2014-ը դրամատիկ իրադարձությունների տարի էր. Տնտեսագետ
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (CRRC)–Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Հեղինե Մանասյանի գնահատմամբ՝ 2014 թվականը դրամատիկ իրադարձությունների տարի էր: 168.am-ի հետ զրույցում Հ.Մանասյանը նշեց, որ տարին ավարտվում է շատ մեծ անորոշություններով և 2015 թ-ին բավականին շատ անակնկալներ են սպասվում ինչպես ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից, այնպես էլ մեր ներքին սոցիալտնտեսական զարգացումներից:
«Բայց այդ անորոշություններին ես հանգիստ եմ վերաբերում: Լիբանանա-ամերիկյան հետազոտող, վիճակագիր Նասիմ Նիկոլաս Թալեբի «սև կարապի» տեսության համաձայն մի բոլորովին անսպասելի մի իրադարձություն կարող է էապես փոխել իրերի ընթացքը: Այդպիսի անակնկալներ էին, օրինակ՝ ԽՍՀՄ-ի փլուզումը, սեպտեմբերի 11-ը և այլն: Դրանք մեծապես փոխեցին աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքը: Այժմ նույն կերպ ԵՏՄ-ից առանձնապես ակնկալիք չկա, բայց ո՞վ գիտե: Ո՞վ էր սպասում, որ կարող է պատահել Ռուսաստանն ու Ուկրաինան գնան առճակատման և Արևմուտքը նման խիստ պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ: Շատ անսպասելի իրադարձություններ տեղի ուենցան ու դա այս պահին անորոշության դաշտը մեծացնում է»,- ասաց Հ.Մանասյանը:
Սակայն, ըստ նրա, ամեն մի անորոշություն իր մեջ նաև հնարավորություն է պարունակում: Հ.Մանասյանի խոսքով՝ այսպիսի պայմաններում Հայաստանի նման պետությունները շատ անելիք չունեն, քանի որ մեծ պետություններն են թելադրում խաղի կանոնները. «Տնտեսագետության օրենք է, որ մեծ տնտեսությունը գին թելադրող է, շուկայական միջազգային իրավիճակ թելադրող է, իսկ փոքր տնտեսությունն՝ ընդունող: Դա շատ հայտնի աքսիոմա է: Այնպես որ, շատ երևույթներ կարելի է բացատրել, շատ գործընթացներ կարելի է հասկանալ, բայց դրանց վրա ազդեցություն գործելու մեր կարողությունն այնքան էլ մեծ չէ»:
Հ.Մանասյանի կարծիքով՝ շատ դժվար է դատողություն անել, թե ՀՀ իշխանություններն ինչքանո՞վ կարողացան օգտագործել ընձեռված հնարավորությունները. «Այդ հնարավորությունները մենք ոչ թե անցնող, այլ անցած տարում՝ 2013-ին, սեպտեմբերի 3-ին, բաց թողեցինք: Դրանից հետո, կարծես, սխալների շտկման գործընթաց գնաց: Արևմուտքը դռները չի շրխկացում ու հարաբերություններին վերջ դնում: Ես, օրինակ, ԵՏՄ-ի բացասական կողմը տնտեսական հնարավոր կորուստների մեջ չեմ տեսնում, այլ տեսնում եմ նրանում, որ այն շատ քաղաքականացված է, որ կարծես թե պահանջատիրական խիստ թելադրանք կա, մինչդեռ Եվրամիությունն ավելի ճկուն, դինամիկ կառույց է: Իմ անհանգստությունը նրանում է, որ դեռևս հմուտ չենք լիբերալ տնտեսությունը սահուն, առանց սոցիալական ցնցումների կառավարելու, վայրիվերումներին դիմակայելու մեթոդների ու գործիքների հարցում: Անհանգստացնող է, որ ուժի, ընդ որում, քաղաքական ուժի դիրքերից թելադրվող անդամակցությունը որևէ միության գրեթե բացառում է տնտեսական շահերից բխող այլընտրանքները: Այս իրողություններում մեր իշխանությունները պետք որ կարողանան առավելագույնս պաշտպանել ՀՀ-ի շահերը՝ օգտագործելով պետական լծակներն ու իշխանությունը: Օրինակ, շատ տարիներ առաջ, երբ Վրաստանը մեզանից տնտեսապես ավելի թույլ էր, ու ՌԴ-ից ստացված վառելիքի մեծ պարտքեր էր կուտակել, հաջողեց ՌԴ-ի հետ բանակցել այնպես, որ պարտքը վերակազմավորվեց, մինչդեռ մեր պարագայում գործեց «ունեցվածք պարտքի դիմաց» սխեման: Ինչևէ, ներկա իրողություններում ևս պետք է նոր հեռանկարներ փնտրել, գտնել ու գործադրել»: