Գրիգոր Դանիելյան. «Իմ ու Հռիփսիմեի երազանքն է աղջիկ ունենալը»
Հումորիստ, սցենարիստ, հաղորդավար Գրիգոր Դանիելյանի և նրա կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ հանդիպեցինք իրենց փոքրիկի Ամանորյա հանդեսից հետո: Եվ քանի որ փոքրիկն արդեն տեսել էր Ձմեր պապին և ստացել նվերը, օրն արդեն ավարտված էր համարում և բացահայտ ձանձրանում էր, քանի դեռ հայրիկն ու մայրիկը հարցազրույց էին տալիս մեր 168.am-ին:
– Սկսենք Ձեր և Ձեր կնոջ համատեղ «60-ամյակից»: Երբ անցյալ տարի Ձեր երկուսիդ տարեդարձը միավորելով մեծ շուքով և ընկերական շրջապատում նշեցիք 30-ամյակները՝ թխվածքի վրա գրված էր 60 թիվը: Առհասարակ կյանքում ամեն հարցո՞ւմ եք հումորին տուրք տալիս:
Գրիգոր. – Ամեն ինչը չէ, որ հումորի ենք վերածում, բայց հումորով ենք վերաբերվում ցանկացած երևույթի, քանի որ կյանքն առանց այն էլ շատ բարդ է: Պարզապես, երբ որևէ միջոցառում պետք է նշենք՝ անպայման ուզում ենք, որ այն կրեատիվ և հետաքրքիր լինի:
– Օրեր անց կսկսվի ամանորյա խոզի բուդ ուտելու, կոնֆետի տուփերը տնից տուն «պտտելու» և ազգականներին տարին գոնե մեկ անգամ հիշելու տոնը՝ Նոր տարին: Դուք, սակայն, արդեն ընտանեկան ավանդույթ եք դարձրել այդ օրերին քաղաքից դուրս փախչելը:
Հռիփսիմե. – Ինչ ամուսնացել ենք՝ Նոր տարին տանը չենք դիմավորում: Փորձում ենք հեռու մնալ Նոր տարվա այդ աժիոտաժից:
– Հոլիվուդյան ֆիլմերից մեկում ներկայացվում է մի զույգ, ով որոշում է Սուրբ Ծննդյան տոնը չնշել և խնայած գումարով հարևաններից փախչել մի տաք երկիր՝ հանգստանալու: Սակայն այդ նույն հարևանները չեն ներում նրանց՝ ավանդույթը խախտելու որոշումը ու, մեղմ ասած, պատժում են: Ինչպե՞ս են Ձեր հարևաններն ու բարեկամները վերաբերվում քաղաքից փախչելու՝ Ձեր որոշմանը:
Գրիգոր. – Ամեն դեպքում, եթե պետք է գնալ ինչ-որ մեկի տուն, ապա դա կարելի է անել նաև, օրինակ, փետրվարի 5-ին: Հարազատներին և բարեկամներին ոչ թե Նոր տարուց Նոր տարի է պետք հիշել, այլ ավելի հաճախ: Մեր բարեկամներն ու ընկերներն արդեն սովորել են, որ մենք քաղաքում չենք լինելու այդ օրերին: Նոր տարին տոն է, որը պետք է ամեն ոք իր նախընտրած տարբերակով անցկացնի, և, ամենակարևորը, այդ օրերին ոչ թե հոգնի, այլ հանգստանա: Թե չէ՝ էլ ի՞նչ տոն, եթե բոլորը դժգոհ են, հոգնած, և հարազատներին այցելություններն էլ պարտադրաբար են արվում, ստիպված: Դա անկեղծ չէ և անմիջապես նկատվում է:
Հռիփսիմե. – Չնայած Ամանորի գիշերը մենք կորպորատիվ միջոցառումներ ենք վարում, սակայն դա մեզ չի խանգարում անցկացնել նաև մեր հանգիստը: Անգամ եղել է դեպք, երբ գիշերն անցկացրել ենք հրապարակում՝ մեքենայի մեջ. չէինք հասցրել շուտ երգել:
– Այսինքն՝ Ծաղկաձորում Նոր տարին նշելու ավանդույթն աշխատանքի բերումով է ստացվել:
Գրիգոր. – Այդպես չէի ասի: Գնում ենք հանգստանալու, բայց երբ աշխատանքի առաջարկներ են լինում՝ ընտրում ենք այն վայրը, որտեղ և ըստ այդմ պետք է հանգստանանք:
– Ամուսիններով համատեղ մի քանի տեսահոլովակ ունեք: Այդ տեսահոլովակներն արվում են կոմերցիոն նպատակո՞վ, թե՞ «ընտանեկան արխիվի» համար:
Գրիգոր. – Հռիփսիմեն արդեն երկար տարիներ բեմում է և պրոֆեսիոնալ երգչուհի է, նա երգում էր նաև առանց ինձ, նաև դասավանդում է: Հռիփսիմեի ցանկությունն էր, որ միասին ելույթ ունենանք: Մեր համատեղ ելույթները հարսանիքից սկսվեցին: Մենք ունեինք համատեղ երգ, որի տեսահոլովակը նկարահանեցինք հարսանիքից հետո:
– Հռիփսիմե, եթե Գրիգորը չլիներ Ձեր ամուսինը, որպես պրոֆեսիոնալ երգչուհի՝ թույլ կտայի՞ք նրան երգել:
Հռիփսիմե. – Երբ մենք գնացել էինք ստուդիա՝ ձայնագրվելու, ես ուղղակի զարմացած էի Գրիգորի ձայնի վրա՝ նա շատ բարձր նոտաներ էր երգում: Նա այնքան շատ էր նմանակել այլ երգիչներին, որ դեռ երկար չէինք գտնում իր բնական ձայնը: Կարծում եմ՝ Գրիգորի ձայնը շատ գեղեցիկ է: Շուտով ես կունենամ մի տեսահոլովակ, որտեղ միայն ես եմ երգելու, բայց որտեղ խաղալու են Գրիգորն ու մեր որդին:
– Երևի կհամաձայնեք, որ այն, ինչ քարոզվում է եթերից, լինի երգ, հաղորդում, ֆիլմ թե հումոր՝ ճաշակ է թելադրում: Դուք, որպես երկար տարիներ հեռուստատեսային հումորի բնագավառում գտնվող մարդ, ինչպե՞ս եք գնահատում այն հումորը, որն ունենք այսօր:
Գրիգոր. – Ժամանակի հետ փոխվում է հումորի տեսակը: Պետք չէ մնալ հին տաշտակի առաջ: Պետք է շարժվել առաջ և փորձել մատուցել նորը: Օրինակ բերեմ «Ֆուլ Հաուսը», որը՝ որպես հումորի տեսակ, նորություն էր մեր եթերում: Որպես սցենարիստ՝ նաև ասեմ, որ բազմիցս եմ մտածել հումորի մատուցման ձևը փոխելու ուղղությամբ: Արդեն երկու տարի է, ինչ այդ ամենը «եփվում է» իմ մտքում: Շարունակ մտածում էի, որ պետք է փոխել հումորի լեզուն՝ ժարգոնային մտածելակերպը: Բայց մենք ինքներս մեր դեմ չէինք կարող պայքարել:
– Այսինքն՝ Դուք Ձեզ մեղավո՞ր էիք զգում ժարգոնային հումորի տարածման հարցում:
Գրիգոր. – Մենք սկսեցինք՝ հիմնվելով հումորի հին բազայի վրա: Դա այն հումորն էր, որն այդ տարիներին աշխատում էր: Օրինակ՝ «Երևանը» իր ֆորմատով նոր էր, սակայն խոսքի մատուցման մեջ կար ժարգոնը: Դա էլ գալիս էր նրանից, որ ընտրված էին կերպարներ, որոնք ի սկզբանե չէին կարող գրական հայերենով խոսել: Օրինակ՝ Վիպոյանը. իր կերպարի համապատասխան, իհարկե, նա չէր կարող խոսել առանց ժարգոնի…
– «Երևանը» միշտ նմանեցնում էին «Նաշա Ռաշային»: Իսկ ո՞րն է «Ֆուլ Հաուսի» նախատիպը:
Գրիգոր. – Դե «Նաշա Ռաշան» էլ նմանեցնում են «Լիթլ Բրիթանին»:
– Կարծում եմ՝ այդ շղթան կարող է անվերջ ձգվել: Սակայն խնդիրն այստեղ, թերևս, մատուցման որակի մեջ է: «Ֆուլ Հաուսն» իր կերպարներով՝ երեք տղամարդ և երկու աղջիկ, նմանեցնում են նաև «3+2» հանրահայտ կինոկոմեդիային
– Արդյո՞ք: Բայց բոլորովին նման չէ: Դուք ունեք նաև հիասքանչ տիկին Թամարա:
Գրիգոր. – Միգուցե իրավիճակն են նմանեցնում, երբ երեք տղամարդ և երկու աղջիկ հայտնվում են նույն հարթակում: Գաղափարն ամբողջությամբ մերն է, և ոչ մի տեղից չենք կրկնօրինակել:
– Ըստ Ձեզ՝ ի՞նչն է այսօր ծիծաղ առաջացնում:
Գրիգոր. – «Ֆուլ Հաուսի» օրինակով կարող եմ ասել. այստեղ մենք փոխել ենք հումորի տեսակը: Այս սերիալում իրավիճակային հումոր է, այստեղ չկան ծամածռություններ, դիտավորյալ ասված աղավաղված խոսքեր, որ ծիծաղ առաջացնի:
– Չե՞ք կարծում, որ մի փոքր ուշացել եք: Քանի որ այսօր երիտասարդների մեծամասնության մոտ ծիծաղ է առաջացնում սեռական թեմաներով, գռեհիկ խոսքերով ասված «ճ» դասի հումորը:
Գրիգոր. – Համաձայն եմ, որ մի փոքր ուշացել ենք, բայց դա էլ կշտկվի ժամանակի հետ:
– Հեռուստատեսության ոլորտում երկար գոյատևելու համար ինչպիսի՞ բնավորության գծերով է պետք օժտված լինել: Այն կարծրատիպը, որ «մեկը մյուսի գլխի վրայով է քայլում»՝ ոլորտում իրենց տեղն ունենալու և պահպանելու համար, որքանո՞վ է ճիշտ:
Գրիգոր. – Ընդհանրապես այդպես չէ: Այն մարդը, ով ամբիցիոզ է և հանդուրժող չէ, նա չի կարող երկար լինել հեռուստատեսության ոլորտում, և համոզված եմ, որ յուրաքանչյուր բնագավառում այդպես է: Պետք է ճիշտ ընկալել և հասկանալ դիմացինիդ արված քայլերի դրդապատճառերը՝ նախքան նրան մեղադրելը: Եթե տվյալ պահին հարկավոր է այսինչ բանն այսպես անել, ուրեմն պետք է արվի՝ առանց քննարկման: Ես ունեմ սկզբունք, որ ոչ մեկին կյանքում չնեղացնեմ: Կարծում եմ՝ պետք է բոլորն այդպես վարվեն:
– Երբ մարդ շարունակ զիջումների է գնում աշխատանքի ոլորտում կամ թե անձնական կյանքում, նա, ի վերջո, ինքն իրեն չի՞ դավաճանում: Մի տեսակ «քայքայվում»:
Գրիգոր. – Զիջումները հարաբերական են: Ամենակարևորը, որ ինքդ քո վրայով չանցնես: Երբեք չպետք է այդ զիջումներն անդրադառնան քո ինքնագնահատականի վրա: Չպետք է ինքդ քեզ թերագնահատես: Սակայն շատ ավելի վտանգավոր է, երբ մարդն ինքն իրեն գերագնահատում է: Եթե մեր ոլորտում ինչ-որ մեկն ուզում է շատ արագ ծերանալ, պետք է ինքն իրեն գերագնահատի ու ասի՝ «Ես վե՛րջն եմ», և կմնա նույն տեղում դոփելիս:
– Դուք ունեք փոքրիկ, ով, բնականաբար, սպասում է Ձմեռ պապին: Հիշո՞ւմ եք, թե ինչպես հեռացավ Ձմեռ պապը Ձեր կյանքից:
Գրիգոր. – Փոքր էի, երբ պատահաբար բացեցի պահարանն ու տեսա փայլփլուն նվերը, որը ծնողներս իբրև թե թաքցրել էին: Հանեցի, ուսումնասիրեցի, հետո դրեցի տեղը՝ ձևացնելով, թե անտեղյակ եմ իրավիճակից: Հետո ստացա այդ նույն, արդեն հայտնաբերված անակնկալը՝ արդեն Ձմեռ պապի անունից: Ես պարզապես ձևացրեցի, թե հավատում եմ:
Հռիփսիմե. – Հիշում եմ, թե ինչպես մայրիկս գիշերը նվերը դրեց, սակայն ես կարծում էի, թե դա մայրիկի նվերն է, իսկ առավոտյան մեկ այլ նվեր եմ ստանալու՝ արդեն Ձմեռ պապից: Բայց որքան մեծ էր հիասթափությունս, երբ պարզվեց, որ մայրիկն էր Ձմեռ պապիկը, և, որ նվերը մնացել է նույնը:
Գրիգոր. – Մենք ուզում ենք, որ մեր տղայի համար այդ հեքիաթը հնարավորինս երկար շարունակվի: Իսկ իմ ու Հռիփսիմեի երազանքն է աղջիկ ունենալը:
– Ասում են՝ Նոր տարվա գիշերը հրաշքներն իրականանում են: