«Ե՛վ մեր պետությունը, և՛ մենք՝ բոլորս, պետք է սպասենք նոր արհավիրքների». Հարություն Մեսրոբյան
«Շատերին թվում է, թե 2008թ.-ի ճգնաժամը հաղթահարվել է, և հիմա գալիս է մի նոր ճգնաժամ: Ինչ-որ տարբեր պատճառներ են բերում այդ ճգնաժամի, բայց իրականում այդ ճգնաժամը 2008թ. չի ավարտվել, և ավելին՝ այն հենց այդ ժամանակ չէր սկսվել, այլ շատ վաղուց արդեն, ուղղակի մեր գրպանին սկսեց խփել հենց 2008-ին: Այդպես է, մինչև մեր գրպանին չի խփում ինչ-որ մի բան, մենք բավականին անտարբեր ենք, ուշադրություն չենք դարձնում զգուշացումներին, կանխատեսումներին և արթնանում ենք շատ ուշ, երբ ամբողջ ճգնաժամային շղթայի վերջին կետն է արդեն խփում»,- այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նրա դիտարկմամբ՝ սա բնորոշ է սպառողական հասարակարգերին, իսկ մենք, ըստ նրա, նույնպես նման հասարակարգ ենք, և մեր մտագործունեությունը սկսվում է ստամոքսից և վերջանում է ստամոքսով. «Հիմնական պատճառներից մեկն այն է, որ արդեն երկար ժամանակ դոլարը լուրջ խնդիրներ ունի, և դա առաջացավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի պետական պարտքն անցավ 10 տրիլիոն դոլարի սահմանը, հիմա էլ արդեն մոտենում է 17-ին: Դոլարի տերերին հիմա պետք չէ կայուն մոլորակ, և սա պատճառներից մեկն է, իսկ եթե գանք Հայաստան, ապա այս ֆոնի վրա տարեց տարի մեր պետությունն անմրցունակ է դառնում այդ մարտահրավերներին բոլոր կոմպոնենտներով: Մենք բոլորս ենք անմրցունակ՝ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, և՛ տարատեսակ քաղաքացիական շարժումները, և՛ ընդհանրապես տանը նստող, դիվան քշող, ամեն ինչ քննադատող մարդիկ, բոլորը ոչ ադեկվատ են: Իսկ քանի որ մարտահրավերները սաստկանում են, և մոտենում ենք կրիտիկական կետի՝ ինքներս շարունակելով մնալ անադեկվատ, ապա չզարմանաք, եթե մեզ սպասեն մեծ ցնցումներ, և փոխարժեքի այս ցնցումը հենց դրա վառ ապացույցն է»:
Պարոն Մեսրոբյանն ասում է, որ ելք այն պայմաններում, որում մենք փնտրում ենք, ապա անկասկած չենք գտնի, ավելին՝ ըստ նրա՝ ոչ այնքան կարևոր է դոլարի ցածր կամ բարձր փոխարժեքը, այլ ընդհանրապես ցանկացած արժույթի փոխարժեքի տատանումը, քանի որ այդ ժամանակ են մեծ փողեր դիզվում. «Եթե կան տուժածներ, իսկ տվյալ դեպքում տուժում է ժողովուրդը, ապա կան նաև շահողներ: Ե՛վ մեր պետությունը, և՛ մենք՝ բոլորս, պետք է սպասենք նոր արհավիրքների: Ճգնաժամի ժամանակ ընդհանրապես միշտ զոհաբերվում են այն պետությունները, այն հասարակարգերը, որոնք ադեկվատ չեն, որոնք ապրում են իրենց հեքիաթներում, իսկ մենք կարծես այլ մոլորակում լինենք, աշխարհից կտրված»:
Ի՞նչ պետք է անել՝ նման իրավիճակից դուրս գալու համար, որո՞նք են հարցի լուծման ճիշտ և արդյունավետ եղանակները. լրագրողների այս հարցին փորձագետը պատասխանեց, որ դրա համար մի ձև կա, որը կարող է փոքր ինչ անհավատալի թվալ, բայց փորձը ցույց է տվել, որ տարբեր պետություններ այդ եղանակով ճգնաժամից դուրս են եկել հաղթահարած. «Ազգի իրական վերնախավի ներկայացուցիչները երկու նախաքայլ պետք է անեն, որից հետո քայլ: Նախ՝ պետք է կողքի շպրտեն անհատական, անձնական հավակնությունները: Հետո՝ սկսեն ինքնաբյուրեղանալ, ինքնակազմակերպվել, և վերջապես խիստ անձնական պատասխանատվության պայմաններում կազմակերպել Հայաստանը և հայությունը, առողջացման միջոցով դարձնել հզոր գործոն, որի համար մենք բոլոր նախադրյալներն ունենք: Եթե ազգի իրական էլիտան այսօրվա իր առաքելությունը չիրականացնի, ես վստահեցնում եմ, որ մեզ շատ ծանր փուլ է սպասվում. կմնա՞նք որպես պետություն, ի՞նչ կարգավիճակով կմնանք, իսկ եթե չենք մնա, ապա եկեք ոչ մեկին չմեղադրենք»:
Հ. Մեսրոբյանի խոսքով՝ դաշտում ոչ մի ուժ գոյություն չունի, որը հիմա պատրաստ է այս խնդիրը լուծել. «Բոլոր նրանք, ովքեր կառաջարկեն այլ ճանապարհներ ամենաճռճռան ձևակերպումներով, ապա այդ ուժերը լավագույն դեպքում Հայաստանում Մեյդան կսարքեն, ոչ թե Մայդան, իսկ թե ինչով կվերջանա այդ ամենը, կարծում եմ՝ բոլորիս էլ լավ հայտնի է: Սա՞ ենք մենք ուզում: Այս փոխարժեքի տատանումը ոնց որ ծանր հիվանդ մարդու մաշկի գույնի փոփոխությունն է. մենք բոլորս սևեռվում ենք այդ մաշկի գույնի վրա՝ չիմանալով, որ մարդու օրգանիզմում խորքային հիվանդագին պրոցեսներ են ընթանում, և մաշկի գույնից չի մարդը մահանում, այլ այդ պրոցեսներից: Այսինքն՝ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը մահացու հիվանդ է. մենք կեղծավոր ենք, մենք ազնիվ չենք, մենք սիրում ենք մեր գործը թեթևացնել՝ մեղքը գցելով ուրիշների վրա, մենք սիրում ենք մեր սխալները չտեսնել՝ դրանք բարդելով գերտերությունների և արտաքին ուժերի վրա: Սրանք հիվանդության արտահայտումներ են: Հիմա էլ ուզում ենք շարունակել մնալ հիվանդ և լավ ապրել. նման հեքիաթ չի լինում»: