2009 թվականին Օբաման ու Ալիևը գժտվել են հայ-թուրքական սահմանի բացման խնդրի պատճառով. ադրբեջանական մամուլ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ադրբեջան» պաշտոնաթերթում (խորհրդարանի տպագիր մարմին) հրապարակվել է խմբագրակազմի հոդվածը, որում սուր քննադատության է ենթարկվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Օբամայի երկակիությունը» անվանմամբ այդ հոդվածում նշված է. «Օբաման չի արդարացրել ներշնչած հույսերը և չի կատարել խոստումները, որոնք նա տվել է ԱՄՆ նախագահ ընտրվելիս»:
Ընդ որում, հոդվածում մեջբերումներ են արվում Foreign Affairs պարբերականում Ֆինեմորի ու Ֆրելի հեղինակած հոդվածից, որում Օբամայի քաղաքականությունը որակվել է որպես «երկերասանի»:
Ապա հղումներ են արվում WikiLeaks-ի նյութերին, որոնցում «ապացուցվում» է, որ ԱՄՆ-ը լրտեսում է ոչ միայն հակառակորդներին, այլև՝ անգամ բարեկամական երկրների առաջնորդներին և վարկաբեկիչ նյութեր է հավաքում նրանց դեմ.
«Բացի այդ, ԱՄՆ-ը չի կատարում իր դաշնակիցներին պաշտպանելու մասին խոստումը և որպես դրա ապացույց նշվում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը:
ԱՄՆ-ը պարտավոր էր իշխանության ղեկին պահել Մուբարաքին ու Մուրսիին, քանի որ նրանք կատարել են Վաշինգտոնի բոլոր խնդրանքները, սակայն իրականում հենց ԱՄՆ-ն է կազմակերպել նրանց տապալումը:
Սեպտեմբերի 11-ի դեպքերը հանդիսացել են Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի, Եմենի, Լիբիայի, Թունիսի դեպքերի պատասխանը: «Գունավոր հեղափոխությունները» ու «Արաբական գարունը» դժբախտություններ են պատճառել այդ երկրներին:
Այդ երկրների դեպքերը տարածվել են Եվրոպայում ու Ուկրաինայում: ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ջանքերի շնորհիվ նախկին ԽՍՀՄ-ի ամենահարուստ երկրներից մեկը քաղաքացիական պատերազմի մեջ է»:
Ապա հոդվածում նշված է, որ Օբամայի նախագահության ժամանակ վատթարացել են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները. «Նախկին վարչակազմերի ժամանակ կողմերը լսել են միմյանց ու կատարել են խոստումները: Սակայն Օբամայի գալուց հետո չի արվել Ադրբեջանին աջակցելու որևէ քայլ:
Մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ը պետական մակարդակով կիրառել է երկակի ստանդարտներ, ինչը դրսևորվել է նրանում, որ Օբաման անկարող է եղել Բրայզային հաստատել Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
ԱՄՆ-ի մի շարք շրջանակներ սկսել են ձգտել Ադրբեջանում իրականացնել իշխանափոխության սցենարներ: ԱՄՆ-ի ԶԼՄ-ներն ու ՀԿ-ներն ուժեղացնում են Բաքվի դեմ «սև փիարի» կամպանիան: Այդ երկերեսանիության ու կեղծավորության պատճառներն անհնար է հասկանալ»:
Հոդվածի հեղինակները գտել են դրա բացատրությունը: Նրանց կարծիքով՝ Օբաման «անձնական վիրավորանք» է ստացել Իլհամ Ալիևից. «2009 թվականին Օբաման Իլհամ Ալիևին հրավիրել է Ստամբուլ, որպեսզի համոզի նրան՝ համաձայնվելու հայ-թուրքական սահմանի բացմանը: Սակայն Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Ստամբուլ: Օբաման, կարծես թե, ցայժմ չի կարողանում դրա համար ներել Իլհամ Ալիևին»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ամերիկյան The New York Times թերթում հրապարակվել էր «Իլհամ Ալիևի երկու երեսը» խորագրով հոդված: