ԱՆ խորհրդական. Դեղերի գների իջեցում է տեղի ունենում

Դեկտեմբերի 11-ից հետո դեղերի շուկայում արձանագրվել է 5-10 տոկոս գնաճ, սակայն այժմ դեղերի գինը նվազում է՝ կապված դրամի արժևորման հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարի՝ դեղորայքային քաղաքականության հարցերով խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:

Նրա խոսքով՝ դրամի արժեզրկման ընթացքում դեղորայքի շուկայում առանձին դեպքերում գրանցվել է նույնիսկ 18 տոկոս թանկացում: «Դեկտեմբերի 18-ին՝ կապված դրամի արժևորման հետ, դեղագործակական ընկերությունները սկսեցին իջեցնել գները: Այս պահին էլ դեղերի գների իջեցում է տեղի ունենում»,- ասաց նա:

Ղուկաս Ուլիխանյանն ասաց, որ այդ ընթացքում ոչ բոլոր դեղորայքներն են թանկացել. թանկացել է այն դեղորայքը, որը գնվում է դոլարով կամ եվրոյով. «Եղել են դեպքեր, երբ ռուբլիով գնված դեղորայքի գներն իջել են»: Նրա խոսքով՝ թանկացել էին տարբեր խմբերի դեղորայքներ, որոնք կազմել են դեղերի անվանացանկի 20 տոկոսը:

Առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն էլ ասաց, որ իրենց կենտրոնը, որն ապահովում է դեղերի մուտքը Հայաստան, այս ընթացքում աշխատել է «ռեժիմից դուրս».

Կարդացեք նաև

«Կարող ենք փաստել, որ մենք չենք ստեղծել որևե դժվարություն, որպեսզի դեղերի մուտքը Հայաստան դժվարությամբ լինի կամ հատկացված ժամանակից ուշ ներմուծվի: Ընդհակառակը, դեղերը հատկացված ժամանակից ավելի շուտ են մտնում, որպեսզի շուկայում առանձին դեղերի դիֆիցիտ չստեղծենք և նպաստենք, որպեսզի արտադրողները ճիշտ կողմնորոշվեն դեղերի գների ճիշտ քաղաքականության ընդունման հարցում»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանով էր դեղորայքի գների թանկացումը համարժեք դոլարի և դրամի արժեքների փոփոխությանը: Ի պատասխան Ղուկաս Ուլիխանյանն ասաց, որ որքան արժևորվի դրամը, այնքան դեղերի բարձրացած գներն իջնելու են.

«Մենք ամենօրյա մշտադիտարկում ենք իրականացնում և անհարկի բարձրացման դեպքում Առողջապահության նախարարությունը կկիրառի իր գործիքները»:

Մեր հարցին՝ արդյոք այս ընթացքում եղե՞լ են դեղորայքի գների անհարկի բարձրացումներ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականն ասաց, որ իրենց տվյալներով՝ ներմուծող ընկերությունների կողմից անհարկի թանկացումներ չեն եղել:

Լրագրողների դիտարկմանը, որ անկախ դրամի արժեզրկումից՝ Հայաստանում միշտ էլ դեղերի թանկացում է լինում և հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված այդ  կամայակությունները, Ղուկաս Ուլիխանյանը պատասպանեց. «Ես չէի ասի, որ այս պահին կամայականություններ կան դեղերի շուկայում: Ե՛վ Հանրապետության վարչապետի, և՛ առողջապահության նախարարի հանձնարականով մենք ամեն րոպե ենք նույնիսկ դիտարկումներ իրականացնում: Որևէ կամայականություն չկա. մեր կարծիքով և մեր խորին համոզմամբ՝ հենց այս պահին էլ, ես խոսել եմ մեծածախ ընկերությունների տնօրենների հետ, դեղերի գների իջեցում է կատարվում:

Նույնիսկ կան ֆիրմաներ, որոնք ինչքանով թանկացրել էին դեղորայքի գները, այնքանով կոմպենսացիա են տրամադրում դեղատներին, այսինքն՝ որոշակի քանակով ավել դեղորայք են տրամադրում: Իսկ ինչ վերաբերվում է դեղորայքի գներն անընդհատ թանկացնելուն… Հայաստանը 90 տոկոսից ավել դեղորայքը ներմուծում է արտերկրից և կախված արտերկրի  արտադրողների գներից՝ ստիպված մեր ներմուծողներն էլ պետք է համապատասխան ռեակցիան դրսևորեն: Այս պահին որևէ դեղորայքի գին մեր դիտարկումներով արտադրողները չէին թանկացրել: Կապված էր զուտ դրամի արժեզրկման հետ: Այս թանկացումները կապ չունեին դրոշմապիտակավորման հետ»:

Լրագրողների հարցին՝ արդյոք իրավունք ունե՞ն թանկացնելու այն դեղորայքի գները, որոնք արդեն գնված էենեղել այլ փոխարժեքով, Ղուկաս Ուլիխանյանը պատասխանեց. «Մեծ մասամբ դեղորայք գնած մեծածախ ընկերությունները հետո են վճարում: Այսինքն՝ իրենց բերած դեղորայքի մի մասի համար նրանք դեռ չեն վճարել»:

Նրա խոսքով՝ շուկան ինքն էլ ստիպում է, որ դեղերի գներն իջնեն: Նա կոչ արեց հասարակությանը համեմատել տարբեր դեղատներում առկա դեղերի գները և դեղ գնել այն դեղատներից, որտեղ էժան է:

Լուսանկարը՝ aravot.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս