
Վրաստանում փոխհատուցում է վճարվել խորհրդային տոտալիտարիզմից տուժած հավատացյալներին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում կրոնական մի շարք դավանանքների ներկայացուցիչների փոխհատուցում է վճարվել՝ խորհրդային տոտալիտարիզմի ժամանակներում նրանց պատճառված վնասի համար: Փոխհատուցում վճարելու մասին որոշումն ընդունել է Վրաստանի կառավարությունը:
Վրաստանի կրոնական հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակմաձեն հայտարարել է, որ պետությունը ցուցաբերել է բարի կամք և հատկացրել է մի քանի միլիոն լարի: Նրա խոսքերով՝ գումարն արդեն իսկ փոխանցվել է կրոնական մի շարք միավորումների: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փոխհատուցման չափը կազմելու է մոտ 2.6 միլիոն դոլար: