Կլինի՞ հարված Իրանին. Թեհրանի հայացքը Հայաստանին՝ ԱՄՆ-ի հետ սրվող լարվածության ֆոնին
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավատորմ է շարժվում դեպի Իրան, սակայն հույս ունի, որ ստիպված չի լինի օգտագործել այն:
«Մենք շատ նավեր ունենք այդ ուղղությամբ գնացող, ամեն դեպքում… Ես կնախընտրեի ոչինչ չտեսնել, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց»,- Դավոսից վերադառնալիս լրագրողներին ասել է նախագահ Թրամփը:
Օրերս մի շարք արևմտյան ԶԼՄ-ներ գրեցին, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կժամանեն «USS Abraham Lincoln» ավիակիրը և մի քանի կառավարվող հրթիռային ականակիրներ: Ռազմանավերը տարածաշրջանից սկսեցին շարժվել անցյալ շաբաթ: Իրանում բողոքի ցույցերի ֆոնին՝ ԱՄՆ-ի ու Իրանի միջև լարվածությունը կտրուկ սրվել էր: ԱՄՆ նախագահը սպառնում էր Իրանին հարվածներով: Թրամփը պնդում է, որ իր սպառնալիքներից հետո Իրանը չեղարկել է գրեթե 840 կախաղան հանելու դատավճիռ: «Ես ասացի՝ եթե դուք այդ մարդկանց կախաղան բարձրացնեք, ձեզ ավելի ուժեղ հարված կհասցվի, քան երբևէ»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Ռուս վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, թե հնարավոր է, որ ԱՄՆ-ը առաջիկայում հարված հասցնի Իրանի Իսլամական Հանրապետությանը: Արևելագետն ասաց, որ սպառնալիքները կշարունակվեն, դա Թրամփի արտաքին քաղաքականության անբաժան մասն է: Սակայն, նրա գնահատմամբ, լայնամասշտաբ հարվածի հավանականությունը կարծես ցածր է, իսկ սահմանափակ, թիրախային գործողությունների հավանականություն կա:

Այնուամենայնիվ, ըստ վերլուծաբանի, ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ը անընդհատ սպառնում է, սակայն զգուշանում է միանգամից ու լայնամասշտաբ հարվածից, քանի որ Իրանը բարդ թիրախ է, որն ունի՝ ինչպես պաշտպանություն, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքում գործող ցանց:
«Ցանկացած քայլ Իրանի դեմ կարող է շղթայական մի շարք հետևանքների հանգեցնել, բարձրացնելով իրավիճակի սրման ռիսկերը Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եմենում, Պարսից ծոցում և այլուր: Մերձավոր Արևելքում շատերը դեմ են այս հարվածին՝ հասկանալով դրա լայն ռիսկերը, ու այս թեմայով կա անընդհատ աշխատանք ամերիկյան կողմի հետ: Այստեղ առավելապես խոսքը զսպման քաղաքականության մասին է, թեև, մի շարք տեղեկությունների համաձայն, Իրանում պատրաստվում են ցանկացած սցենարի՝ հատկապես 12-օրյա պատերազմից ու վերջին ներքին անկայունությունից հետո»,- ասաց վերլուծաբանը:
Նա ասաց, որ Իրանի դեմ ցանկացած քայլ Հայաստանին դնում է բարդ իրադրության մեջ, քանի որ Հայաստանը հայտնվում է մեծ ուժերի շփման գոտում, աճում է տարածաշրջանի ռազմական լարվածությունը, ակտիվանում են արտաքին դերակատարների հետախուզական և քաղաքական հետաքրքրությունները ռեգիոնի հանդեպ, ինչպես որ ներկայիս փուլում է:
«Գաղտնիք չէ, որ Իրանը խիստ զգայուն վերաբերմունք ունի Հայաստանի տարածքի նկատմամբ, Իրանի համար չափազանց կարևոր է, որ ՀՀ տարածքը չդառնա Իրանին թշնամական ուժի համար հենարան: Ուստի, Հայաստանի համար գլխավոր հարցը նման բարդ իրավիճակում աշխարհաքաղաքական այս բարդ հավակնություններին ճիշտ արձագանքելն է: Ակնհայտ է, որ Թեհրանի քաղաքական ուշադրությունը ՀՀ-ի նկատմամբ բարձր է՝ հատկապես Արևմուտքի հետ սերտ շփումների ֆոնին: Իրանական կողմը փորձում է ակտիվացնել դիվանագիտությունը հարավկովկասյան ուղղությամբ՝ փորձելով ամրապնդել երկխոսությունն ու չեզոքացնել հնարավոր ռիսկերը»,- ասաց նա:
Փորձագետի կարծիքով՝ Իրանը հնարավոր բարդ սցենարների պարագայում դիտարկում է «Ադրբեջանի պահվածք»-ն ու քաղաքականությունը՝ հաշվի առնելով խիստ սերտ կապերն Իսրայելի հետ, իսկ ներկայումս խորացող համագործակցությունը՝ Թրամփի ադմինիստրացիայի հետ:
