
ԲՀԿ-ին և «Ազատամարտիկների դաշինքին» միավորում է «Հայրենիքը»

Երկու օր առաջ «Հայրենիք» կ/թ շենքում տեղի է ունեցել «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության ամանորյա միջոցառումը, որտեղ, ըստ 168.am-ի, կազմակերպության մի քանի տասնյակ անդամներ խմել են հաջորդ տարում իշխանափոխության գործը հաջողելու համար: Ինչպես հայտնի է՝ այս կազմակերպությունը գտնվում է «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) ազդեցության տակ, և դրա ամենավառ վկայությունը հենց «Հայրենիք» կ/թ շենքն է, որն ամբողջությամբ տրամադրված է «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությանը: 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ այդ շենքը վերածվել էր ԲՀԿ Շենգավիթի տարածքային կառույցի գրասենյակի և ԲՀԿ նախընտրական շտաբի: Իսկ շենքը պատկանում է ՀՀԿ նախկին անդամ, Շենգավիթի վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին («Կադիլակ Սերոժ»), ավելի ստույգ, ըստ ԶԼՄ-ների, նրա եղբորը՝ Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքի մեծահարուստ Սամվել Հովհաննիսյանին (Օրենբուրգի Սամո): Նշենք, որ 2011թ. դեկտեմբերին Սարգիս Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից և տեղափոխվել արտասահման: Խնդիրներ ունենալով ՀՀԿ-ի հետ, Հովհաննիսյանը որոշել էր իրեն պատկանող տարածքով օժանդակել ԲՀԿ-ին: ԲՀԿ-ում էլ ավելի նպատակահարմար են համարել տարածքը հանձնել «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպությանը: