Բաժիններ՝

Լոռու մարզում ինսուլտի դեպքերի թվի աճ է արձանագրվում

Asparez.am-ը գրում է. Ինչպես սիրտ-անոթային հիվանդությունները, այնպես էլ ինսուլտները տարվա այս եղանակին սրվում են, մեծանում է նաեւ հիվանդացության հաճախականությունը: Վանաձորի բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքում ինսուլտ ախտանիշով ստացիոնար բուժօգնություն է ստանում մեկ տասնյակից ավել հիվանդ: Եթե 2012թ-ին մարզում արձանագրվել է ինսուլտի 235 դեպք, մահվան 48 դեպքով, 2013թ-ին՝ 276, 56 մահ, ապա 2014թ-ի միայն տասը ամիսների ընթացքում գրանցվել է 252 ինսուլտի դեպք՝ 58 մահով: Այս թվերը փաստում են այն մասին, որ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Լոռու մարզում, ինսուլտի դեպքերի հաճախացման միտում է նկատվում: Մասնագետներն արձանագրում են նաեւ, որ հիվանդությունը երիտասարդացել է:

«Եթե նախկինում ինսուլտի դեպքեր ունենում էինք վաթսունից հետո, հիմա նույնիսկ 25-30 տարեկան մարդկանց մոտ է հանդիպում: Իհարկե, դրանք, փառք աստծո, եզակի դեպքեր են, բայց, համենայն դեպս, լինում են, ինչը չկար, ասենք, 25-30 տարի առաջ. այդպիսի երեւույթներ, այդպիսի հիվանդություններ նախկինում չեն ունեցել երիտասարդները»,- նշում է Լոռու մարզի գլխավոր նյարդաբան Վրույր Ստեփանյանը:

Վանաձորի բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքը սպասարկում է ոչ միայն մարզկենտրոնի, այլեւ մարզի մնացած համայնքների բնակիչներին՝ տեղերում նյարդաբան չլինելու պատճառով: Արդեն մի քանի տարի է՝ Ստեփանավանը չունի նյարդաբան: Մասնագետի պակաս կա նաեւ Վանաձորի որոշ համաբուժարաններում եւ հենց սրտաբանական բաժանմունքում:

«Մեր բաժանմունքը եւս ունի նյարդաբանի կարիք, որովհետեւ խիստ ծանրաբեռնված է աշխատում, եւ երկու բժիշկը, ինձ թվում է, որ քիչ է՝ հիվանդների նման հոսքի բուժսպասարկումը նորմալ կազմակերպելու համար: Հիմնականում մարզի բոլոր շրջաններից էլ մեզ դիմում են՝ թե՛ բժիշկներն են ուղեգրում, եւ թե հարազատներն են հիվանդներին բերում մեզ մոտ»,- ավելացնում է մարզի գլխավոր նյարդաբանը:

«Լոռու մարզում առողջապահական համակարգի առաջնային խնդիրը կադրային ապահովվածության ցածր մակարդակն է: Զգալի է հատկապես, այսպես կոչված, նեղ մասնագետների պակասը, ինչպես, օրինակ, նեյրոխիրուրգիա, էնդոկրին-խիրուրգիա եւ այլն: Խոցելի է նաեւ կարդիոլոգիան,- ասում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ սրտաբան, Լոռու մարզի գլխավոր սրտաբան Վլադիմիր Վերանյանը:

Սրտի իշեմիկ հիվանդություններ, զարկերակային հիպերտոնիաներ եւ այլն՝ սրանք լոռեցիների մոտ ամենահաճախ հանդիպող հիվանդություններն են: Մասնագետները դժգոհում են՝ ուշացած դեպքերն են շատ: Բայց միայն սա չէ խոչընդոտում բժիշկների աշխատանքին: Մարզի գլխավոր սրտաբանի կարծիքով՝ որոշ ծառայությունների առումով անհրաժեշտ է ծանրության կենտրոնը մայրաքաղաքից տեղափոխել մարզեր:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս