Ինչու են բերման ենթարկվել ցույցի մասնակիցները. պարզաբանում են ՀՀ ոստիկանությունից
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ իրականացվող ակցիայից 3 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 168.am-ին փոխանցեցին, որ այդ անձինք ոստիկանության են տարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված գործողություններ կատարելու համար՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Նշենք, որ այդ հոդվածով նախատեսվում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
Ըստ տեղեկությունների՝ բերման ենթարկվածների թվում են Տիգրան Խզմալյանն ու Արգշտի Կիվիրյանը:
Նշենք, որ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ոստիկանություն բերման է ենթարկվել 4 ցուցարար: