Բաժիններ՝

Գյումրիում հուսահատության և դատապարտվածության մթնոլորտ է

Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում որոշում էր կայացվել այսօր կազմակերպել խորհրդարանական լսումներ «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացի մասին» թեմայով:

Ավելի ուշ՝ երեկոյան հայտնի դարձավ, որ Սերյոժա Ավետիսյանի մահվան պատճառով խորհրդարանական լսումներն անորոշ ժամանակով հետաձգվել են:
Խորհրդարանական լսումների կազմակերպիչների նպատակներից մեկն այն է, որ խորհրդարանը ևս իր գնահատականը տա վերջին շրջանում հնչող իրավական բնույթի հարցադրումներին.

«Արդյո՞ք Վալերի Պերմյակովը պետք է հանձնվի հայ իրավապահներին, ո՞վ պետք է իրականացնի քննությունը, ո՞ր երկրի դատարանը պետք է քննի Պերմյակովի գործը, և, ի վերջո, որտեգղ պետք է իր պատիժը կրի հանցագործը»: Խորհրդարանական լսումների ֆորմատն այնպիսին է, որ դրանց արդյունքում որևէ որոշում չի կայացվում, այլ ընդամենը հնչում են ելույթներ, տրվում են գնահատականներ և ընդամենը:

Խորհրդարանի պատգամավորները հասկանում են, որ իրենց լիազորությունը թույլ չի տալիս այս հարցում ինչ-որ որոշում կայացնել, և իրենք չեն կարող միջամտել ընթացող գործընթացին: Բայց նրանց համար այս լսումները կարևոր են զուտ քարոզչական իմաստով, որովհետև լսումների կազմակերպման ժամանակ պատգամավորները ցույց կտան, որ իրենք ևս կողմ են արդարադատությունը Հայաստանի տարածքում իրականացնելուն:

Կարդացեք նաև

Հայաստանի խորհրդարանը գնում է իրադարձությունների հետևից, և իրադարձություններին անդրադառնում է խիստ ուշացած: Նման խորհրդարանական լսումների կազմակերպումը կարող էր ակտուալ լինել նախորդ շաբաթ, բայց ոչ հիմա, որովհետև Պերմյակովի ճակատագիրը հիմա գյումրեցիների համար երկրորդական նշանակություն ունեցող հարց է:

«Ճիշտ է, գյումրեցիները ներկայացրեցին պահանջներ, որ Պերմյակովի գործի քննությունն ընթանա Հայաստանում, որ այն իրականացնեն հայ իրավապահները, որ նա իր պատիժը կրի Հայաստանում, բայց այդ պահանջների հիմքում ընկած է այն անվստահությունը, որ եթե նրան դատեն Ռուսաստանում, որ եթե նա պատիժը կրի ռուսական կալանավայրում, նրան կարող են չափազանց մեղմ պատիժ սահմանել, նրան կարող են ազատել դեռևս դատարանի վճռով սահմանված պատժաժամկետից շատ շուտ: Բայց ավելի գլոբալ առումով` գյումրեցիների բողոքն ուղղված է քաղաքում տիրող անտերության, բարձիթողի վիճակի դեմ, որը հնարավորություն տվեց, որ զինված հանցագործը կարողանա անարգել մտնել Ավետիսյանների ընտանիք, սպանել ընտանիքի անդամներին, և կարողացավ հեռանալ դեպքի վայրից ու թաքնվել»,- գյումրեցիների տրամադրություններն այսպես է նկարագրում «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը:

Արդյոք Գյումրիում հնարավո՞ր է նոր լարվածություն, ընդվզման նոր դրսևորումներ: Որևէ մեկն այս հարցին չի կարող պատասխանել, որովհետև, ի տարբերություն մյուս դեպքերի, երբ կան հստակ կազմակերպիչներ, Գյումրիի բողոքի ցույցերը չունեն կոնկրետ կազմակերպիչներ, և ամեն ինչ տեղի է ունենում ինքնաբուխ:

«Հունվարի 12-ին էլ Գյումրիում ամեն ինչ խաղաղ էր, և ոչ ոք չէր պատկերացնում, որ հաջորդ երկու օրերին կարող են լինել բողոքի գործողություններ և ընդհարումներ Ոստիկանության հետ: Այսօր էլ քաղաքում մեռելային լռություն է, որովհետև մարդիկ շոկի մեջ են: Մարդիկ յոթ օր ապրել են լավատեսությամբ, ապրել են հույսով, որ Սերյոժան կապաքինվի, որ դա կլինի իրենց հաղթանակը մարդասպանի նկատմամբ, բայց հիմա ստացվում է, որ մարդասպանը կրկին հաղթում է: Դրա համար շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կարող է լինել վաղը կամ մյուս օրը»,- մեր հարցին ի պատասխան` ասում է Թումասյանը:

Գյումրեցիների մոտ կա հուսահատություն և դատապարտվածության զգացողություն, նրանցից շատերը սկսել են խոսել, որ քաղաքն անիծված է, որ այստեղ միայն վատ բաներ են տեղի ունենում. երկրաշարժ, մասսայական սպանություններ: Վահան Թումասյանն ասում է, որ դրա պատճառը գյումրեցիների ծայրահեղ վատ սոցիալական պայմաններն են, իշխանությունների կողմից լքված և մոռացված լինելու գիտակցումը: «Իշխանությունները պետք է շտապ քայլեր ձեռնարկեն մարդկանց այս վիճակից հանելու, այս սթրեսային վիճակը թուլացնելու համար: Որովհետև Գյումրիում հիմա այնպիսի վիճակ է, որ մարդիկ ասում են. դե լավ, եթե դուք մեր դեմ եք, որ դուք մեր քաղաքի դեմ եք, մենք էլ պատրաստ ենք ինքնազոհողության: Իշխանությունը պետք է մարդկանց դուրս բերի այդ զոհի կարգավիճակից, մարդկանց ապրելու հույս տա»,- ասում է Վահան Թումասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս