Գևո՛րգ եպիսկոպոս, որ անընդհատ Աստծո անունը տալիս ես, դու Աստծուն հավատո՞ւմ ես․ Տեր Զարեհի ուշագրավ բացահայտումները՝ Գևորգ եպիսկոպոսի մասին

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով մինչև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ տեղափոխվելը հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում, 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ուշագրավ բացահայտումներ արեց Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասին։

«Բռնաճնշումների ձևերի մասին կարելի է խոսել, և դրանք միայն ֆիզիկական իմաստով չպետք է հասկանալ, պետք է հասկանալ բարոյական, հոգեբանական, հոգևոր, մտավոր և տարբեր շերտեր։ Մասյացոտնի թեմից ներս հոգեբանական տեռորի են ենթարկվել բոլոր հոգևորականները, ովքեր առաջնորդ սրբազան հոր քաղաքական հայացքները, այս կամ այն հարցի վերաբերյալ նրա մոտեցումները չեն կիսել։ Ազատ կարծիք կամ միտք ունենալու իրավունք չենք ունեցել։ Չի եղել մի այնպիսի դեպք, որ ես հիշեմ, որ այնտեղ մեզ հանգիստ զգայինք։ Միշտ լարվածությունը կար, միշտ տագնապային վիճակը կար։ Երբ նա այցելում էր մեր համայնք, ամբողջությամբ լարված էինք, որովհետև կարող էր համայնքի ներկայությամբ բղավել քահանայի վրա, անպարկեշտ ձևակերպումներով դիտողություններ անել՝ իր կոչմանն ու կարգին ոչ հարիր»,- ասաց նա՝ նշելով, որ մինչ տեղափոխվելը զանգ է ստացել և հրավիրվել առաջնորդարան, որտեղ Գևորգ սրբազանը տիրադավների շարքն անցած Պողոս քահանայի հետ հոգևորականների էջերն են մոնիթորինգի ենթարկելիս եղել և տեր Զարեհին հարցրել է, թե ինչու իր լուսանկարը չկա նրա էջում։

«Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որպեսզի իր նկարը լինի պատգամավորների աշխատասենյակներում, իսկ Գևորգ եպիսկոպոսը պահանջում էր, որ իր նկարը մեր ֆեյսբուքյան էջերում լիներ։ Զավեշտալի մի դեպք կա, եկեղեցու էջով պաշտոնապես տեղադրվեց զուգարանում ձեռքերը չորացնելու սարք տեղադրելու լուսանկարը՝ մակագրելով՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ։ Պատկերացնո՞ւմ եք։ Մարդը տեղով բռնապետ է՝ ոչ միայն իր ենթակայության ներքո գործող քահանաների մասով, այլ նաև անձնական հարաբերություններում։ Ես տեսել եմ՝ ինչպես է այդ մարդը հեռախոսով խոսում ուրիշների հետ, ինչպես է բղավում նրանց վրա, ինչպիսի արտահայտություններ է անում։

Կարդացեք նաև

Այսօր թեմում ծառայող քահանաները որոշակի իմաստով կաշկանդված են, որովհետև ներկա պահին իրենց նկատմամբ ուղղակի տեռոր է իրականացվում։ Քահանաներին ահաբեկում են։ Մարզպետը կամ համայնքապետը իրեն թույլ է տալիս, գնում է քահանայի հետ հանդիպման, լայն ժպիտով։ Նրանք պատահական տեղից չեն գնում։ Ուղղակի ես զարմանում եմ, թե ինչպես այս ամենը չի նկատվում աշխարհի կողմից։ Մեկ տարի շարունակ մենք դատարանում էինք, որովհետև Եհովայի վկաներն իմ դեմ հայց էին ներկայացրել, և ամեն դատական նիստին ներկա էր գտնվում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը՝ իր համընթաց թարգմանիչով, Հելսինկյան գրասենյակից ներկայացուցիչներ, և այլն։ Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանն այդքան համարձակություն ունի, որ խոսում է ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, և իբրև թե շեշտում է, որ սա ոչ թե եկեղեցական խնդիր է, այլ ազգային անվտանգության խնդիր է, ապացուցված հանգամանք է, որ Եհովայի վկաների կազմակերպությունը ՀՀ-ում ազգային անվտանգության խնդիր է առաջին հերթին, ինչի՞ չեք զբաղվում Եհովայի վկաներով։ Թե՞ համարձակություն չունեք։ Հավաքական Արևմուտքը ձեզ ուղղակի օդերով կհանի, եթե հանկարծ ձեր խոսքի մեջ Եհովայի վկա արտահայտությունը նշեք։

Նույն մարզպետներից մեկը այդ ժամանակ եկել էր մոտս, ասում էր՝ Տեր Հայր ջան, քո կողքին ենք, բայց չենք կարող բարձրաձայնել։ Էդքան տղամարդ եք, որ ազգային անվտանգության խնդիրներով եք ուզում զբաղվել, գնացեք զբաղվեք առաջին հերթին մորմոններով, Եհովայի վկաներով, ովքեր Հայաստանում ազգակործան գործունեությամբ են զբաղվում։ Ի թիվս այս երկուսի, նաև մյուս բոլոր աղանդավորական կազմակերպությունները։ Նիկոլ Փաշինյան, եթե տղամարդ ես, այդքան ոգևորված քո ազգային ինքնության համար պայքարող մեկն ես, գնա առաջին հերթին զբաղվի Եհովայի վկաներով։ Տղա ջան, զբաղվիր աղանդավորների հարցերով, հանգիստ թող եկեղեցին։ Եկեղեցու անեծքը եթե քո գլխին էլ չթափվի, վստահ եղիր, որ թափվելու է քո սերունդների գլխին։ Եվ այն բոլոր իշխանականները, ոստիկանները, ովքեր ներգրավված են այս պիղծ գործունեության մեջ, անեծքի տակ են։ Եթե այսօր իրենք իրենց մաշկի վրա էլ չզգան, վաղն իրենց որդիներն են զգալու։ Սուրբ գրքում է ասվում՝ հայրերը ազոխ կերան՝ որդիների ատամները բռնվեցին»։

Ըստ նրա՝ Հայաստանում քահանաները վախենում են իրենց ընտանիքի անդամներին միայնակ թողնել տանը և գնալ ծառայության, որովհետև չգիտեն՝ ինչ տեղի կունենա իրենց ընտանիքի անդամների հետ․ «Այսօր Հայաստանում ծառայող իրենց ուխտին հավատարիմ քահանաները հերոսներ են, ովքեր այսքան բռնաճնշումներով հանդերձ՝ շարունակում են քաջաբար իրենց ծառայությունը։ Տիրադավ եպիսկոպոսների շարքում մարդիկ զարմանում են Գևորգ եպիսկոպոսի «նախանձախնդրության» վրա, թե ինչպիսի «նախանձախնդրությամբ է նա դարձել եկեղեցու դեմ պայքարողների առաջամարտիկը։ Մարդիկ ասում են՝ ես եպիսկոպոս եմ դարձել այսինչ կաթողիկոսի ժամանակ, իսկ սա ամբողջ իր ձեռքբերումների համար պարտական է Ամենայն Հայոց Հայրապետին, բայց տաղավարից տաղավար է գնում ու ինքն իրեն խայտառակում։ Այն մեղադրանքները, որոնք այսօր հնչեցնում է, բոլորն այսօրվա իշխանության կողմից թելադրված թեզեր են»։

Դիմելով Գևորգ եպիսկոպոսին՝ նա ուշագրավ հայտարարություն արեց․ «Երբ անընդհատ ասում ես՝ Աստված վկա, դու Աստծուն հավատո՞ւմ ես, դու ասում ես՝ Աստծո գոյությունը դեռ քննելի առարկա է․․․ Հիմա այս մարդը եկեղեցու բարենորոգմամբ է զբաղվում․ նախ ինքդ քեզ բարենորոգիր, հետո նոր կսկսես ուրիշների մասին մտածել։ Թեմի ամբողջ ձեռքբերումները քահանա հայրերի շնորհիվ է և Աստծո ողորմությամբ։ Ժամանակին շատ էիր քննադատում Արարատյան Հայրապետական թեմը, իսկ այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի հետ նույն շարքում ես կանգնում, տղա ջան։ Դու Վազգեն եպիսկոպոսի մասին ինչ ասես՝ խոսում էիր՝ ամենախիստ, ոչ եթերային բառերով, նույնը՝ Առաքել սրբազանի, Վրթանես սրբազանի մասին։ Ծաղրում էիր, ասում էիր՝ երբ 20-րդ դարի սկզբին, երբ Արցախի թեմը փակվեց, էլի եպիսկոպոսի անունը Վրթանես էր։ Դու ծիծաղելով էիր դա ասում։ Դու Աբրահամ սրբազանի մասին էիր շատ կոպիտ խոսում։ Այսօր դուք բարեկամներ եք դարձե՞լ»։

Տեր Զարեհի խոսքով՝ Գևորգ եպիսկոպոսն ու իր փեսան հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց կանչում էին առաջնորդարան և ծաղրում․ «Այդ ամենը մեր աչքի առաջ է եղել, չես կարող հերքել։ Դու այնտեղ աշխատող յուրաքանչյուր մարդու ծաղրուծանակի էիր ենթարկում»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս