
ԱՄՆ-ը Եգիպտոսին հատկացրել է AH-64D Apache տիպի 10 հարվածային ուղղաթիռ

Defense News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը Եգիպտոսին հատկացրել է AH-64D Apache տիպի 10 հարվածային ուղղաթիռ: Դա տեղի է ունեցել այն բանից շաբաթներ անց, ինչ ԱՄՆ-ի կառավարությունը մասնակի վերացրեց աֆրիկյան այդ երկիր սպառազինություն արտահանելու վրա դրված արգելքը:
Ակնկալվում է, որ Կահիրեն ստացած ուղղաթիռները կօգտագործի Սինայի թերակղզում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Apache ուղղաթիռների մատակարարման մանրամասները չեն հաղորդվում: Այն, որ ԱՄՆ-ը վերսկսելու է սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումները Եգիպտոսին, հաղորդվել էր դեռևս 2014 թվականի ապրիլին:
ԱՄՆ-ը Եգիպտոսին ռազմական մատակարարումներ իրականացնելու վերաբերյալ մի շարք պայմանագրերը կասեցրել է 2013 թվականի հուլիսին՝ Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո: Արգելքի տակ էին ընկել F-16 Fighting Falcon կործանիչների, Apache հարվածային ուղղաթիռների ու M1A1 Abrams հիմնական մարտական տանկերի մատակարարումները: