Հասմիկ Պողոսյանը Կառավարության վրա բարդեց խնդիրը (տեսանյութ)
«Ես Ձեզ խորհուրդ կտամ՝ ևս մեկ անգամ բացեք և մեր բոլոր մամուլի հաղորդագրությունները կարդացեք: Ինչքա՞ն կարելի է նույն բանը մեկնաբանել»,- այսպես արձագանքեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ այսօր տեղի ունեցած տարվա ամփոփիչ ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ 2015 թվականին հնարավո՞ր է՝ կրկնվեն Զվարթնոց և Գառնի տաճարներում այս տարի տեղի ունեցած սկանդալային դեպքերը:
Խոսելով այդ դեպքերի մասին՝ նախարարը նշեց, որ Մշակույթի նախարարությունը բոլոր անհատների կրթվածության մակարդակի համար պատասխանատու չէ. «Ես չեմ կարող պատասխան տալ այն մարդու համար, որը Գառնիի տաճարի վրա տառեր է գրում»:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաև, թե ո՞րն էր պատճառը, որ Աֆրիկյանների տան ապամոնտաժման վերաբերյալ նախարարի ունեցած դիրքորոշումը կառավարության կողմից անտեսվեց, և շենքն ապամոնտաժվեց.
«Որպեսզի ապամոտնաժման իրավական դաշտը հասկանաք, խնդրում եմ՝ մի քիչ կարդացեք: Ապամոնտաժման մասին որոշումը չէր կարող տալ Մշակույթի նախարարությունը, որովհետև ապամոնտաժման մասին որոշումները տալիս է ՀՀ կառավարությունը»:
Դիտարկմանը՝ թեև Ձեր բացասական տեսակետը կար, բայց այն, միևնույն է, շարունակվում էր, Հ.Պողոսյանը կրկնեց՝ որովհետև կար ՀՀ կառավարության որոշումը, որը ոչ ոք չէր հետաձգել:
Ի պատասխան հարցին էլ՝ երբ նման որոշում էր կայացվում, Դուք Ձեր դիտողությունները չե՞ք հայտնել, նախարարը բացատրեց, որ Կառավարության որոշումը կայացվել է 2004 թվականին, երբ ինքը դեռ մշակույթի նախարար չէր. «Իմ ասածը և Կառավարության որոշումը տարբեր բաներ են»:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: