Բաժիններ՝

Տարվա գլխավոր տնտեսական իրադարձությունները՝ ըստ տնտեսական լրագրողի

«Ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ Հայաստանի համար այս տարի որոշ առումով դժվար էր: Կային մարտահրավերներ համաշխարհային տնտեսության մեջ, որոնք հիմնականում պայմանավորված էին բոլորին հայտնի քաղաքական իրադարձություններով, այսինքն՝ նույնը չէր ինչպես 2008-2009-ին, երբ զուտ տնտեսական ճգնաժամ էր և պայմանավորված էր տնտեսական գործոններով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգ» թերթի վերլուծաբան Արա Մարտիրոսյանը՝ ամփոփելով անցնող տնտեսական տարին:

Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությանը, ըստ Ա.Մարտիրոսյանի, ենթադրաբար, մեր տնտեսական աճը կգտնվի 3.5-4% սահմաններում, որն ավելի ցածր է, քան բյուջեով էր նախատեսված, բայց ավելի բարձր է, քան միջազգային ֆինանսական կազմակերպություններն էին կանխատեսել Հայաստանի համար, այսինքն՝ տնտեսական աճի որոշակի տեմպը պահպանվում է. «Դա կարելի է բավարար համարել: Լավ չենք կարող համարել, որովհետև իհարկե ցանկալի է ավելի բարձր տնտեսական աճ»:

Ըստ նրա՝ տարվա գլխավոր իրադարձությունը՝ թե´ տնտեսական, թե´ քաղաքական իմաստով, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելն է, որին վերլուծաբանի կարծիքով, որևէ լուրջ այլընտրանք պարզապես չի եղել. «Հակառակ դեպքում մենք կկորցնեինք ռուսական շուկան, ռուսական ներդրումները, անվտանգության խնդիր կար և այլն, և որևէ այլընտրանք մեզ չէր առաջարկվում: Եթե ԵՄ ասոցացման հետ համեմատելու եզրեր չկան, և համեմատելու կարքի էլ չկա, որովհետև դրանցից յուրաքանչյուրը, թերևս, իր տեղն ու իր նշանակությունն ունի մեր երկրի տնտեսական և քաղաքական կյանքի համար»:

Տնտեսական գլխավոր իրադարձությունների շարքում Ա.Մարտիրոսյանը մի քանի բան նշեց՝ կառավարության փոփոխությունը, որը նաև քաղաքական իրադարձություն էր, կուտակային կենսաթոշակային համակարգի որոշակի փոխզիջումային տարբերակով ներդրումը, պետական համակարգի աշխատողների աշխատավարձի լուրջ բարձրացումը, որին իրենք գրեթե 10 տարի սպասում էին, սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնությունների տրամադրումը, շրջանառության հարկում փոփոխությունները, որոնք նվազեցնում էին դրույքաչափը, բայց առևտրականները դա բողոքով ընդունեցին. «Իմ գնահատմամբ դա սուբյեկտիվ բողոք էր, քանի որ ոչ միայն իրենց մատակարարներն են ստվերում, այլև իրենք են ստվերում աշխատում: Տոնավաճառային խնդիրն առնվազն 15 տարի ոչ մի վարչապետ ու կառավարություն չի կարողնաում լուծել և փաստաթղթաշրջանառության շղթան չի փակվում»:

«Տնտեսական տարին եզրափակվեց դոլար-դրամի փոխարժեքի ցնցումներով, որը բացասական ազդեցություն ունեցավ գոնե այդ ժամանակահատվածում տնտեսության վրա ընդհանրապես, և սպառողների վրա, գնաճի կտրուկ ցնցումներ եղան այդ օրերին: Դրանից հետո էլ այն արժեքով, ինչ արժեքով արժեզրկվել էր դրամը, դրանից էլ բարձր գնաճ եղավ որոշ ապրանքների դեպքում: Կարևորում եմ նաև տնտեսական կյանքի մի իրադարձություն, որ մի քիչ աննկատ մնաց, բայց իսկապես կարևոր է՝ խոշոր ներդրումային ծրագիր է սկսվում՝ «Հին Երևան» նախագիծը, որ 120-130 մլն դոլարի ծրագիր է, որի նմանը Հայաստանում այս տարի չի ստորագրել: Հուսանք, որ եկող տարվանից այն կսկսվի իրագործվել»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս