Բաժիններ՝

«Ես էլ եմ ափսոսում, որ հնագետ Վահան Հովհաննիսյանը դարձավ քաղաքական գործիչ». ասում էր Վահան Հովհաննիսյանը

Հարցազրույց Վահան Հովհաննիսյանի հետ  (2007թ.  «3 ՄԻԼԻՈՆ» ամսագիր)

– Ինչպե՞ս հնագետ Վահան Հովհաննիսյանը դարձավ քաղաքական գործիչ:

– 1988թ. հնագետ Վահան Հովհաննիսյանին պարզ դարձավ, որ երկիրը բոլորովին նոր ուղղությամբ պետք է գնա, որ ղարաբաղյան պայքարն անխուսափելիորեն հրապարակախոսական մակարդակից տեղափոխվում է ուժային ոլորտ: Ես էլ պարտավոր էի իմ ազգի նկատմամբ պարտքս կատարել: Պետք էր մաս կազմել հայ ժողովրդի ճակատագրին: Այդպես որոշեցին հազարավոր մարդիկ, բայց, կարծում եմ, ճիշտ էին նրանք, ովքեր հասկացան, որ դա առանձին-առանձին անել հնարավոր չէ: Պետք է գտնել մի ուժ, որի միջոցով կինքնակազմակերպվես, կդառնաս այդ ուժի մաս, կբազմապատկես սեփական հնարավորություններդ: Ես այդ ուժը գտա՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Դա ինձ համար հեշտ էր, որովհետև հայրս, լինելով վտարանդի, հակակոմունիստական պայքարի առաջնորդներից, դաշնակցական էր: Այդ իմաստով իմ ճանապարհը համեմատաբար հեշտ գտնվեց:

Վահան Հովհաննիսյան. Երեք հասակ

10841719_10205349310149735_752150079_n

10888260_10205349310069733_640904721_n

10899695_10205349309949730_1707495234_n

– Այսինքն, Ձեզ մոտ որոշակի գաղափարախոսություն ձևավորվել էր դեռ ընտանիքո՞ւմ:

– Մեր ընտանիքում հակասովետական տրամադրությունները փոխանցվել են սերնդեսերունդ: Այսինքն, այնպես չէ, որ հանկարծ Սոլժենիցին կարդացի ու ամեն ինչ հասկացա: 10-րդ դասարանում էի, երբ հայրս գնաց: Բայց, կարծում եմ, որ եթե մարդը 1970-ականների սկզբին չէր հասկացել, թե ինչ հրեշավոր ռեժիմ է սովետական ռեժիմը, ուրեմն մինչև հիմա էլ երևի չի հասկացել: Իսկ ես արդեն այն ժամանակ հասուն երիտասարդ էի, և հորս ու քեռուս տված դաստիարակությունն ինձ հասկացրել էր, որ Սովետական Միությունն անխուսափելիորեն վերանալու է քարտեզից, և որ Հայաստանը պետք է ամրապնդվի՝ սեփական, ինքնուրույն ճանապարհը գտնելու և չխորտակվելու համար: Ցավոք, կոմֆորտի մեջ ապրած նոմենկլատուրային էլիտան «պերեստրոյկայի» ժամանակ և ավելի ուշ չկարողացավ կատարել պատմականորեն իրեն վերագրված դերը: Արդյունքում, էլիտա դարձան մարդիկ, որոնք դրան բոլորովին պատրաստ և արժանի չէին, և մենք մինչև հիմա ազգային էլիտայի փնտրտուքի մեջ ենք:

– Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ Դուք մեծացել եք ոչ «կոմֆորտի մեջ»:

– Ոչ, ես էլ եմ կոմֆորտի մեջ մեծացել: Մենք բոլորովին վատ չենք ապրել, որովհետև պապերս, նախապապերս բարձրակարգ մասնագետներ են եղել՝ շինարարներ, ինժեներներ, զինվորականներ, և բոլորն էլ բարեկեցիկ կյանքով են ապրել: Իհարկե, Ստալինի ժամանակ շատերը գնդակահարվել, աքսորվել են, բայց, ի վերջո, դաստիարակված, մտավորական մարդիկ են եղել: Հայրս, օրինակ, գիտությունների դոկտոր էր և այն ժամանակների համար շատ բարձր աշխատավարձ էր ստանում: Մենք վատ չենք ապրել: Դա չէր պատճառը, որ մենք չէինք սիրում Սովետական Միությունը: Մենք քույր-եղբայրներով բոլորս բարձրագույն կրթություն ենք ստացել: Դա ընտանեկան դաստիարակության հետևանք էր: Մենք շատ լավ գիտակցում էինք, որ իր արատների հետ միասին՝ Սովետական Միությունը լավ կրթական համակարգ ուներ: Եթե մարքսիզմ-լենինիզմները, գիտական կոմունիզմները դեն գցեիր, մասնագիտական կրթությունը վատը չէր: Այդ առումով ես բողոքելու տեղ չունեմ: Եթե ասեմ, որ հորս գնալուց հետո ես հետապնդվել եմ, դա էլ ճիշտ չի լինի: Բայց ես երբեք իմ անձնական բարեկեցությունն ազգային առաջընթացի հետ չեմ կապել: Այսինքն, եթե դու լավ ես ապրում, ապա դա չի նշանակում, որ երկիրդ ու ժողովուրդդ էլ են լավ ապրում: Լավ կլինի, որ դա հասկանան նաև այսօրվա լավ ապրողները:

Հայրը՝ Էդ. Հովհաննիսյանը:

10886453_10205349312429792_251050751_o

– Պրն Հովհաննիսյան, ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

– Ես մանկության տարիներից էլ ուզեցել եմ պատմաբան դառնալ: Ինձ սկզբում ավելի շատ հետաքրքրում էր միջնադարը: Երբ ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձա Հայաստան (Մոսկվայում եմ ավարտել), ցանկացա աշխատել և զբաղվել միջնադարյան Հայաստանի, հատկապես՝ Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանով: Ի դեպ՝ երբ ավելի վաղ ես Հայաստանում փորձեցի պատմության ֆակուլտետ ընդունվել, «ամենավերևից» պահանջ եկավ, որ պատմության մեջ չմտնեմ, քանի որ դեսիդենտի որդի եմ: Ես ստիպված ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ, բայց որպեսզի հետո անեմ այն, ինչ ուզում եմ, տեղափոխվեցի Մոսկվա: Երբ վերադարձա՝ միջնադարի ուսումնասիրությունն էլ առջևս փակեցին, ասացին, որ այնպիսի բան ընտրեմ, որը հեռու լինի մեր ժամանակներից, որպեսզի «դասակարգային պայքար» չլիներ: Ես ընտրեցի հնագիտությունը՝ բրոնզե դարը: Ոտք ու ձեռքով մտա դրա մեջ և հասկացա, որ դա աշխարհում ամենալավ մասնագիտությունն է:

– Ասում են՝ հիանալի հնագետ եք:

– Ինչպես ցանկացած գիտնական, հնագետը կարող է լինել տաղանդավոր, ջանասեր: Հնագիտության մեջ բախտն էլ նշանակություն ունի: Ես մի քիչ էլ բախտավոր եմ եղել: Բախտն, իհարկե, երկնքից ընկած նվեր չէ, պետք է կարողանաս այն մասնագիտորեն ճիշտ օգտագործես: Վատ հնագետ չեմ եղել, բայց, կարծում եմ «հիանալի» բառը գիտնականին բնորոշելու համար ճիշտ բառ չէ:

– Ի՞նչ հայտնի պեղումներ ունեք:

– Ես տարբեր տեղեր եմ պեղումներ արել. Հարավային Հայաստանում, հատկապես՝ Վայքում, Դիլիջանի շրջակայքում, Սևանի ավազանում: Սակայն ամենակարևոր հուշարձանը, որի պեղումները ղեկավարել եմ, եղել է հայտնի Քարաշամբի դամբարանադաշտը՝ Երևանից 30 կմ հյուսիս՝ Հրազդան գետի հունով: Այդ դամբարանադաշտի նյութերը մինչև հիմա դեռ ամբողջությամբ հրապարակված չեն: Այնպիսի ֆանտաստիկ հուշարձան էր, որ պետությունը նույնիսկ որոշեց դրա մի մասը դարձնել արգելանոց և դեռ չպեղել, հետագայում ավելի նոր ու կատարելագործված տեխնիկաների միջոցով շարունակել: Եվ հիմա այդպես էլ մնում է: Դամբարանադաշտի տարածքը կառուցապատման տակ էր: Մենք շինարարների հետ կոնֆլիկտներով կարողացանք դադարեցնել շինարարությունը: Ես նույնիսկ ստիպված եղա Ավանի դպրոցի աշակերտներին պառկեցնել դամբարանաթմբի վրա, որ տրակտորները կանգնեն: Դրանից հետո մենք ստացանք պեղումների թույտվություն, արգելեցինք շինարարությունը և սկսեցինք աշխատանքները, որոնք այնպիսի արդյունքներ տվեցին, որ 1940-ականներից սկսած՝ ամբողջ Հարավային Կովկասում չեն եղել: Հայտնաբերված գանձերը ներկայումս պահպանվում են Պատմության թանգարանում: Ես դրանք հրապարակել և դրանց հիման վրա պաշտպանել եմ թեկնածուական թեզս:

– Կպատմե՞ք այս գավաթի մասին (նկարում պատկերված գավաթը.- Տ.Թ.):

10899600_10205349296669398_449641244_n

– Մ.թ.ա. 22-21-րդ դարերի գավաթ է, որը տեղական արտադրանք է: Այն հրաշալի վիճակում է հայտնաբերվել: Հայաստանում դրա առկայությունը ցույց է տալիս, որ Հայաստանը շատ լուրջ արտադրական և մշակութային կենտրոն է եղել, որը կապեր է ունեցել խեթական աշխարհի և Միջագետքի կենտրոնների հետ: Փաստորեն, արդեն այն ժամանակ Հայաստանի տարածքում ապրել են հնդեվրոպական ցեղեր: Քարաշամբում կային նաև մեծ քանակությամբ ոսկե զարդեր, որոնք նույնպես շատ մեծ հետաքրքրություն էին առաջացրել:

– Խոսում են, որ Բորիս Պիոտրովսկին ասել է, թե ափսոսում է, որ հնագետ Վահան Հովհաննիսյանը թողել է հնագիտությունը և դարձել քաղաքական գործիչ:

– Պիոտրովսկու հետ մենք բավական մոտ ենք եղել նաև ընտանիքներով: Նա եղել է իմ ղեկավարներից մեկը, երբ ես աշխատում էի «Էրմիտաժում» և Լենինգրադի Արևելագիտության ու Հնագիտության ինստիտուտներում: Ինձ հայտնի չէ, որ նա նման բան է ասել: Բայց եթե որևէ մեկն ասել է դա, ապա ես համաձայն եմ: Ես էլ եմ ափսոսում: Բայց ճակատագիրն է ստիպել: Երբ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի դարձավ, ես շատ երիտասարդ չէի, բայց մինչ այդ սովետական բանակում չինական սահմանի վրա հատուկ ջոկատներում էի ծառայել: Զենքին և պատերազմի արվեստին տիրապետում էի: Եթե գիտելիքներ ունես, որոնք քո ժողովրդին այդ պահին պետք են, ուրեմն ընտրության առջև ես՝ «Եթե ոչ՝ ես, ապա ո՞վ»: 1990-ականների սկզբին երկար կաշվե անձրևանոցներով ու սուր փայլուն կոշիկներով կամավորներ էին հայտնվում Ղարաբաղում, ովքեր զենքի ու կռվի մասին բացարձակապես ոչինչ չգիտեին: Նրանց մեջ պոռթկումը, վիրավորված արժանապատվությունը, հայրենասիրությունը, Ղարաբաղը փրկելու ցանկությունը մեծ էին, բայց համապատասխան գիտելիքներ, թե ինչպես անեին դա՝ չկար: Այնպես որ, իհարկե, ափսոս, բայց ուրիշ ելք չկար:

– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

– Ամուսնացել եմ 1984թ.: Տղաս հիմա ծառայում է բանակում, սպա է: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Աղջիկս դեռ տնտեսագիտական ֆակուլտետում է սովորում: Կինս բժշկուհի է, մանկաբույժ-նեյրոֆիզիոլոգ, ժամանակին վերակենդանացման բաժանմունքում է աշխատել: Հիմա չի աշխատում: Այսինքն, աշխատում է բոլորիցս շատ, բայց՝ տանը: Տնային տնտեսուհին ամենատանջված, հալածված և շահագործվող խավն է Հայաստանում:

Երկու եղբայրները, եղբոր կինը և մայրը:

10886328_10205349317909929_1737294966_o

– Ձեր երեխաների մասնագիտությունն ընտրելու հարցում Դուք միջամտե՞լ եք:

– Ոչ: Իրենք որոշեցին: Այն տարիներին, երբ նրանք ընդունվում էին, շատ մոդայիկ էին և՛ տնտեսագետի, և՛ իրավաբանի մասնագիտությունները: Ես շատ երջանիկ չէի նրանց ընտրությամբ, բայց բացարձակապես չեմ միջամտել: Օրինակ, կարող էին բժիշկ դառնալ՝ ինչպես կնոջս ողջ ցեղը, բայց չուզեցին:

– Դուք ինչպիսի՞ հայր եք: Ձեր երեխաներին ճանաչողները գոհ են նրանց դաստիարակությունից:

– Ես՝ որպես հայր, բավական երկար բացակայել եմ նրանց կյանքից. կա՛մ պեղումների եմ եղել, կա՛մ Ղարաբաղում, կա՛մ բանտում կամ խորհրդարանում: Երեխաներիս դաստիարակության մեջ կինս ավելի մեծ դերակատարում ունի, քան ես: Բայց պարկեշտության հիմքերն, այնուամենայնիվ, դրված են եղել ընտանիքում, ինչն ավելի շատ գալիս է ավանդաբար:

Գետաշեն, 1991:

10876901_10205349321910029_457042273_o

– Ազգային ժողովի լրագրողներն ասում են, որ Վ. Հովհաննիսյանը շատ հումորով է, երբեմն՝ սարկազմով:

– Հումորի զգացում ունենալը նշանակում է՝ ընդունակ լինել ծիծաղել նաև ինքդ քեզ վրա: Եթե դու ընդունակ ես ծիծաղել միայն ուրիշների վրա, ապա դա սրիկայություն է: Եթե կարող ես քո մեջ, քո շրջապատի մեջ էլ մի քիչ ծաղրելու տարրեր տեսնել, դա արդեն իսկական հումորի զգացում է: Բարեբախտաբար, իմ աչքերն ամեն ինչի վրա են բաց, ոչ միայն ուրիշի թերությունների: Բայցևայնպես, մեր ԱԺ-ի (և ընդհանրապես՝ մեր հասարակության) կյանքը հումորի կիրառման շատ տեղեր է տալիս: Հումորով ավելի շատ արատներ կարելի է բուժել, քան գոռալով, լուրջ դեմք ընդունելով և սեփական «ես»-ն այդ ձևով պարտադրելով: Բայց ես երբեք ոչ ոքի չեմ վիրավորում: Նույնիսկ, երբ խոսքերիս մեջ սարկազմ կա, երբեք այնպես չեմ անում, որ ինչ-որ կոնկրետ անձ վիրավորվի: Եթե ինչ-որ մեկին ուզում եմ վիրավորել, այլևս հումորը վերջանում է: Ես ասում եմ ճակատին: Երբ հումոր եմ անում, այնպես եմ անում, որ մարդն իրեն վատ չզգա, այլ ինքն էլ ինձ հետ միասին գնահատի իրավիճակը: Հումորը պետք է բոլոր ղեկավարներին: Հայաստանի հասարակության մեջ տեսակետ կա, որ ղեկավարը պետք է լինի անպայման չոր, լուրջ դեմքով, միշտ կոճկված և փողկապով: Ես այդ մոդելը չեմ ընդունում:

– ԱԺ-ից կոնկրետ ի՞նչ զվարճալի դեպքեր են տպավորվել Ձեզ մոտ:

– Դժվարանում եմ կոնկրետ դեպք հիշել, բայց ինձ համար ամենազվարճալին միշտ հայտարարությունների ժամն է եղել, երբ մի քանի տասնյակ մարդ փորձում են իրենց բեմական արվեստում, և յուրաքանչյուր հայտարարությունից միանգամից հասկանում ես թե՛ մարդուն, թե՛ նրա ուզածը: Մարդիկ կան, որոնք այնպիսի բառեր են օգտագործում, որոնց իմաստը նույնիսկ չգիտեն:

Ղարաբաղում:

10878712_10205349329750225_1686124558_o

– Ի՞նչ հոբբի ունեք:

– Երիտասարդ տարիքում նումիզմատիկայով էի զբաղվում, դրամների բավական լավ հավաքածու ունեի, բայց ժամանակ չունենալու պատճառով հիմա դրանց տիրություն չեմ անում: Հիմնական հոբբիս հիմա կարդալն է, այսինքն՝ միշտ է դա եղել: Ի դեպ, ես կարդում եմ երկու տիպի գրականություն՝ գիտական գրականություն և դեդեկտիվներ: Վերջիններս ավելի շատ կարդում եմ, որպեսզի անգլերենը չմոռանամ:

– Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում:

– Շատ լավ գերմաներեն գիտեի, բայց պրակտիկա չլինելու պատճառով՝ մոռացվեց: Իհարկե, էշը ցեխից կհանեմ, գերմանական քաղաքում միշտ կգտնեմ, թե որտեղ են գարեջուր վաճառում: Գերմաներենին փոխարինեց անգլերենը, որը բավական լավ գիտեմ (Վ. Հովհաննիսյանն անգլերեն սովորել է բանտում.- Տ. Թ.): Անգլիացիներին ավելի լավ եմ հասկանում, քան ամերիկացիներին: Այսինքն, կիրթ անգլերենն ավելի հասկանալի է, քան որևէ տեսակի սլենգ: Ինստիտուտում շատ լուրջ ուշադրություն էին դարձնում լատիներենին: Հայերեն ու ռուսերեն էլ եմ հասկանում… մի քիչ:

ՀՅԴ դրոշը բանտում

10893681_10205349357110909_1781591466_n

– Ձեր գրքերի նկատմամբ բծախնդի՞ր եք: Կարդալուց հետո դրանք լա՞վ եք պահում:
– Այո, ես լավ գրադարան ունեմ: Պարզապես տեղ չկա դնելու: Տասնյակ արկղերով գրքեր նկուղում ունենք: Բավական նորմալ գրադարան է: Լուրջ գեղարվեստական գրականություն հիմա քիչ եմ կարդում: Ինչ որ պետք է, ես ժամանակին կարդացել եմ:

– Իսկ հիմա ի՞նչ եք կարդում:

– Ջարեդ Դայմոնդի շատ հետաքրքիր ուսումնասիրությունը, որը փորձում է պատասխանել, թե ինչու համեմատաբար հավասար պայմաններում իրենց սկիզբն առած ազգերի մի մասը զարգացել է, մյուսն անհայտացել կամ դոփում է տեղում:

– Կանանց հաճա՞խ եք հաճոյախոսություններ անում:

– Ամեն հնարավոր պահի, իհարկե, եթե նրանք դրան արժանի են: Հաճոյախոսությունը պետք է սուտ չլինի: Որովհետև կինն այդ հարցում միշտ էլ մեզանից մի քանի անգամ ավելի խելոք է: Եվ եթե նա զգում է, որ դու ուղղակի կեղծավորություն ես անում, ապա նրա՛ն էլ է տհաճ, քե՛զ էլ: Ուստի դու պետք է ասես առնվազն 70% ճշմարտությունը:

– Երաժշտություն սիրո՞ւմ եք:

– Շատ: Ես շատ եմ սիրում Շտրաուս, Շոպեն, Մոցարտ: Եվ շատ եմ սիրում ռոք: Ջազ այդքան չեմ սիրում, թեև հիմա մոդայիկ է դարձել, որովհետև երկրի նախագահը ջազ է սիրում: Ուստի հիմա ցանկացած կթվորուհի Հայաստանում պաշտոն զբաղեցնելուց հետո սկսում է ջազ սիրել: Ես՝ ոչ:

– Մարդկային արժեքներից ի՞նչն եք սիրում:

– Կախված սեռից: Եթե լուրջ խոսենք, ապա՝ խելքը: Խելքը, այլ ոչ թե բճությունը: Անգլերեն լավ տերմին կա՝ street smart, այսինքն՝ փողոցի խելոքը: Կա ճարպիկ խորամանկություն, խելք և իմաստություն: Վերջինս բոլորից պահանջել չես կարող, բայց խելքն ու պարկեշտությունը պետք է լինեն: Մնացածն ինքն իրեն կստացվի:

– Կանանց մեջ խելքը սիրո՞ւմ եք:

– Պատկերացրեք՝ այո: Տղամարդիկ կանանց առաջին հայացքով ուսումնասիրում են հատուկ ուշադրություն դարձնելով առանձին բարեմասնություններին: Ոմանք սկսում են կրծքերից, ոմանք՝ ոտքերից: Բայց հետո դրան պետք է գումարվի խելքը, որ մարդու հետ հաճելի լինի խոսել, իրար հասկանալ: Իհարկե, վտանգավոր է, որ կինը և՛ խելացի է, և՛ գեղեցիկ:

Կնոջ հետ:

10884541_10205349362191036_1399965781_n

– Ինչո՞ւ:

– Որովհետև դու դառնում ես նրա գեղեցկության ստրուկը և չես կարողանում հակակշռել քո խելքով: Եվ նա քեզանից ուժեղ է դառնում:

– Ձեր և մեր սերնդի արժեքային համակարգերը շա՞տ են տարբեր:

– Ձեզ կարող եմ ասել մի տարօրինակ բան: Մեր երիտասարդության տարիներին Հայաստանը շատ ավելի ազատ էր, մեր սերունդը բացարձակապես կաղապարված չէր՝ ո՛չ տղաները, ո՛չ աղջիկները: Իհարկե, որոշ սահմանափակումներ կային և դրանք խորքային էին՝ կապված ներքին համեստության և դաստիարակության հետ: Իսկ այսօր արտաքին սանձարձակությունը զուգորդվում է կաղապարվածության և արտաքին գռեհիկ դրսևորումներ ունեցող ձևական սահմանափակումներով: Օրինակ, ես շատ եմ նկատել կամ լսել երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից, որ եթե տղան աղջկա հետ պետք է ժամադրվի, ապա պետք է անպայման այդ աղջկա եղբորը զանգի, հարցնի՝ ուրիշ տղա չկա՞ շրջակայքում: Մեր ժամանակ այդպիսի բան չկար. կարող էր կռիվ էլ լինել, բայց հարաբերությունների մեջ արտաքին ձևական սահմանափակումներ չկային: Միգուցե ես սխալվում եմ: Բոլորն էլ, հասնելով 50 տարեկանի, կարծում են, որ իրենց սերունդն ավելի լավն էր: Բացի այդ, այսօր երիտասարդների մի տեսակ կա, որոնց իմ ժամանակ կարող էիր հանդիպել միայն Երրորդ մասում: Հիմա նրանք ամենուրեք են: «Ամենուրեք» ասելով՝ ես նկատի ունեմ նաև իշխանության էշելոնները: Որովհետև «էլիտա» դարձան պատահական մարդիկ և սկսեցին թելադրել իրենց ճաշակը մարդկային հարաբերությունների, երաժշտության, նկարչության, ճարտարապետության և այլնի մեջ: Այսինքն՝ ալեկոծության արդյունքում տիղմը բարձրացավ ջրի մակերես:

Ընկերների հետ:

10841572_10205349365111109_544806123_n

– Իսկ ինչպե՞ս է պետք պայքարել դրա դեմ:

– Հայտնի անեկդոտ կա: Մի երիտասարդ, բարոնետի կոչում նոր ստանալով, Չերչիլին հարցնում է. «Ինչո՞ւ իմ նկատմամբ վերաբերմունքը նույնը չէ, ինչ՝ Ձեր նկատմամբ: Չէ՞ որ ես էլ եմ ազնվական»: Չերչիլը պատասխանում է. «Որովհետև դրա համար պետք էր Օքսֆորդի համալսարանն ավարտել»: Երիտասարդը, թե՝ «Բայց ես ավարտել եմ…», Չերչիլն ասում է. «Ձեզ չէ, Ձեր պապին էր պետք…»: Այսինքն, այս առումով մեր ժողովուրդը դեռ առաջին սերնդի ազգ է: Սերնդափոխության խնդիր է: Միշտ էլ տարբեր հասարակություններում հանկարծ հարստացած մարդիկ միանգամից չեն սովորում, որ, օրինակ, աղբը պետք է թափել ոչ թե աղբարկղի կողքը, այլ մեջը… Նրանք դա երբեք չեն սովորի, բայց նրանց երեխաներն ու թոռները՝ թերևս…

Ասուլիսում՝ հերթական հումորն անելիս:

10881314_10205349365511119_1065565939_n (1)

Զրուցեց Տիգրան Թոմիկյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս