Հայաստանն ու Օմանը քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Օմանի Սուլթանության գյուղատնտեսության, ձկնաբուծության և ջրային ռեսուրսների նախարար Սաուդ բին Համուդ Ալ-Հաբսիի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման, առևտրի խթանման հնարավորություններն ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման ուղղություններով։
Երկուստեք ներկայացվել է փոխադարձ հետաքրքրություններն ու այն ուղղությունները, որոնք առավել ներուժ են պարունակում առևտրաշրջանառության ընդլայնման առումով:
Անդրադառնալով տնտեսական զարգացման և ներդրումային նպաստավոր պայմաններին՝ նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար:
Արարատ Միրզոյանը և Սաուդ բին Համուդ Ալ-Հաբսին պայմանավորվածություն են ձեռք բերել խթանել ոլորտային գերատեսչությունների և մարմինների, ինչպես նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերն՝ ապահովելու համատեղ նախաձեռնությունների ու կոնկրետ ուղղություններով փոխշահավետ համագործակցության կյանքի կոչումը։



