Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա շնորհավորական ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
«Տարեմուտի խորախորհուրդ երեկոն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերը և օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:
2015 թվականը սրբության լույսով է բացվում մեր կյանքում: Նշելու ենք 100-ամյա տարելիցը Հայոց Ցեղասպանության: Ապրիլի 23-ին սրբոց շարքն ենք դասելու մեր անմեղ նահատակներին: Վերարժևորելու ենք մեր նահատակ զավակների սխրանքը, ովքեր չուրացան Քրիստոսին, հայրենիքն ու ազգը, որ հավատարմության բարձրագույն օրինակով սրբության վկայություն է: Կատարելու ենք նաև մյուռոնօրհնության սրբազան արարողությունը, որպեսզի աստվածային շնորհաբաշխումով պայծառանա ու զորանա հավատքի մեր կյանքը, և ի սփյուռս աշխարհի մեր ժողովրդի զավակները Աստծո հովանու և պահպանության ներքո ապրեն սիրով ու միասնական, խաղաղության, ապահովության ու բարօրության մեջ:
Նոր տարվա սեմին վերստին փառք ենք մատուցում Տիրոջը, որ մեր ժողովուրդը իր հավատքի զորությամբ ուժականությունն ունի ժամանակների փորձություններն ու դժվարությունները հաղթահարելու, պետականություն կերտելու, արցախյան գոյամարտը հաղթանակով պսակելու և ի սփյուռս աշխարհի միախորհուրդ ու միասնական կյանքով` իր ապագան կառուցելու: Լավատեսության ոգով բարի իղձեր ու նպատակներ ունենք հզորացնելու մեր հայրենիքը, մեր արդար դատը պաշտպանելու և բարօր, շեն ու պայծառ դարձնելու ազգային մեր կյանքը:
Խռովահույզ է այսօր աշխարհը. տագնապներ, ճգնաժամեր, հակամարտություններ, որոնցից տուժում են նաև մեր երկիրն ու ժողովուրդը: Խնդիրներ, մարտահրավերներ կան հայրենական մեր կյանքում: Անկայուն է խաղաղությունը և մեր սահմաններում: Մեր Հայրենիքը ապահով, մեր սահմանները պաշտպանված, պետական-հասարակական մեր անդաստանը խաղաղության մեջ պահպանելու և համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխանատվությունը ամենքինս է: Աստծո հետ, տերունապատվեր եղբայրսիրությամբ, միմյանց աջակից ու զորակից, հաշտության ու խաղաղության ոգով, միասնական ջանքերով ի զորու ենք նեղություններն ու դժվարությունները հաղթահարելու, ձեռքբերումներն ու հաջողություններն ամրագրելու և իրական դարձնելու մեր սրտերում փայփայած բոլոր բարի իղձերը:
Տարին նվիրական է սրբության լույսով: Տարին հրավեր է ազգային արթնության, կոչ է հոգևոր նորոգության, ինքնամաքրման, պատգամ է հանձնառության, պատվիրան` սիրո և հավատքի գործերի: Զորանանք մեր կոչման և ծառայության մեջ, մեր նվիրումը, ջանքը և ամեն կարելիությունը բերենք ազգին, հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն և մեր զավակներին փոխանցենք ծաղկուն ու զարգացող երկիր և քրիստոնեական արժեքներով ամուր ազգային կյանք:
Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ ազգս հայոց մնա Տիրոջ օրհնության ու շնորհների ներքո, հեռու լինի փորձություններից, Աստծո զորակցությունն ու Սուրբ Հոգու մխիթարությունը ապավեն լինեն բոլոր նեղյալներին ու վշտացյալներին, և Տիրոջ ամենախնամ Աջի պահպանությունը հովանի լինի հայրենյաց պաշտպան մեր զավակներին և բոլոր նրանց, ովքեր տոնական այս պահին գտնվում են իրենց ծառայական պարտականությանց մեջ:
Աղոթք ենք բարձրացնում հակամարտությունների և պատերազմների դժվարությունները կրող ժողովուրդների, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ապրող մեր ժողովրդի զավակների համար` խնդրելով, որ խաղաղությունն ու ապահովությունը շուտով հաստատվեն նրանց կյանքում:
Խաղաղություն, սեր և բարօրություն ենք մաղթում աշխարհին և համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին, մեր Հայրենիքին, ձեր ընտանիքներին, սիրելի զավակներ Մեր: Բարի տարի ամենքիդ, Աստծո առատ օրհնությունը` ձեր կյանքին և հույսերին: «Հույսով ուրախացեք, բարին խորհեցեք, համերաշխ եղեք, միմյանց հետ խաղաղություն պահեցեք» (հմմտ. Հռ. 12.12, 16-18):
Շնորհավոր նոր տարի»: