Բաժիններ՝

«Չենք պատրաստվում ամեն օր սպասել, թե ռուս զինվորականը մի օր խմած, ուռած, ծակված կամ իր պետության հրահանգով դուրս կգա ու հայ ընտանիք կբնաջնջի» (տեսանյութ)

Այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպել էին բողոքի ակցիա հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած հայ ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական փոքրիկին դանակահարելու ողբերգական դեպքի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ այս դեպքի հիմնական կասկածյալը ռուսական 102-որդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովն է, որը խոստովանել է, որ ինքն է այդ ողբերգության հեղինակը:

Այսօր ՌԴ դեսպանատան մոտ հավաքված մարդկանց պահանջները տարբեր էին: Ոմանք պահանջում էին, որպեսզի հետաքննություն կատարվի և դեպքի ամբողջ մանրամասները հստակեցվեն: Որոշ մարդկանց համար էլ շատ կարևոր էր, որ դեպքի քննությունը և Վ. Պերմյակովի դատավարությունը իրականացնեն ոչ թե ռուս, այլ հայ իրավապահները: Ցուցարարներից ոմանք էլ անգամ պահանջում էին, որ ռուսական ռազմաբազան ամբողջովին տեղահանվի Հայաստանից:

Նշենք, որ բողոքի ակցիան տեղի էր ունենում ոստիկանների և քաղաքացիների միջև  բախումներով: Ցուցարարները փորձում էին մոտենալ դեսպանատան շենքին, իսկ ոստիկանները նրանց թույլ չէին տալիս: Ցուցարարները ոստիկաններին անվանում էին «ստրուկներ», երբեմն էլ՝ «թուրքեր»:

Կարդացեք նաև

«ՌԴ-ից պահանջում ենք հեռանալ Հայաստանից, հեռացնել իր վտանգավոր, ռազմաշունչ ներկայությունը, հեռացնել ռազմական բազան և հեռանալ Հայաստանից, որովհետև սա ռազմավարական գործընկերություն չէ, սա անեքսիա էր: Մենք չենք ուզում, որ վտանգված լինի մեր քաղաքացիների կյանքը, չենք պատրաստվում ամեն օր սպասել, թե ռուս զինվորականը մի օր խելքին կբրդի՝ խմած կամ ուռած կամ ծակված կամ իր պետության հրահանգով դուրս կգա ու հայ ընտանիք կբնաջնջի»,- բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակտիվիստ Գայանե Առուստամյանը:

168.am-ի հետ զրույցում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որը նույնպես մասնակցում էր ակցիային, նշեց, որ Վալերի Պերմյակովի դատավարությունը կիրականանա հա՞յ, թե՞ ռուս իրավապահների կողմից՝ կարևոր չէ. «Պերմյակովն ընդամենը մի խորհրդանիշ է, ընդամենը մի խրտվիլակ է, հարցը բոլորովին այլ է՝ մենք լինելո՞ւ ենք պետություն, լինելո՞ւ ենք ազատ երկիր, թե՞ ոչ: Իսկ Պերմյակովն ընդամենն ընդգծեց մեր ստրկության, մեր անազատության խորությունը: Մենք պատրաստ ենք արտահանձնել և՛ Պերմյակովին, և՛ ամբողջ Պերմյակովների 102-րդ բազան Ռուսաստանին: Օտար ռազմաբազա այստեղ երբեք չպետք լինի»,- նշեց կինոռեժիսորը:

Բախումների արդյունքում՝ ոստիկանները մի քանի հոգու բերման ենթարկեցին, որոնց թվում են կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը և վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Ցուցարարները ուզում էին մոտենալ ՌԴ դեսպանատան փոստարկղին և այնտեղ պաստառներ և որոշ թղթեր գցել, սակայն ոստիկանները նրանց չէին թույլ տալիս մոտենալ շենքին: Ոստիկանները պատճառաբանում էին, թե փոստարկղում գցում են նամակներ և ոչ թե պաստառներ կամ թղթեր: Ի վերջո, ոստիկանները մի քանի ակտիվիստի թույլատրեցին մոտենալ և գցել պաստառները փոստարկղի մեջ: Դրանից հետո իրավիճակը համեմատաբար հանդարտվեց և ակցիայի մասնակիցները սկսեցին հեռանալ դեսպանատան մոտից:

Բողոքի ակցիայի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս