«Հայաստանում գործում է «Ես իշխանությունն եմ, օրենքը ես եմ և ես եմ որոշելու, թե ինչպես է կիրառվելու օրենքը» սկզբունքը»

Օրերս պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել Վրաստանում
ՀՀ դեսպան, սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար
Յուրիկ Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը: Մեղավոր ճանաչվելով մաքսանենգության և թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության մեջ, նա դատապարտվել էր
4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Յու. Վարդանյանի որդին անազատության մեջ գտնվում էր 2013թ. հոկտեմբերի 13-ից: Նախորդ տարվա սեպտեմբերին էլ ազատ արձակվեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և Զարզանդ Նիկողոսյանը, ովքեր մեղադրյալներ էին 2013թ. հունիսի 1-ին Ս. Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով: Պաշտպանության նախարարության Քննչական ծառայության որոշմամբ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, «քանի որ հիմնավորվել էր, որ նրանց գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին»: Այժմ այս որոշումները Բուդաղյանների փաստաբանը վիճարկում է դատարանում:

Այս տարի հունիսի 6-ին էլ կրակոցներ էին հնչել Քանաքեռ-Զեյթունում. այս գործով մեղադրվում էր նաև Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին, ով պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակվել: Նրա և այդ գործով ևս երկու ամբաստանյալների գործը դատարանում քննվել էր արագացված կարգով. ըստ datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված դատավճռի՝ գործով մեղադրյալները համաձայնել էին մեղադրանքի հետ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Ա. Քոթանջյանի որդու նկատմամբ նշանակվել էր ազատազրկում 11 ամիս 27 օր ժամկետով և տուգանք` 50.000 դրամի չափով: Դատարանը վճռել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան:

Մեզ հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, խոսելով Յու. Վարդանյանի որդու պայմանական վաղաժամկետ ազատման մասին, ասաց, որ` եթե դա գնահատեք Հայաստանի իրականությունից կտրված, ապա դրանում որևէ արտառոց բան չկա, և շատ տգեղ կլիներ ասել, թե նա պետք է անազատության մեջ մնար. «Բայց մենք, բնականաբար, դիտարկում ենք, թե ինչպիսին է Հայաստանի իրականությունն այդ բնագավառում: Այստեղ բնականորեն Յուրի Վարդանյանի և պաշտոնյաների դեմ սկսում է տրամադրվածություն առաջանալ, որն ունի իր հիմքերը: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հարյուրավոր, եթե չասենք` հազարավոր բանտարկյալներ կան, որոնց վրա չի տարածվում վաղաժամկետ պայմանական ազատումը, ովքեր դատապարտված են ավելի մեղմ հանցագործությունների համար: Այստեղից, բնականաբար, գալիս է ընտրովի մոտեցումը»: Նրա խոսքով՝ պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով զբաղվող հանձնաժողովները սուբյեկտիվ են, և չեն կիրառվում չափանիշներ. «Տվյալ դեպքում, բնականաբար, չափանիշը եղել է այն, որ նա պաշտոնյայի տղա է: Դրանով է ազատվել»: Անդրադառնալով անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտին՝ Ավետիք Իշխանյանն ասաց, որ այն Հայաստանում առհասարակ չի գործում. «Եթե ցանկացած մարդ պաշտպանվելիս վնաս հասցնի, եթե նա պաշտոնյա կամ պաշտոնյայի մերձավոր չէ, ապա, բնականաբար, բոլորովին կմոռանան նրա կողմից անհրաժեշտ պաշտպանության դիմելու մասին, և նա կարող է ստանալ ամենախիստ պատիժը, եթե, իհարկե, չկարողացավ լեզու գտնել (դուք հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ) դատավորների, դատախազի հետ: Իսկ մյուս դեպքերըգ Պարզապես արտառոց է, երբ մարդը կարող է կրակել, սպանել՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, և որևէ պատիժ չստանալ»: Ավ. Իշխանյանը մեջբերեց Մուսոլինիի խոսքերը, որոնց համաձայն՝ մեր ընկերներին և մեր համախոհներին թույլ է տրվում անել ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են: Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է հենց այս սկզբունքը:

Կարդացեք նաև

Ավետիք Իշխանյանն ասաց նաև, որ նույն իրավիճակն է նաև անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու ինստիտուտի դեպքում. «Խնդրեմ, նայեք դերասան Վարդան Պետրոսյանի գործը: Բոլորին, նաև իշխանություններին հայտնի է, որ նա վտանգավոր հանցագործ չէ: Դժբախտ պատահար է տեղի ունեցել: Ես հիմա չեմ ուզում խառնվել գործին, գուցե իր մեղքի բաժինն էլ կա: Ամեն դեպքում ողբերգություն է եղել, երկու երեխա է զոհվել, բայց բոլորին էլ հայտնի է՝ սկսած հանրապետության նախագահից, որ Վարդան Պետրոսյանը վտանգավոր հանցագործ չէ, և նրան կարելի էր գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակել, խափանման միջոց չընտրել կալանքը: Բայց ահա խնդրեմ՝ ինչ իրավիճակ է տիրում»:

Նրա խոսքով՝ Հայաստանում գործում է «ես իշխանություն եմ, օրենքը ես եմ, և ես եմ որոշելու, թե ինչպես է կիրառվելու օրենքը» սկզբունքը. «Սա է Հայաստանը, որովհետև իշխանության իրական տարանջատում չկա: Սահմանադրությունում գրվածը դեկլարացիա է: Հայաստանում դատարանի անկախություն, քննչական մարմինների ինքնուրույնություն չկա: Բոլորը կախված են հանրապետության նախագահից, և նա դիրիժորի պես կարգավորում է, թե որտեղ ով պետք է պատժվի, ով քանի տարի պետք է նստի, ում խափանման միջոցը չպիտի փոխվի: Հիշենք, թե ինչպես նա ասաց, թե Շանթը հանցագործ է: (Խոսքը «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի մասին է: Մինչև նրա և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի կողմից դատավճռի կայացումը, Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում հայտարարեց, թե Շանթ Հարությունյանը խուլիգանություն է կատարել.- Օ. Հ.) Այդ անգամ դա սպրդեց: Բայց ընդհանրապես կուլիսային վիճակներում նա որոշում է այդ ամենը, թե ով պետք է վաղաժամկետ ազատվի, ում նկատմամբ պետք է գրավը կիրառվի, ում նկատմամբ խիստ պատիժ կիրառվի, և ով ընդհանրապես չպատժվի, որովհետև իրավապահներն ինչքան էլ լուրջ դեմքով խոսեն, թե իրենք անկախ են, գործում են օրենքի շրջանակներում, ինչպես Վլադիմիր Գասպարյանը կամ դատավորները, այդ ամենն իրականում միֆ է»:

Փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ ասաց, որ «բացարձակ անկանխատեսելի օրենսդրություն է». «Չգիտեմ՝ միտումնավո՞ր, թե՞ պարզապես պրոֆեսիոնալիզմի բացակայության պատճառով օրենսդրությունն այնպես է կազմված, որ բացարձակ անկանխատեսելի է դարձել այդ օրենսդրության կիրառումը, այսինքն՝ ոչ ոք չի կարող կանխատեսել՝ այս կամ այն անձը պայմանականորեն կարձակվի՞ պատժի կրումից, թե՞ ոչ: Եվ այդ պղտոր ջրում ձկներ որսողներ կան, ինչպես ես նկատել եմ: Տվյալ դեպքում` եթե Յուրի Վարդանյանի որդին ազատ է արձակվել, ես դժգոհ չեմ, իհարկե, որպես փաստաբան՝ չեմ համարում, որ դա վատ է: Ես համարում եմ, որ երբ նմանատիպ իրավիճակներում ուրիշներն ազատ չեն արձակվում, դա է վատ»: Փաստաբանը նշեց նաև. որ չի կարող դժգոհ լինել նաև նրանից, որ մարդն անձնական երաշխավորությամբ ազատ է արձակվել, քանի որ խոսքը խափանման միջոցի մասին է և ոչ թե` մեղավորության հարցի լուծման. «Նորմալ է, բայց աննորմալ է, երբ դա կիրառվում է միայն պաշտոնյաների զավակների նկատմամբ»: Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների դեպքին՝ փաստաբանն ասաց, որ այն խայտառակ խախտումներով լի գործ է. «Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»: Նշենք, որ Հայկ Ալումյանն այդ գործով միակ ամբաստանյալի՝ Արտակ Բուդաղյանի պաշտպանն է:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ, պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանում գործո՞ւմ է վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը, ասաց, որ երբ խոսքը վերաբերեց Յուրի Վարդանյանի որդուն, պարզ դարձավ, որ այս ինստիտուտն աշխատում է, և բոլորս պարզապես սխալվում էինք ու չէինք տեսնում այդ ինստիտուտի աշխատանքի պտուղները. «Հիմա տեսանք, պարզվում էր, որ մենք բոլորս սխալ էինք»: Փաստաբանն ասաց, որ մեծ հույսեր ունի, որ պրոբացիոն ծառայության ներդրումը կարող է որոշակի շտկումներ մտցնել այս առումով. «Մեզ մոտ, ցավոք սրտի, ոստիկանական մտածելակերպ կա իշխանության մեջ, թե որքան խիստ լինես, որքան մարդկային չլինես, այնքան` ավելի լավ: Իրավաբանականի առաջին կուրսի ցանկացած ուսանող անգամ գիտի, որ դա դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է, և պատժի խստությունն ինքնին, երբեք ոչ մի հասարակությունում, ոչ մի պետությունում լավ բանի չի հանգեցրել»: Երվանդ Վարոսյանի խոսքով՝ ընդհանուր արդարադատության ճգնաժամ կա. «Օրենքը, իհարկե, պետք է միատեսակ կիրառվի բոլորի համար, և օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն: Սա ընդհանուր, գլոբալ պրոբլեմ է մեր պետությունում: Հասկանո՞ւմ եք: Քանի դեռ արդարադատության համակարգը որպես առանձին օրգան չի աշխատում, մենք անընդհատ փորձելու ենք կոսմետիկ ձևերով լրացնել այս բացը, բայց դա գլոբալ խնդիր է, շատ կարևոր, որից կախված է պետությունում գրեթե ամեն ինչ»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Բռնությունների կանխարգելման գրասենյակի վարչության պետ Երանուհի Թումանյանցն ասաց, որ ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ բողոքներ և դիմումներ է ստանում պայմանական վաղաժամկետ ազատման խնդրի հետ կապված. ընդ որում, նրա խոսքով, բողոքները վերաբերում են ինչպես` վարչակազմի, այնպես էլ` անկախ հանձնաժողովների կողմից կայացված որոշումներին: Նրա խոսքով՝ առաջին գլոբալ խնդիրն առկա չափորոշիչների ոչ ամբողջականությունն ու միջազգային չափորոշիչներին անհամապատասխանությունն է: «Հիմնականում խնդիրը կայանում է նրանում, որ մենք չունենք այնքան լավ որոշված չափորոշիչներ, որոնցով միանշանակ կարելի է ներկայացնել և ասել՝ արդյոք տվյալ անձը կարո՞ղ է դրական բնութագրվել, թե՞ ոչ: Այդ չափորոշիչների բացակայության պարագայում, որպես այդպիսին, լիազորությունները չարաշահելու հնարավորությունը մեծ է: Բնականաբար, դատապարտյալներն էլ իրենց հերթին` համարում են, որ այս կամ այն երևույթը հաշվի չի առնվել կամ ինչ-որ երևույթ հաշվի է առնվել, իսկ մյուսն անտեսվել է, ինչը` որպես այդպիսին, պայմանական վաղաժամկետ ազատման մերժման հիմք է հանդիսացել»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Երանուհի Թումանյանցի խոսքով՝ մյուս խնդիրն այն է, որ անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման դատական կարգով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ խախտվել են ընթացակարգային հարցեր: «Եթե որևէ մեկը սխալ է քվեարկել, այդ պարագայում կայացված որոշման բողոքարկում հնարավոր է, բայց բովանդակային տեսակետից տվյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ, ինչը խնդրահարույց է, քանի որ, եթե տվյալ անձին մերժում են, և դա կատարվում է արդեն երկրորդ ինստանցիայում՝ անկախ հանձնաժողովի կողմից, ապա այս պարագայում միանգամից վերջնական որոշում է կայացվում, որը ենթակա չէ բողոքարկման: Հետևաբար` դա ևս խնդրահարույց է, և դրանով փակվում են հետագայում պայմանական վաղաժամկետ ազատման խնդիր բարձրաձայնելու ուղիները»: Երանուհի Թումանյանցն ասաց նաև, որ կան նաև այլ խնդիրներ, որոնք կներկայացվեն հետագայում: Նրա խոսքով՝ իրենք արդեն իսկ սկսել են ստացված բողոքների ուսումնասիրությունները, և հնարավոր է` դրանք հետագայում հրապարակվեն պաշտպանի տարեկան զեկույցում կամ առանձին՝ նկատի ունենալով, որ բողոքների ալիքն ավելանում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս