Մրցանակները հանձնել են Վեհափառն ու նախարարը

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը մասնակցել են “Ավետարանական առակները հայ դպրոցում” հանրապետական մրցույթի ամփոփմանը: Վեհափառն ու նախարարը մրցույթի հաղթողներին հանձնել են մրցանակներ, ունկնդրել երեխաների կատարմամբ առակների բեմականացումը:
Կարևորելով ՀՀ ԿԳՆ-ի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի» համատեղ նախաձեռնությունը` Վեհափառ Հայրապետը նշել է, որ յուրաքանչյուր տարի Մայր Աթոռը ջանում է դպրոցահասակ երեխաներին մասնակից դարձնել այնպիսի իրադարձության, որպեսզի նրանք հարաբերվեն պատմական ազգային կյանքին առնչվող երևույթների հետ:

«Ընտրում ենք նաև հոգևոր կյանքին առնչվող թեմաներ` մատաղ սերնդին Աստվածաշնչյան իմաստությանը հաղորդ դարձնելու նպատակով: Այս տարի ընտրված են առակները, որոնք նաև իմաստություն և արժեքներ են սերմանում: Մենք ուրախ ենք, որ դպրոցներում ավանդույթ են դարձել այս կարգի միջոցառումները և նկատելի է, որ տարեցտարի ավելի շատ թվով դպրոցներ մասնակցություն են բերում կրթության նախարարության հետ համատեղ կազմակերպած մրցույթներին: Նպատակը մեր զավակներին խրախուսելն է, որպեսզի նրանք մեծանան` որպես արժանավոր զավակներ և իրենց օգտակարությունը բերեն մեր հայրենիքին և մեր ժողովրդին»,- իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր խոսքում ընդգծել է. «Պատահական չէ, որ ՀՀ ԿԳ նախարարությունը ավանադաբար արդյունավետ համագործակցում է Մայր եկեղեցու հետ: Կրթության գործի կազմակերպման առումով փաստացի նախարարությունը Մայր Աթոռի կրթական առաքելության իրավահաջորդն է, քանի որ դարեր շարունակ կրթության և գիտելիքի լույսը սփռվել է եկեղեցու համակարգում գործող դպրոցների շնորհիվ: Չմոռանանք, որ հայոց գրերի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշոտցը նույնպես հոգևորական է եղել, ում հայ եկեղեցին սուրբ է ճանաչել: Այնքան խորն է կրթության և հոգևոր կյանքի կապը, որ անիմաստ է այսօր մեզ մեղադրել, որ չենք կարողանում հրաժարվել եկեցեղու հետ հոգևոր մեծ կապից»:

Ա. Աշոտյանը նաև հավելել է, որ քրիստոնեական առակները իմաստության անսպառ պաշար են, որոնք շատ կարևոր են երեխաների դաստիարակության համար՝ բարեպաշտ և արժանավոր սերունդ կրթելու տեսանկյունից:
«Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթը, համաձայն ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի, անցկացվել է ՀՀ հանրակրթական դպորցներում: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացել են մրցույթի տարածաշրջանային ընտրական և մարզային փուլերը, որոնց մասնակցել են ավելի քան 800 դպրոցներ: Դեկտեմբերի 8-10-ը Մայր Աթոռում կայացած հանրապետական փուլին մասնակցել են հանրապետության 15 լավագույն դպրոցները: Մրցանակներն հանձնվել են “Լավագույն կատարում”, “Լավագույն բեմադրություն”, “Լավագույն սցենար”, “Հայրապետական մրցանակ” անվանակարգերում:

Տեսանյութեր

Լրահոս