«Դրամի արժեզրկումը սերտելու մեծ դաս էր բոլոր շահառուների համար». Րաֆֆի Սեմերջյան
Շուտով Հայաստանում ստեղծվելու է ներդրումների կառավարման ընկերություն: Այդ առիթով օրերս մտադրությունների հուշագիր է ստորագրվել «ՄենեջմենթՄիքս» խորհրդատվական ընկերության և «Արմսվիսբանկի» միջև: «Մենեջմենթ Միքսը» համաշխարհային փորձ ունեցող ընկերություն է, որը ներգրավված է ավելի քան 20 երկրների կորպորատիվ կառավարման և խորհրդատվական ոլորտներում: 168.am-ը Հայաստանի տնտեսական դաշտի վերջին զարգացումների մասին մի քանի հարց ուղղեց հուշագրի կնքման առթիվ Երևանում գտնվող «ՄենեջմենթՄիքս» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանին:
– Պարոն Սեմերջյան, ի՞նչ միջոցներ են անհրաժեշտ Հայաստանի տնտեսական կյանքի վրա դրամի արժեզրկման ունեցած հետևանքները վերացնելու համար:
– Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած դրամի արժեզրկումը սերտելու մեծ դաս էր բոլոր շահառուների համար՝ ավելի կազմակերպված և ավելի ուժեղ լինելու՝ այսպիսի արհեստական դեպքերը շրջանցելու և այդ առթիվ ստեղծված դժվարությունները հաղթահարելու համար: Շահառուներ ասելով՝ ես նկատի ունեմ 5 տեսակի շահառու՝ կառավարություն, Կենտրոնական բանկ, բանկեր, ընկերություններ և անհատներ:
Արտարժույթի հանկարծակի բարձրացումը ոչ մի գիտական պատճառ չուներ, ինչն էլ հանգեցրեց դրամի արժեզրկման, իսկ հետո՝ վերարժևորման: Արտարժույթի արհեստական բարձրացման պահանջը ստեղծվել է խոշոր դրամաշորթների կողմից, որոնք օգտվեցին ռուբլու անկումից և միջազգային արտարժույթների վայրիվերումներից: Հիշեցնեմ, որ եվրոն և վրացական լարին մոտ 15%-ի չափով նույնպես վերջերս արժեզրկվել էին: Ճգնաժամի ազդեցությունը կարճ ժամանակահատվածում նվազեցվելու է, և բոլոր շահառուներն այնուամենայնիվ պետք է միջոցներ ձեռնարկեն ճգնաժամի ազդեցության սահմանները նեղացնելու և հետագա ճգնաժամը կանխելու համար:
Կապիտալի ներկրման համար կառավարությունը նույնպես պետք է միջոցներ ձեռնարկի՝ ոչ ռեզիդենտներից ավանդներ ներգրավելու համար՝ նվազեցնելով ոչ ռեզիդենտների ավանդների տոկոսները. այսօր այդ հարկերը բոլորի վրա 10% են: Կառավարությունը, ինչպես նաև, պետք է մղումներ ու արտոնություններ տա նրանց, ասենք, 1 միլիոն դոլարից ավելի կամ երկարաժամկետ ավանդների վրա: Կառավարությունը պետք է նաև միջոցներ ձեռնարկի՝ սահմանափակելու օտարերկրյա սպառողական ապրանքների մուտքը երկիր և խրախուսի տեղական արտադրությունն ու արտահանումը:
Կենտրոնական բանկի որոշումը՝ 12-24 %-ով ավելացնելու պահուստային ֆոնդը, ճիշտ որոշում էր դոլարի վաճառքի կրճատման համար և բանկերին պարտադրում էր դրամ հավաքել՝ անհրաժեշտ պահուստներ ապահովելու համար: Այդ լիազորության միջոցով Կենտրոնական բանկը պետք է միջամտի՝ դրամի շահարկումը դադարեցնելու համար: Եվ կարող ենք ասել, որ ՀՀ Կենտրոնական բանկը հետևում է փոխարկման համակարգին, նա օգնում է շուկայի ինքնակարգավորմանը, և ԿԲ-ի պարբերաբար միջամտումները՝ հայկական դրամի վրա, գերիշխող դեր են ունենում:
Բանկերը պետք է դադարեցնեն շահարկումներն ու դրամաշորթությունները (այս պարագայում՝ speculations), չնայած այն կարող է ավելացնել շահույթը, բայց՝ կարճ ժամանակով:
Ընկերությունները պետք է ամեն օր կառավարեն իրենց գումարի շրջանառությունը, հատկապես նրանք, որոնք արտասահմանյան ընկերությունների հետ կոմերցիոն հարաբերություններ ունեն:
Անհատները և փոքր ավանդատուները չպետք է խուճապի մատնվեն և իրենց ավանդները պահեն դրամով՝ որպես ապահով արտարժույթ: Փաստորեն, նրանք, ովքեր ԱՄՆ դոլար գնեցին այն ժամանակ, երբ 1 դոլարը 560 կամ ավելի հայկական դրամ էր, այսօր ավելի քան 20 % վնաս են կրել:
– Իսկ դրամի ազդեցության առումով ինչպե՞ս եք տեսնում եկող տնտեսական տարին:
– Ես կարծում եմ, որ շահառուներին ճիշտ կառավարելու դեպքում՝ կարող ենք տեսնել դրամի դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:
Նախ՝ նշենք անցնող տարիների մի քանի տվյալ, որոնք կարևոր են առաջիկա զարգացման համար. 2013-ին հայաստանյան առևտրային բանկերի ավանդներն ավելացել են շուրջ 1 մլրդ դոլարով, որը վերջին 20 տարվա ընթացքում ամենաբարձր ավելացումն է եղել Հայաստանի բանկային համակարգում:
2014-ին առևտրային բանկերի կապիտալն ավելացել է շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլարով՝ ճգնաժամին դիմակայելու համար շատ բանկերի դարձնելով ավելի ուժեղ:
ՀՀ Կենտրոնական բանկի արտաքին պահուստները 2014-ի երրորդ եռամսյակի ավարտին կազմել են շուրջ 1.784 մլրդ ԱՄՆ դոլար:
Զբոսաշրջիկների թիվը 2013թ.-ին շուրջ 14 %-ով ավելացել է, և 2014-ի ավարտին նախատեսվում է, որ կհայտարարվի ավելի բարձր արդյունքի մասին:
Հայաստանում ընկերություններ կան, որոնք արտահանվող արտադրություն ունեն: Այդ արտադրանքի վաճառքի արժեքները ԱՄՆ դոլարով են, հատկապես՝ սնունդ, ծխախոտ, հանքարդյունաբերություն և այլն:
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ինչպիսիք են ՄՖԿ-ն, ՎԶԵԲ-ը, վերաֆինանսավորում են հայկական բանկերը:
Նավթի համաշխարհային գնի նվազման պատճառով Հայաստանում արտադրանքի արժեքները նվազելու են, ինչը դրական կատալիզատոր կարող է լինել գնաճի համար:
Օտարերկրյա ուղղակի ներդրումները շարունակում են իրականացվել տարբեր երկրների անհատական ընկերությունների կողմից:
Անգամ ռուսական ռուբլու արժեզրկման պարագայում փոխանցումները կազմում են ամսական շուրջ 80 միլիոն ԱՄՆ դոլար:
Հայկական ՀՆԱ-ն շարունակում է արձանագրել մի քանի տոկոսի աճ:
– Ի՞նչ հիմնական հնարավորություն կարող եք նշել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից:
– Հիմնական հնարավորությունն այն է, որ Հայաստանն ունենալու է 170 միլիոնից բաղկացած շուկա: Հայկական ընկերություններն ու անհատներն առանց սահմանափակումների ուղղակի մուտք են ունենալու այդ շուկա և զարգացնելու են իրենց բիզնեսները:
Որոշ, ոչ ԵՄ անդամ պետությունների ընկերություններ խրախուսվելու են և հրավիրվելու են Հայաստանում ներդրումներ կատարելու՝ Հայաստանի միջոցով մեծ շուկա մտնելու համար:
Հայաստանն ունենալու է ուղիղ եկամուտ ԵՏՄ-ի միասնական շուկայից: Ակնկալվում է, որ տնտեսությունը պետք է լինի ավելի ճկուն, քանի որ, ըստ ԵՏՄ-ի դրույթների, ներդրումները լինելու են ավելի բարձր, և զբոսաշրջությունը՝ ավելի աշխույժ: