերազմից հետո: Եթե դիտարկենք ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության արևելյան քաղաքականությունը, ապա ներկայում Ուկրաինան այդ կոնտեքստում համար առաջին խնդիրն է: Այսինքն` Արևմուտքի համար կարևոր է նախ՝ Ուկրաինան և հետո միայն՝ Հարավային Կովկասը:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս