Ո՞ր երկիրն են ակնարկում ԵՄ դիտորդները, աշակերտների հետ հանդիպելիս ինչո՞ւ են ագիտացիա անում, որ իրենք լրտես չեն
Հանրային հեռուաստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշել է, որ 2024 թվականի նոյեմբերից որոշել են այցելել սահմանամերձ դպրոցներ:
«Այցելում ենք դպրոցներ, իհարկե, հայտարարում, նախապատրաստում, կազմակերպում, դպրոցների տնօրենների հետ համակարգում այդ աշխատանքը: Զրուցում ենք այնտեղ աշակերտների հետ: Երեխաներին ներկայացնում ենք՝ ով ենք, պատմում ենք մեր աշխատանքի մասին: Բայց նաև մի քիչ պատմում ենք Եվրամիության մասին, ասում ենք երեխաներին, թե ինչ է ԵՄ-ն, ինչու այն գոյություն ունի, ինչ նպատակ է հետապնդում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ինչ արժեքներ է փայփայում, ինչ առաքելություն ունի: Եվ փորձում ենք այդ ամենն անել այնպես, որ երեխաները հասկանան, որովհետև նրանց մեծ մասը պարզապես լավ պատկերացումներ չունեն, թե ինչ է ԵՄ-ն: Միաժամանակ նաև փորձում ենք պայքարել ապատեղեկատվության դեմ, որը կարող է Հայաստան գալ: Մենք գիտենք, որ կան երկրներ, որոնք Եվրամիությունը կամ ԵՄ ներկայացուցիչներին դիտարկում են՝ որպես լրտեսներ, հետախուզական առաքելություններ»,- մանրամասնել է նա:
Նշենք, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) հիմնվել ու սկսել է իր գործառնությունը 2023 թվականի փետրվարի 20-ին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմամբ։
Իսկ ԵՄ դիտորդական առաքելության խնդիրը հետևյալն է՝ դիտարկել և զեկուցել տեղում իրավիճակի մասին, նպաստել հակամարտություններից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը և հնարավորինս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը:
Առաքելության գլխամասային գրասենյակը գտնվում է Եղեգնաձորում, վեց օպերատիվ գրասենյակները՝ Եղեգնաձորում, Ջերմուկում, Մարտունիում, Կապանում, Գորիսում և Իջևանում: Այսինքն, եթե ԵՄ դիտորդները, որոնք իրենց առաքելության շրջանակում, միևնույն է՝ շփվում են սահմանամերձ համայնքների ղեկավարության և բնակիչների հետ, պետք է, որ արդեն ապացուցած լինեն իրենց ՀՀ-ում տեղակայվելու արդյունավետությունը և վստահություն շահած լինեին: Բայց եթե, ամեն դեպքում, ԵՄ դիտորդական առաքելությունը որոշել է մտնել դպրոցներ և պատմել իրենց մասին և վստահեցնել, որ լրտեսությամբ չեն զբաղվում, որովհետև կան երկրներ՝ իրենց հենց այդպես են ընկալում, ապա հարց է ծագում, թե ո՞ր երկրի ասածների դեմ են քարոզչական արշավ իրականացնում սահմանամերձ համայնքների աշակերտների շրջանում՝ Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի: Ինչո՞ւ ենք այս հարցը տալիս, քանի որ ՀՀ-ում մոտ 3 տարի գործունեություն ծավալող ԵՄ դիտորդներին որպես լրտես է դիտարկել և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը:
Մասնավորապես, տարբեր առիթներով ՌԴ արտաքին գերատեսչության տարբեր դեմքեր ասել են, որ Հայաստանում ԵՄ դիտորդները հետախուզական տվյալներ են հավաքում Ռուսաստանի և Իրանի քաղաքականության վերաբերյալ: Ադրբեջանը ևս ի սկզբանե նման պնդումներ է արել՝ անվանելով նրանց ԵՄ դրոշներով լրտեսներ, որոնք հետախուզական տվյալներ են հավաքագրում Ադրբեջանի դեմ և ոչ միայն:
Եվ քանի որ խոսք գնաց հայ երեխաներից, 168.am-ն անցած տարի գրել էր, որ Ադրբեջանը նույնիսկ ավելի հեռուն էր գնացել և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության «վտանգավորության» մասին իր պնդումների համատեքստում փորձել «հիմնավորում» գտնել խաղաղ բնակչության, երեխաների հնարավոր թիրախավորման համար: Իսկ սրա համար հիմք էր ծառայել ԵՄ դիտորդական առաքելության նրբություններին հայ աշակերտներին գործնական ծանոթացումը:

Ըստ այդմ՝ հարցը մնում է անպատասխան, թե ո՞ր երկրի պնդումներն են փորձում հերքել հայ աշակերտների շրջանում՝ Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի…
