Բաժիններ՝

Ինչո՞ւ այս տարի չնշվեց Պարույր Սևակի հոբելյանը

«Պարույր Սևակի հոբելյանի հետ կապված եղան մեկնաբանություններ, թե Մշակույթի նախարարությունը անդրադարձ չի կատարել Պարույր Սևակի հոբելյանին: Ես կարծում եմ՝ հոբելյաններն ինքնանպատակ չեն»,- այսօր տեղի ունեցած տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ խոսելով նախարարությանն ուղղված քննադատությունների մասին, թե ինչո՞ւ Մշակույթի նախարարությունը չի նշել Պ. Սևակի հոբելյանը:

Նախարարը կարծում է՝ շատ կարևոր էր, որ հոբելյանը նշեին Սևակի վերանորոգված տուն-թանգարանում, որը պատրաստ կլինի եկող տարի.

«Ի դեպ, մարզային իմ այցի ժամանակ ես եղել եմ Պարույր Սևակի տուն-թանգարանում, ծանոթացել վերականգնման աշխատանքներին, բայց կարծում եմ, որ շատ ավելի արժեքավոր է այն, որ 2014 թվականին պետական պատվերով տպագրվեց Սևակի պոեմների գիրքը: Այն մարդկանց, ովքեր մեզ քննադատում են, խորհուրդ կտամ սկզբից ծանոթանալ՝ ի՞նչ է արվել, և, ընդհանրապես, վերցնեին այս գիրքը, ընթերցեին: Եթե գրողի գրական ժառանգությունը վերարտադրելը բավարար չէ, ուրեմն, այնուհանդերձ, ես կարծում եմ՝ Պարույր Սևակի ծննդյան օրը՝ 2015 թվականին, մենք բոլորս կլինենք նոր թանգարանի տարածքում և այնտեղ նաև կարժևորենք ևս մեկ անգամ մեր մեծ գրողին»:
Հ.Պողոսյանը տեղեկացրեց նաև, որ Պարույր Սևակի ստեղծագործությունները ներառված են 2015 թվականի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ցանկում: «Կարծում եմ, որ մենք մեր պարտքն այդ անհատների առջև ինչ-որ չափով կատարած կլինենք»,- նշեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս