
Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի նոր ռազմական դոկտրինը

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի նոր ռազմական դոկտրինը: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում: Այն փոխարինել է 2010 թվականի փետրվարի 5-ի դոկտրինի հին տարբերակին:
Նոր դոկտրինայի հիմնական առանձնահատկությունը դարձավ ներքին ու արտաքին սպառնալիքների ընդլայնումը` նրանց կազմում երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու գործողությունների, պատմական, հոգևոր ու հայրենասիրական ավանդույթների քայքայման նպատակով բնակչության վրա տեղեկատվական ներգործություն ունենալու, ինչպես նաև ազգամիջյան ու միջկրոնական թշնամանք բորբոքելու գործողությունների ընդգրկմամբ:
Արտաքին սպառնալիքների թվում ընդգրկվել են նաև այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են հարևան երկրներում այնպիսի ռեժիմների հաստատվելը, որոնց գործունեությունը սպառնում է Ռուսաստանի շահերին, և օտար հատուկ ծառայությունների քայքայիչ գործունեությունը: Նոր ռազմական դոկտրինում փոփոխության չի ենթարկվել միջուկային զենքի կիրառման կարգը: